Ինչպես օգոստոսի 31-ին հայտնել էր ՀՀ քննչական կոմիտեն, օգոստոսի 30-ին Կասկադում տեղի ունեցած միջադեպի առթիվ ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով և 258-րդ հոդվածի (խուլիգանություն) 1-ին մասով:
Քրեական գործով ոստիկանության 4 ծառայող ճանաչվել է տուժող:
Գործով ձերբակալված «Արարատ» և «Փյունիկ» ֆուտբոլային ակումբների ֆուտբոլիստներ Էդգար և Գոռ Մալաքյան եղբայրների փաստաբանը հայտնում է, սակայն, որ դեպքը տեղի է ունեցել բոլորովին այլ կերպ, իսկ տարածված տեղեկատվությունը խիստ սուբյեկտիվ է, միակողմանի, թերի և ուռճացված, ի հավաստումն ինչի` հրապարակել է Մալաքյան եղբայրների լուսանկարները։ Այս մասին հայտարարել է ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:
Ըստ փաստաբանի՝ քրեական գործի ընթացքը դեռ ցույց կտա, թե ով ում նկատմամբ է բռնություն գործադրել, իսկ այժմ խախտվում է Մալաքյանների անմեղության կանխավարկածը, միաժամանակ մեծ հարված է հասցվում Հայաստանի ազգային հավաքականին և առհասարակ հայկական ֆուտբոլին։
Այսօր լրանում է Մալաքյաններին ձերբակալելու 72 ժամը և եթե նախաքննության մարմինը որոշի դիմել դատարան, որպեսզի վերոնշյալ ֆուտբոլիսների նկատմամբ կալանք կիրառվի, ապա հայտնում ենք, որ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներով պատրաստակամ ենք ներկայացնել երաշխավորություն՝ որպես Մալաքյան եղբայրների նկատմամբ կիրառվելիք խափանման միջոց կալանավորմանը այլընտրանք։