ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանի թույլտվությամբ դիվանագիտական անձնագիր է տրվել միայն 19 անձի. ԱԳՆ-ն թվեր է ներկայացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածով, 2018թ․ մայիսից մինչև օրս տրամադրել է 783 դիվանագիտական անձնագիր, ինչն իր մեջ ներառում է նաև ՀՀ դիվանագետների՝ նշված ժամանակահատվածում դիվանագիտական անձնագրերի ժամկետն ավարտվելու կապակցությամբ տրամադրված նոր անձնագրերի քանակը։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` նշելով, որ վերոնշյալ անձանցից 764-ին դիվանագիտական անձնագիրը տրամադրվել է «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի պահանջով (ՀՀ-ում և օտարերկրյա պետություններում դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայության ներգրավված անձինք, օտարերկրյա պետությունում նրանց հետ մշտապես բնակվող ընտանիքի անդամներ, պետական պաշտոն զբաղեցնող և օրենքով անհատապես սահմանված այլ անձինք)»։
Բացի այդ, «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 49-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա 2018թ. մայիսից մինչև օրս ՀՀ վարչապետի թույլտությամբ տրվել է ընդամենը 19 դիվանագիտական անձնագիր: Ի դեպ՝ այս թիվը 2018թ. մայիսից առաջ նույն դրույթով տրված անձնագրերի թվից 90-ից ավելի տոկոսով նվազ է:
Այս պահին վավեր ՀՀ դիվանագիտական անձնագիր ունի 1127 անձ։ 2018թ. մայիսից մինչ օրս ԱԳՆ-ն, ղեկավարվելով 50-րդ հոդվածով, 425 դիվանագիտական անձնագիր հայտարարել է անվավեր:

Հիշեցնենք, որ թավշյա հեղափոխությունից հետո՝ 2018 թվականի օգոստոսին ՀՀ արտաքին  գործերի նախարարությունը պահանջել էր հանձնել իրենց դիվանագիտական անձնագրերն ինչպես նախկին պաշտոնյաներից, այնպես էլ բարձրաստիճան հոգևորականներից` եպիսկոպոսներից, ինչը աղմուկ էր բարձրացրել:

Դիվանագիտական անձնագրի վավերականության ժամկետը հինգ տարի է, և օրենքը սահմանում է, որ պաշտոնավարության ավարտից հետո համապատասխան պաշտոնատար անձինք իրենց դիվանագիտական անձնագիրը պետք է հանձնեն ԱԳՆ-ին: Չհանձնած անձնագրերը ԱԳՆ-ն հայտարարում է անվավեր: Եվ այդ ընթացքում եղել էին անձինք, որոնք հրաժարվել էին վերադարձնել իրենց անձնագրերը:

Մանրամասները՝ տեսանյութում




Լրահոս