Ռուսաստանում սեպտեմբերի 1-ից սկսվել է գրիպի դեմ պատվաստումների գործընթացը. արդեն մի քանի օր է, ինչ Ռուսաստանի քաղաքացիները հնարավորություն ունեն անվճար պատվաստվել գրիպի դեմ: Իսկ Հայաստանի պոլիկլինիկաները գրիպի դեմ պատվաստանյութեր դեռ չեն ստացել: «Ժողովուրդ» օրաթերթն այս խնդրի շուրջ քաղաքացիներից բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում. նրանք հետարքրվում են՝ արդյոք կարող են այս ընթացքում պատվաստվել գրիպի դեմ, թե ոչ:
Պարզվում է՝ ոչ: «Ժողովուրդ» օրաթերթին մի քանի պոլիկլինիկաներից փոխանցեցին, որ գրիպի դեմ պատվաստելու եւ գրիպի դեմ պատվաստանյութ ստանալու հետ կապված որեւէ հրահանգ կամ հանձնարարական չեն ստացել նախարարությունից: «Ժողովուրդ» օրաթերթն այս հարցին պատասխան ստանալու նպատակով դիմեց նաեւ առողջապահության նախարարություն, որտեղից նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն ասաց, որ սեզոնը դեռ չի սկսվել. «Սեպտեմբերի վերջ նոր նախատեսվում է»:
«Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ Հայաստանն արդյոք ապահովված է գրիպի դեմ պատվաստանյութով, ունե՞նք պատվաստանյութ, թե՞ ոչ, մամուլի խոսնակն ասաց. «Դեռեւս չենք ստացել, բայց հասցնում ենք, որեւէ խնդիր չկա ուշացումների հետ կապված: Այս պահին դեռ շատ շուտ է: Մենք կոնկրետ սեպտեմբերի վերջ ենք սկսում»:
Հուսանք՝ նախարարությունը չի ուշանա այս հարցում: Կհիշեք՝ ՀՀ հաշվեքննիչ պալատը ստուգումներ էր անցկացրել առողջապահության նախարարությունում եւ բացահայտել, որ հանրապետությունում 2018 թվականի ընթացքում 1 ամիս գրիպի պատվաստանյութ չի եղել հենց գրիպի սեզոնին: Անցած տարում եւս գրիպ դեմ պատվաստումները ուշ են սկսվել:
Մանրամասները՝ տեսանյութում
Ս.Հ.