ArmLur.am-ը զրուցել է«Հանուն հանրապետության» քաղաքական նախաձեռնության անդամ, ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի հետ:
– Աշնան գալուստին զուգահեռ որոշակի կոնսոլիդացիոն գործընթացներ են տեղի ունենում ընդդիմադիր դաշտում։ Մասնավորապես՝ կա՛մ արդեն միավորվել են, կա́մ միավորման փորձեր են անում ԲՀԿ, «Հայրենիք» և Դաշնակցություն կուսակցությունները։ Որքանո՞վ եք հնարավոր համարում այս ուժերի հաջողությունը ապագա քաղաքական զարգացումներում։
-Այդ զարգացումներն իրականում կեղծ, արհեստական օրակարգեր պարունակող գործընթացներ են։ Ասեմ այսպես՝ դրանք սոսկ ցուցափեղկային, վիտրաժային միավորումներ են, որոնք միտված են առավելապես տեղեկատվական դաշտում աշխուժություն կամ աղմուկ ստեղծելուն։ Այդ միավորումները զուրկ են քաղաքական ու սոցիալական բազայից, որովհետև, գուցե բացառությամբ ԲՀԿ-ի, ձեր նշած մյուս ուժերը հանրային աջակցության նշույլ անգամ չունեն․ ՀՅԴ-ն խայտառակ ցածր տոկոսներ է ստացել վերջին խորհրդարանական ընտրություններում, իսկ Արթուր Վանեցյանի կամ նրա ստեղծած «Հայրենիքի» վարկանիշի մասին խոսակցությունն անգամ ծիծաղելի է։ Այլ հարց է, որ այս ուժերը, գումարած նրանց ակնհայտ կամ ստվերային աջակցություն ցուցաբերող նախկինները՝ քոչարյանասարգսյանական շրջանակները, տիրապետում են հսկայական ֆինանսական ու ամենակարևորը՝ մեդիառեսուրսների և դրանց միջոցով կարողանում են քաղաքական գործունեության իմիտացիա ստեղծել։ Այսինքն՝ իրականում նրանց արածը ոչ թե քաղաքականություն է, այլ քարոզչություն, նրանք միավորվում կամ ինչ-որ քայլեր են կատարում ոչ թե քաղաքական պայքարի, այլ քարոզչական պատերազմի տրամաբանությամբ, որովհետև չունեն քաղաքական պայքարի համար անհրաժեշտ թիվ մեկ պայմանը՝ սոցիալական հենարանը, փոխարենը ունեն քարոզչության համար անհրաժեշտ գործոնը՝ անսպառ լսարան, որը կարողանում են մեծացնել արդեն ֆինանսական ներարկումներով։ Այսինքն՝ մենք տեսնում ենք փողի ու մեդիայի համակցություն, որի միախառնուրդը՝ ի դեմս հռչակվող այդ միավորումների, փորձ է արվում դիրքավորել որպես քաղաքական պայքարի կողմ, ինչը, ինչպես վերը նշեցի, արհեստական է ու կեղծ։ Չի կարող քաղաքական պայքար վարվել այն միավորների կողմից, որոնցում բացակայում է քաղաքականությունը։ Հետևաբար, վերադառնալով ձեր հարցի վերջին մասին, նշեմ, որ այդ և նմանօրինակ այլ միավորումների հաջողության որևէ հնարավորություն չեմ տեսում։ Նրանք առավելագույնը ունակ են փչելու տեղեկատվական-քարոզչական փուչիկներ, որոնք կարող են պայթել ցանկացած պահի, երբ քարոզչությանը հակադրվի իրական քաղաքականությունը։
Կա նաև մեկ այլ կարևոր հանգամանք: Եթե մենք հավատում ենք, որ մեր երկրում փոփոխությունները տեղի են ունեցել ժողովրդի կամքով և համաժողովրդական շարժման արդյունքում, իսկ մենք վստահ ենք դրանում, ապա բոլոր նման միավորումներն իրենց հիմքում և իրենց բովանդակությամբ ուղղված են ժողովրդի դեմ, ժողովրդի կամքի դեմ, այսինքն՝ իրականում դրանք հակաժողովրդական, ուստիև՝ հակապետական միավորումներ ու գործընթացներ են, քանի որ պետությունը լայն իմաստով ժողովրդի կամքի արտահայտությունն է: Այսինք՝ դեմ դուրս գալով ժողովրդի իրականացրած հեղափոխությանը՝ բոլոր այդ ուժերը դուրս են գալիս ժողովրդի դեմ՝ միևնույն ժամանակ ակնկալելով նույն ժողովրդի աջակցությունը, ինչն ուղղակի նոնսենս է, անհեթեթություն: Բայց մենք մեծագույն նվեր ենք մատուցում այս ուժերին՝ իրենց ձեռնարկումները գնահատելով որպես քաղաքական գործընթաց, քանի որ իրականում նրանք միանգամայն այլ նպատակներ են հետապնդում:
Խնդիրն այն է, որ ինչպես Գագիկ Ծառուկյանի, այնպես էլ Արթուր Վանեցյանի նկատմամբ արդեն իսկ հարուցված են կամ, որքան ես եմ տեղյակ, առաջիկայում հարուցվելու են լրջագույն մեղադրանքներ պարունակող քրեական գործեր, և հիմա քաղաքական գործընթացներ հարուցելով կամ դրա իմիտացիա ստեղծելով՝ նրանք նախապես ապահովագրում են իրենց՝ ապագայում քրեական գործերը որպես քաղաքական հետապնդում ներկայացնելու համար: Իսկ ավելի լայն համատեքստում այս խավարամիտ պսևդոքաղաքական գործընթացների ապագան միայն ու միայն Հայաստանի պետականությունը ոչնչացնելն է, քանի որ իրենց նպատակներին հասնելու համար այս ուժերը պատրաստ են զոհել ամեն ինչ, այդ թվում՝ Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը, ինչի ազդակները մենք արդեն իսկ տեսնում ենք ի դեմս նրանց՝ արտաքին խաղացողների աջակցությունը ներքին գործընթացներում որպես խաղաքարտ ներկայացնելու պատրաստակամության:
-Քաղաքական շրջանակներում, սոցիալական ցանցերում կա տեսակետ, որ ի հակադրություն կամ ի հակակշիռ այս միավորման՝ պետք է միավորվեն նաև հեղափոխությանը աջակցող, պաշտպանող բոլոր ուժերը։ Դուք նման անհրաժեշտություն տեսնո՞ւմ եք։
Ընդհանարապես, ես միանշանակորեն կողմ եմ բոլոր տեսակի միավորումներին, կոնսոլիդացիոն գործընթացներին, հատկապես երբ դրանց հիմքում ընկած են գաղափարական ընդհանրություններն ու արժեքային նպատակները։ Մյուս կողմից, սակայն, ես նաև դեմ եմ արհեստական սիմետրիկ պատասխան քայլերին, քանի որ դրանք կարող են նսեմացնել այն շարժման արժեքը, այն հեղափոխության արժեքը, որը տեղի է ունեցել, և որի շնորհիվ Հայաստանում հնարավոր են դարձել այս փոփոխությունները։ Հետևաբար մենք՝ հեղափոխությանն աջակցող ուժերս, այս պսևդոքաղաքական միավորումներին ուղղակի սիմետրիկ պատասխանելով, կբարձրացնենք նրանց գոյություն չունեցող արժեքն ու նշանակությունը՝ միևնույն հարթության վրա դնելով հեղափոխության պաշտպանությունն ու դրա դեմ ուղղված կիսաքրեական, օպորտունիստական շարժումները։ Հետևաբար` գոնե այս պահին նման միավորման անհրաժեշտություն չեմ տեսնում։ Եվ ճիշտ հակառակը՝ տեսնում եմ հեղափոխությանն աջակից բոլոր ուժերի միավորման անհրաժեշտություն շատ ավելի կարևոր ու երկարաժամկետ հեռանկարում։ Խորապես համոզված եմ, որ հեղափոխությանը հավատարիմ ու դրան աջակցող բոլոր ուժերն ու անհատները պետք է միավորվեն մեկ նպատակի շուրջ՝ իշխանություններին ստիպել, պարտադրել ավելի արագ ու բովանդակային տեմպ հաղորդել նույն հեղափոխությունից բխող արմատական բարեփոխումների ընթացքին։ Դա կլինի շատ ավելի զորեղ ու բովանդակային պատասխան բոլոր հակահեղափոխական ու հակաժողովրդական, հակապետական ուժերին ու միավորներին, քան նրանց քայլերին ուղղակի սիմետրիկ պատասխանելը։
-Միավորման այս գործընթացներին զուգահեռ՝ ավելի հաճախ են հնչում գործող իշխանության հրաժարականի, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման պահանջներ։ Որքանո՞վ են դրանք բխում քաղաքական դաշտում ուժերի իրական դասավորության տրամաբանությունից, որքանո՞վ են այդ պահանջներն իրատեսական։
Դրանք, մեղմ ասած, անհամարժեք, անգամ ծիծաղելի, անհեթեթ պահանջներ են, քանի որ այդ պահանջներն ու առավել ևս՝ դրանք ներկայացնող ուժերը չունեն անգամ զրոյական հանրային աջակցություն ու վարկանիշ, թերևս՝ բացառությամբ «Բարգավաճ Հայաստանի»։ Բայց նույն ԲՀԿ-ն այս միավորումներին մասնակցելով ու իր հարակից գործողություններով իրեն դրել է անհեթեթ, հակաքաղաքական իրավիճակում։ Մի կողմից «Բարգավաճ Հայաստանը» պահանջում է իշխանության, կառավարության հրաժարականը, մյուս կողմից՝ անդամակցելով այդ միավորումներին՝ չի միանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջին։
Տակավին անհայտ է՝ ԲՀԿ-ն պաշտպանո՞ւմ է արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու՝ իր գործընկեր ուժերի ներկայացրած պահանջը, թե՞ ոչ։ Եթե այո, ապա ստացվում է քաղաքական նոնսենս՝ ներկայացված լինել խորհրդարանում ու պահանջել այդ նույն խորհրդարանի լուծարումն ու նոր ընտրությունների անցկացումը։ Այս հարցի պատասխանը ԲՀԿ-ականները չեն տալիս, քանի որ իրականում չունեն այդ պատասխանը, իրենք պարզապես ներքաշվել են քաղաքական մի ավանտյուրայի մեջ, որի իրական պատվիրատուներն ու շահառուները վստահաբար ԲՀԿ-ականները չեն ու գուցե անգամ Հայաստանում չեն։ Եվ հետո, հետաքրքիր է՝ ինչո՞ւ է այս ուժերին, նույն ԲՀԿ-ին ու ՀՅԴ-ին թվում, թե այսօր իրենք ավելի բարձր վարկանիշ ունեն, քան ունեին 2018 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Համենայնդեպս, անցած շուրջ երկու տարիների զարգացումներից ոչ մեկը որևէ ազդանշան չի տվել, որ այս ուժերի վարկանիշը կարող է բարձրացած լինել, եթե ոչ հակառակը։ Ինչ վերաբերում է «Հայրենիքին», ապա ինչպես նշեցի՝ նրա վարկանիշի մասին խոսելն անգամ ծիծաղելի է, քանի որ այն, թերևս, նորանկախ Հայաստանի պատմության ամենաարհեստական ու կեղծ քաղաքական միավորն է։ Եվ ի՞նչ է ստացվում հանրագումարում՝ այսքան տարփողվող այդ միավորման մեջ ներգրավված է ԲՀԿ-ն, որի վարկանիշի մասին գնահատականները խիստ չափազանցված են, ՀՅԴ-ն, որը նախորդ ընտրությունների արդյունքներով մղվել է քաղաքականության լուսանցք ու վստահաբար այնտեղից դուրս չի եկել, և «Հայրենիքը», որի միակ խաղաքարտը նրա հիմնադրի՝ հեղափոխական թիմի անդամ լինելու կենսագրական փաստն է, այն հեղափոխական թիմի, որի դեմ այսօր պայքարում է այդ սուբյեկտը։ Հետևաբար, այս միավորումը հաջողության հասնելու որևէ հնարավորություն չունի, դրա միակ քաղաքական հետևանքը կարող է լինել այն, որ քիչ թե շատ հանրային վստահություն ունեցող ԲՀԿ-ն կարող է կորցնել այդ վստահությունը, այսինքն՝ նույն ԲՀԿ-ն միանշանակորեն կորցրած է դուրս գալու այս ավանտյուրայից։
-2018 թվականի հեղափոխությունից հետո գրեթե մշտապես քաղաքական օրակարգ թելադրողը եղել ու թերևս դեռ շարունակում է լինել իշխանությունը։ Դուք հնարավոր համարո՞ւմ եք, որ ընդդիմադիր այս շարժումները, միավորումները կարող են դառնալ քաղաքական օրակարգ թելադրող։
Ոչ, հնարավոր չեմ համարում, որ այս արհեստական միավորումները կարող են թելադրող դառնալ։ Մյուս կողմից, սակայն, ժամանակի ընթացքում ու նաև պայմանավորված վատ աշխատանքով ՝ իշխանությունը կարող է կորցնել քաղաքական օրակարգ թելադրողի իր դոմինանտ դերը։ Դրա հետևանքով կարող է առաջանալ վակուում, որի նախանշաններն արդեն իսկ երևում են։ Այդ վակուումը կարող է լցվել կա՛մ ռևանշիստական ուժերի օրակարգով, ինչը վտանգավոր է ոչ այնքան իշխանության, որքան պետության համար, կա՛մ առողջ ուժերի ներկայությամբ, որոնք, ինչպես վերը նշեցի, պաշտպանում են հեղափոխությունը ու պատրաստ են միավորվել բարեփոխումների օրակարգը իշխանություններին պարտադրելու նպատակի շուրջ։ Ուզում եմ հավատալ, որ իրականություն կդառնա երկրորդ սցենարը, և քաղաքական դաշտում կգերակայի բարեփոխումների օրակարգը, այսինքն՝ վաղվա, ապագայի տեսլականը կհաղթի երեկվա, անցյալի ուրվականներին։
զրուցեց Քնար Մանուկյանը