ՀԵՏԱԽՈՒԶՈՒՄ՝ ՔՐԵԱԿԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քննչական կոմիտեն «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի` Զապի դեմ հարուցված քրեական գործով հետախուզում է հայտարարել. վերջինիս օրերս  ՀՀ վերաքննիչ դատարանը ազատ էր արձակել:

 

Իսկ հիմա ամեն ինչի մասին ամենասկզբից:

Ինչպես հայտնի է, օրերս ՀՀ քննչական կոմիտեն դատարան էր դիմել «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի՝ Զապի կալանավորման հարցով, ինչը դատարանը բավարարել է: Իրավապահ մարմինները հայտնել էին, որ քաղաքացին իրենից առերեւույթ խարդախությամբ հափշտակված արժեքները հետ վերադարձնելու համար տարբեր անձանց միջոցով դիմել է քրեական հեղինակության քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձին, ով ստանձնել է իր անօրինական ազդեցությունն օգտագործելու եղանակով մասնավոր հարցին առնչվող այդ վեճի լուծումը՝ միաժամանակ անօրինական օգուտ ստանալու նպատակով նախապես պահանջելով վեճի լուծման դիմաց վերադարձման ենթակա գումարից իր մասնաբաժինը:

Պարզվել է, որ «օրենքով գողը»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը, տեղեկանալով, որ գումար պարտք մնացած անձը, քրեական հեղինակության՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամի կողմից տեղափոխվել ու պահվում է, գումարային հարցի վերաբերյալ առաջացած վեճը (խնդիրը) իր անօրինական ազդեցությունն օգտագործելով լուծելու համար հանձնարարել է քրեական հեղինակության կարգավիճակ ունեցող անձին բաց թողնել գումարը պարտք մնացած անձին հետագայում նշված խնդիրը (վեճը) անձամբ լուծելու նպատակով: Հանձնարարությունը քրեական հեղինակության կարգավիճակ ունեցող անձի կողմից կատարվել է:

Եվ, ահա, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դաատրանի 2020թ. օգոստոսի 26-ի որոշմամբ՝ «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Այդ անձն էլ «օրենքով գող» Զապն է՝ Անդրանիկ Սողոյանը, իսկ կոնկրետ գումարի չափն էլ եղել է 4.000.000 ՀՀ դրամ:

Ի՞նչ է ասել «օրենքով գող» Զապը

Անդրանիկ Սողոյանը մինչ օրս ցուցմունք չի տալիս, եւ, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նա իրավապահներին հայտնել է, որ օգտվում է իր դատավարական իրավունքից եւ հրաժարվում է իր դեմ հարուցված քրեական գործով ցուցմունք տալ: Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ Անդրանիկ Սողոյանին՝ Զապին, տեղափոխել են «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ` «ԿԳԲ-ի պադվալ»:

Ո՞վ է քրեական հեղինակությունը

Նկատեցինք, որ նախաքննական մարմինը «օրենքով գող» Անդրանիկ Սողոյանի դեմ հարուցված քրեական գործով պաշտոնական հաղորդագրության մեջ հիշատակել էր քրեական հեղինակության մասին, բայց կոնկրետ անունները չէր տվել: Ինչեւէ, «Ժողովուրդ» օրաթերթին քրեական հեղինակության ով լինելու մասին մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, «օրենքով գող» Անդրանիկ Սողոսյանի հետ 4 միլիոնի պարտքի հարցը լուծելու գործընթացի մեջ ներգրավված է եղել քրեական հեղինակություն Գրիգոր Ահարոնի Գրիգորյանը, որը առավել հայտնի է Գեղադիրցի Գոքոր անունով:

Հուլիսյան փոխհրաձգությունը

Ի դեպ, մինչ իրավապահների այս բացահայտումը Գեղադիրցի Գոքորն ամիսներ առաջ ձերբակալված է եղել մեկ այլ քրեական գործով : Մասնավորապես, հուլիսի 16-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում՝ «Դաչա 56 էկո» ռեստորանի տնօրենի, վերջինիս երեք ընկերների եւ նույն գյուղի բնակիչների միջեւ վիճաբանության ընթացքում, 2 կողմն էլ բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսեւորել հասարակության նկատմամբ, ապօրինի կերպով ձեռք բերված եւ պահվող զենքերից փոխադարձ կրակոցներ են արձակել միմյանց ուղղությամբ: Բացի այդ, տեղի աշխատակիցների, հաճախորդների, հարեւանությամբ բնակվող անձանց մոտ վախի մթնոլորտ է ստեղծվել։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ (Խուլիգանություն) հոդվածի 4-րդ մասով եւ 235-րդ հոդվածի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով հարուցվել է քրեական գործ: Այս միջադեպի կազմակերպիչը եղել է քրեական հեղինակություն Գրիգոր Գրիգորյանը, որին կալանավորել են, սակայն ավելի ուշ ՀՀ վերաքննիչ դատարանը ազատ է արձակել վերջինիս:

Երբ իրավապահները նոր բացահայտում են արել Գրիգոր Գրիգորյանի մասով եւ որոշել են նրան կալանավորել, նրան այլեւս չեն գտել: Ստացվում է՝ եթե ՀՀ վերաքննիչ դատարանը ազատ չարձակեր քրեական հեղինակություն Գրիգոր Գրիգորյանին, ապա այսօր ՀՀ քննչական կոմիտեն ստիպված չէր լինի հետախուզում հայտարարել նրա նկատմամբ:

 ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՏԵՂԱՓՈԽՎԵԼ ԵՆ ԱՊԱՍՏԱՐԱՆ

Ամուսնու կողմից բռնության ենթարկված կինը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանն իր եւ դստեր անվտանգության ապահովման հարցով: Բողոքի քննությամբ պարզվել է, որ ամուսինը, պարբերաբար գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, բռնություն է գործադրել իր կնոջ նկատմամբ։ Նման պարբերական բռնության հետեւանքով կնոջ մոտ լուրջ մտահոգություններ են առաջացել իր եւ հաշմադամություն ունեցող դստեր անվտանգության համար: Ուսումնասիրության արդյունքում քաղաքացու ամուսնու նկատմամբ կիրառվել է «նախազգուշացում» պաշտպանության միջոցը: Քննարկվել է նաեւ կնոջը եւ նրա հաշմանդամություն ունեցող դստերն ապաստարան տեղափոխելու հարցը: Պետական մարմինների եւ հասարակական կազմակերպությունների հետ արդյունավետ համագործակցության արդյունքում կինը եւ դուստրը տեղափոխվել են ապաստարան:

 

 

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ

ՀՀ գլխավոր դատախազությունում համեմատական վերլուծության են ենթարկվել ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ իրականացված, համայնքային եւ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի վարձակալության, ենթավարձակալության, օտարման գործընթացներում արձանագրված կոռուպցիոն չարաշահումների բացահայտման եւ քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ 2019թ. հունվարից 1-ից մինչեւ 2020թ. հունիսի 30-նն ընկած ժամանակահատվածում իրականացված աշխատանքները: Ըստ այդմ, եթե 2019թ. ընթացքում համայնքային եւ պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքերի վարձակալության, ենթավարձակալության, օտարման գործընթացում արձանագրված առերեւույթ չարաշահումների վերաբերյալ հարուցվել է 75 քրեական գործ, ապա միայն 2020թ. 1-ին կիսամյակի ընթացքում՝ 108 քրեական գործ, կամ, ողջ 2019թ. համեմատ, 33.3%-ով ավելի:

 

 

ԻՐԱՎԱՊԱՀՆԵՐԻ ՏԵՍԱԴԱՇՏՈՒՄ

Աժ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդիներից եւս մեկը հայտնվել է իրավապահների տեսադաշտում: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ այս անգամ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Գալուստ Սահակյանի որդիներից Տիգրան Սահակյանի նկատմամբ, որը եղել է առողջապահության նախարարի նախկին տեղակալը: Մեզ հասած լուրերի համաձայն՝ քրեական գործը հարուցվել է, եւ Տիգրան Սահակյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետի՝ Խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով սեփականատիրոջը կամ գույքի այլ տիրապետողին խոշոր չափերի վնաս պատճառելու հատկանիշներով: Ի դեպ, նշենք , որ Քննչական կոմիտեն ՀՀԿ փոխնախագահի որդիներից եւս մեկի մասով մայիսի 29-ին պաշտոնական հաղորդագրություն տարածեց՝ նշելով, որ ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը, ներագրավվել է որպես մեղադրյալ Քննչական կոմիտեի վարույթում քննվող քրեական գործով: «Արման Սահակյանը մի քանի այլ անձանց հետ Երեւանի դպրոցներից մեկին կից հողակտորի օտարման հետ կապված քրեական գործի շրջանակում ներգրավվել է որպես մեղադրյալ: Նախաքննությունը շարունակվում է: Հիշեցնենք՝ Արման Սահակյանը 2011-2018թթ-ին զբաղեցրել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը: Արման Սահակյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ կետով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ): Քննիչի որոշմամբ՝ Արման Սահակյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել 5 մլն դրամի գրավը: Ասել է թե՝ Գալուստ Սահակյանի երկու որդիները իրավապահների տեսադաշտում են հայտնվել, մեկ որդին մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, մյուսը՝ խաբեությամբ ուրիշին գույքային վնաս պատճառելու համար:

 

11 ՄԱՐԴ ՄԱՀԱՑԵԼ Է

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում շարունակվում է Արմավիր քաղաքի բնակիչների թունավորման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Պարզվել է, որ Արմավիր քաղաքի մի շարք բնակիչներ ձեռք են բերել անհայտ ծագման, սպառողների կյանքի եւ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ալկոհոլային խմիչք, որի գործածման հետեւանքով թունավորվել են: 7 անձ մահացել է, եւս 3 անձ գտնվում է ծանր վիճակում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով ձերբակալվել է Արմավիր քաղաքի բնակիչ Աշոտ Լենդրուշի Հովսեփյանը՝ ծնված 1970թ.:  Բոլոր այն քաղաքացիներին, որոնք ալկոհոլային խմիչք են գնել վերոնշյալ անձից, հորդորում ենք չօգտագործել այն եւ դիմել ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն: Ըստ նախնական վարկածի եւ թունավորման ախտանիշների` խոսքը գնում է մեթիլ սպիրտից թունավորման մասին: Ավելի վաղ Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ խմիչքի թունավորումից մահացել է 11 մարդ:

 




Լրահոս