«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Covid-19-ը Հայաստանում իր բացասական ազդեցությունն է թողել զբոսաշրջության զարգացման վրա: Թե ինչ վիճակում է գտնվում ոլորտը, այսօր պարզ է դառնում նաեւ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներից: Հայաստանում այս տարվա առաջին կիսամյակում զբոսաշրջիկների թիվը բավականին կրճատվել է: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ մեր հանրապետություն հունվար-հունիս ամիսներին ժամանել է 311 հազար 264 զբոսաշրջիկ, մինչդեռ նախորդ տարվա առաջին կիսամյակում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը կազմել է 770 հազար 55:
Մյուս կողմից՝ ապրիլ-հունիսին ՀՀ սահմանային անցման կետերում ՀՀ ազգային անվտանգության ծառայության ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգով արձանագրված ժամանողները եւ մեկնողները որակվել են որպես զբոսաշրջիկ, քանի որ, ըստ ՀՀ կառավարության մարտի 16-ի որոշման, անցակետով թույլատրվում է Հայաստանի քաղաքացիների եւ ՀՀ քաղաքացի չհանդիսացող նրանց ընտանիքի անդամների, Հայաստանում օրինական հիմքերով բնակվելու իրավունք ունեցող անձանց մուտքը ՀՀ տարածք: Իսկ, ահա, ներքին զբոսաշրջիկների թիվը կազմել է 140 հազար 158, այնինչ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նրանց թիվը կազմել էր 235 հազար 456: Նշվածից միայն 24 հազար 278-ի նպատակը գործնական է եղել, իսկ հանգստի եւ ժամանցի նպատակով ՀՀ ժամանածները 100 հազար 24-ն են: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 7245 քաղաքացի Հայաստան եկել են բուժման նպատակով: Ի դեպ, այս տվյալներն արտացոլում են հյուրանոցներում, առողջարաններում, հանգստյան տներում հաշվառված զբոսաշրջիկներին»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։