ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի (այսուհետ՝ Խումբ) անդամները ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ պարզել են, որ 2020թ. օգոստոսի 23-ին ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հատուկ ստորաբաժանման կողմից չնախատեսված այց է կատարվել «Նուբարաշեն» ՔԿՀ, եւ խուզարկություն է կատարվել 4-րդ պատժախցում, որտեղ գտնվել են կալանավորված անձինք՝ Հ.Շ.-ն եւ Ա.Շ.-ն:
Խուզարկություն կատարելու ընթացքում, ըստ միջադեպի վերաբերյալ կազմված զեկուցագրի, նշված կալանավորված անձինք չեն ենթարկվել աշխատակիցների օրինական պահանջներին: Այդ պատճառով նրանց նկատմամբ կիրառվել են հատուկ միջոցներ եւ ֆիզիկական ուժ:
Դիտորդները այցի ընթացքում նշված կալանավորված անձանց մարմնի տարբեր մասերում արձանագրել են ակնհայտ տեսանելի եւ թարմ բազմաթիվ վնասվածքներ:
«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղակայված բժշկական ստորաբաժանման կողմից կողմից տրամադրված տեղեկանքի համաձայն՝ զննության արդյունքում Հ.Շ.-ի մարմնի վրա արձանագրվել են գլխի մազածածկ մասի, ճակատային հատվածի արյունազեղումներ, քթի, պարանոցի, կրծքավանդակի, թիկունքի շրջաններում արյունազեղումներ, ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:
Ըստ նույն տեղեկանքի՝ Ա.Շ.-ի մարմնի վրա արձանագրվել են գլխի մազածածկ մասի արյունազեղում, ձախ ակնագնդի շրջանի սալջարդ, այտուցվածություն, քթի, պարանոցի, կրծքավանդակի, թիկունքի շրջաններում արյունազեղումներ: Ձախ հոնքի շրջանում ուղղահայաց ուղղությամբ կտրված վերք 0,5 սմ երկարության:
Կալանավորված անձանց ՊՈԱԿ-ի «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բժշկական ստորաբաժանման կողմից ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, կատարվել է վերքերի մշակում:
Այդուհանդերձ, մտահոգիչ համարելով կալանավորված անձանց՝ Հ.Շ.-ի եւ Ա.Շ.-ի նկատմամբ կիրառված հատուկ միջոցների եւ ֆիզիկական ուժի իրավաչափությունը եւ համաչափությունը՝ Խումբը 2020թ. օգոստոսի 25-ին թիվ 20-51 հրատապ հաշվետվությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը՝ առաջարկելով քննության առարկա դարձնել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հատուկ ստորաբաժանման աշխատակիցների գործողությունների օրինականությունը եւ տրամադրել միջադեպի վերաբերյալ պաշտոնական պարզաբանումներ:
2020թ. սեպտեմբերի 1-ին ՀՀ արդարադատության նախարարությունը պատասխան գրությամբ տեղեկացրել է, որ 2020թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության 3 աշխատակիցներ արգելված իրերի առկայության եւ դրանց օգտագործման վերաբերյալ ստացված օպերատիվ տվյալների իսկությունը ստուգելու նպատակով «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 4-րդ պատժախցում կազմակերպել եւ իրականացրել են չնախատեսված խուզարկություն, ինչի արդյունքում հայտնաբերել եւ առգրավել են մեկ զույգ անլար ականջակալ:
Երկրորդ խուզարկությունը կատարվել է նույն օրը՝ ժամը 10:30-ի սահմաններում, 11 քրեակատարողական ծառայողների կողմից: Մասնավորապես կատարվել է նշված անձանց անձնական խուզարկություն, ինչի արդյունքում արգելված իրեր չեն հայտնաբերվել:
Այնուհետեւ քրեակատարողական 5 ծառայողներ Ա.Շ-ի եւ Հ.Շ-ի նկատմամբ ֆիզիկական ուժ եւ հատուկ միջոց կիրառելուց հետո կարողացել են նրանց հանդարտեցնել եւ իրականացնել խցի խուզարկություն, որի ընթացքում դարձյալ արգելված այլ իրեր եւ առարկաներ չեն հայտնաբերվել:
Արդարադատության նախարարության պատասխանի համաձայն՝ նշված խուզարկությունների տեւողությունը չի արձանագրվել:
Ընդ որում, օգոստոսի 23-ին 4-րդ պատժախցից եւ այդ խցում պահվող անձանցից բացի այլ խցերում չնախատեսված խուզարկություններ չեն իրականացվել, այլ անձինք անձնական խուզարկության չեն ենթարկվել, քանի որ այլ խցերում արգելված իրեր պահելու եւ օգտագործելու վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ չեն եղել:
2020թ. օգոստոսի 23-ին՝ ժամը 11.00-ի սահմաններում, Ա.Շ.-ն եւ Հ.Շ.-ն զննության են ենթարկվել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղակայված բժշկական ստորաբաժանման ղեկավարի կողմից: Նրանց ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, իսկ արտաքին զննության արդյունքներն արձանագրվել են մարմնական վնասվածքների համապատասխան մատյանում:
Ի դեպ, կալանավորված անձինք մինչ դեպքի հրապարակայնացումը սկզբում նշել են, թե իբր ընկել են իրենց խցերում: Սա վկայում է ազատազրկված անձանց կողմից իրենց նկատմամբ ցուցաբերված ապօրինությունների մասին բարձրաձայնելուց հրաժարվելու խիստ մտահոգող փաստի մասին:
Սա կարող է վկայել նաեւ դեռեւս քրեակատարողական հիմնարկներում կամ քրեական ենթամշակույթի շարունակվող ազդեցության, կամ ազատազրկված անձանց բողոքների քննության իրավական մշակույթի, այդ թվում՝ բողոք ներկայացնող ազատազրկված անձի անվտանգության ոչ պատշաճ ապահովման մասին:
Արդարադատության նախարարության պարզաբանմամբ՝ ընդունելության ժամանակ Հ.Շ-ին եւ Ա.Շ-ին ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարի 2020թ. հունվարի 14-ի թիվ 10-Լ հրամանով հաստատված խոշտանգման եւ վատ վերաբերմունքի այլ ձեւերի հետ կապված բժշկական հետազոտությունների իրականացման եւ դեպքերի արձանագրման ձեւով փաստաթուղթը, որից նրանք կտրականապես հրաժարվել են:
Արդարադատության նախարարության կողմից Խմբի հրատապ հաշվետվության մեջ բարձրացված հարցերին ի պատասխան չի ներկայացվել որեւէ պարազաբանում, թե որոնք են ազատազրկված անձանց՝ հակաիրավական որակված գործողությունների նկարագրությունը եւ դրանց կոնկրետ դրսեւորումները:
Նաեւ անդրադարձ չկա այն հարցին, թե ինչու է անհրաժեշտ եղել հակաիրավական գործողություններ կատարած երկու ազատազրկված անձանց նկատմամբ 11 անձից բաղկացած օպերատիվ խմբի կողմից հարկադիր միջոցներ կիրառել։ Չի ներկայացվել նաեւ կիրառված միջոցների մանրամասն նկարագրությունը:
Նախարարությունից տեղեկացրել են սակայն, որ փաստի առթիվ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նախապատրաստվել են նյութեր, որոնք 2020թ. օգոստոսի 25-ի թիվ Ե40/18-10-3349 գրությամբ ուղարկվել են Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազություն:
Խումբը խիստ մտահոգիչ է համարում ինչպես 2020թ. օգոստոսի 23-ին ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած միջադեպը, այնպես էլ դրա վերաբերյալ իրավասու մարմնի՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից ոչ սպառիչ տեղեկատվության տրամադրումը:
Քրեակատարողական համակարգում օպերատիվ տեղեկությունների հիման վրա կատարվող ցանկացած գործողություն պետք է լինի իրավաչափ եւ համաչափ հետապնդվող նպատակի նկատմամբ՝ բացառելով ազատազրկված անձանց մարդու իրավունքների որեւէ խախտում:
Խումբը գտնում է, որ նշված միջադեպը պետք է գտնվի իրավասու մարմինների ուշադրության կենտրոնում, ինչպես նաեւ դեպքի առնչությամբ պետք է իրականացվի արդյունավետ եւ օբյեկտիվ քննություն՝ վատ վերաբերմունքի բոլոր հանգամանքները պարզելու նպատակով՝ ինչպես մեղավոր պաշտոնատար անձանց պատասխանատվության ենթարկելու, այնպես էլ հետագայում նմանատիպ խախտումները կանխելու համար։