ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՁԵՌՔԲԵՐՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Քաղաքականության մշակման հայ-վրացական հարթակ» ծրագիրը ներկայացնում է ձեռքբերումներն ու արդյունքները:

2020թ. սեպտեմբերի 3-ին Քաղաքական դասընթացների Երեւանի դպրոցը Քաղաքական դասընթացների Թբիլիսիի դպրոցի հետ համատեղ անցկացրեց առցանց հանդիպում, որի ընթացքում ներկայացվեց Հայաստանի եւ Վրաստանի երիտասարդ առաջնորդների միացյալ ռազմավարական տեսլականը  զբոսաշրջության՝ որպես տնտեսական աճի գործոնի, ինչպես նաեւ խտրականության եւ կոռուպցիայի դեմ պայքարի խնդիրների վերաբերյալ: Առաջարկությունների փաթեթը մշակվել է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Քաղաքականության մշակման հայ-վրացական հարթակ» ծրագրի շրջանակներում: Այն օգտակար էր հայ եւ վրացի երիտասարդ մասնագետների կայուն ցանցի ստեղծման առումով՝ մի կողմից նպաստելով միջսահմանային համագործակցության ամրապնդմանը, իսկ մյուս կողմից էլ` երկու երկրների միջեւ բազմակողմանի գործունեության վերաբերյալ երկխոսության հարթակի ստեղծմանը:

Մասնակիցներին ողջունեցին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի տնօրեն Արմեն Զաքարյանը եւ Քաղաքական դասընթացների Թբիլիսիի դպրոցի տնօրինության ներկայացուցիչ Նանա Ցերցվաձեն:

Տեղեկատվություն՝ ծրագրի մասին

Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Քաղաքականության մշակման հայ-վրացական հարթակ» ծրագիրը մեկնարկել է 2019թ. օգոստոսին: Ընդհանուր առմամբ ծրագիրը Հայաստանից ու Վրաստանից ունեցել է 90 մասնակից՝ պետական տարբեր գերատեսչությունների, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, որոշում ընդունողներ, իրավաբաններ, հայտնի լրագրողներ, բիզնես մենեջերներ, հետազոտողներ եւ այլ երիտասարդ մասնագետներ: Տարբեր բնագավառների ներկայացուցիչների քննարկումներն օգտակար էին փաստերի վրա հիմնված, օբյեկտիվ եւ պրոֆեսիոնալ եզրակացությունների հանգելու առումով: Ծրագրի շրջանակներում Հայաստանում ու Վրաստանում տարբեր ձեւաչափերով կազմակերպվել է չորս միջոցառում:

Հանդիպումների ընթացքում հայ եւ վրացի բարձրակարգ փորձագետներն ու մասնակիցները մշակել են առաջարկությունների փաթեթ՝ միտված Հայաստանի եւ Վրաստանի ռազմավարական տեսլականի իրականացմանը, այն է՝ ձեռնարկել կոռուպցիոն ռիսկերը կառավարելու կանխարգելող, հայտնաբերող եւ պատժիչ միջոցներ, Հայաստանի եւ Վրաստանի ժողովրդավարական հասարակություններում հավասարության սկզբունքով պաշտպանել մարդու իրավունքներն ու ազատությունները, հաստատել իրավահավասարություն ու անխտրականություն, բարձրորակ, բարգավաճ, մրցունակ եւ կայուն զբոսաշրջային ինդուստրիա ստեղծելու միջոցով երկու երկրները զարգացնել որպես զբոսաշրջության ցանկալի մեկնավայրեր: Այնպիսի զբոսաշրջային ինդուստրիա, որը բարիք է ստեղծում բոլոր մակարդակներում, նպաստում է միջավայրի եւ կյանքի որակի բարձրացմանը, այցելուներին վայելքի հնարավորություն է տալիս կլոր տարին: Առանձնակիորեն կարեւորվել է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ զբոսաշրջության մասին տեղեկացվածության աստիճանի բարձրացման հանգամանքը: Գործողությունների վերաբերյալ առաջարկությունները միտված են նպաստելու երկու երկրների բարեփոխումների գործընթացներին:

Ծրագրի մասնակիցները բարձր գնահատեցին ցանց ստեղծելու, փորձի փոխանակման հնարավորությունները, երկու երկրների համար ընդհանուր իրողությունների, բացերի ու մարտահրավերների, ինչպես նաեւ դրանց հաղթահարման ուղիների քննարկումները, համագործակցության նոր հնարավորությունները:

«Քաղաքականության մշակման հայ-վրացական հարթակ» ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության գործիքի արագ արձագանքման մեխանիզմի միջոցով: Ծրագիրն իրականացնում է Քաղաքական դասընթացների Երեւանի դպրոցը Քաղաքական դասընթացների Թբիլիսիի դպրոցի հետ համագործակցաբար: Երկու կազմակերպությունն էլ Քաղաքական դասընթացների դպրոցների եվրոպական ասոցիացիայի անդամ են:

 

 

ՉԳՈՀԱՑՆՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ

Գեղարքունիքի մարզում ավարտին է մոտենում հացահատիկի բերքահավաքը: 2020 թվականի սեպտեմբերի 3-ի դրությամբ մարզում ցանված 10 հազար 523 հեկտար աշնանացան ցորենի արտերից արդեն հնձված է շուրջ 9 հազար 500 հեկտարը: Մեկ հեկտարի միջին բերքատվությունը կազմել է 22 ցենտներ: Մարզում 450 հեկտար տարածք զբաղեցնող աշնանացան ցորենի արտերից հնձված է 400 հեկտարը՝ 14,3 ցենտներ միջին բերքատվությամբ: Այս տարի 11 հազար 452 հեկտար զբաղեցրել են գարու արտերը, որոնցից հնձված է շուրջ 10 հազար հեկտարը:

Բերքահավաքն այժմ ընթանում է բարձրադիր գոտու արտերում: Մինչեւ սեպտեմբերի կեսերն այն կավարտվի, բնականաբար՝ չգոհացնող արդյունքներով: Ցածր արդյունքների հիմնական պատճառներից մեկն անբարենպաստ եղանակն էր: Սակայն զգացվում էր նաեւ բարձրորակ սերմացուի պակասը, որը շատ տնտեսությունների համար դեռեւս քիչ հասանելի էր: Այժմ արդեն բարձրորակ սերմացուների ձեռք բերումը պետության կողմից սուբսիդավորվում է, եւ կա հնարավորություն, որ այս աշնանը հողին պահ կտրվեն ավելի բերքատու եւ կենսունակ սերմեր:

 

 

ԱՌԱՆՑ ՏԵՂՈՒՄՆԵՐԻ

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արեւմտյան, 3-8 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 5-6-ն աստիճանաբար կբարձրանա 2-3  աստիճանով: Երեւանում սեպտեմբերի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

 

ԱՆՀԱՐԳԱԼԻՍ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔ

Նախօրեին ՀՀ ոստիկանության Արմավիր մարզի ՊՊԾ դասակի աշխատակիցները Արմավիր քաղաքի զբոսայգու մոտակայքում ծառայություն իրականացնելիս նկատել են, որ «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւորները գարեջուր են խմում: Վերջիններս, տեսնելով  ոստիկաներին, բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսեւորել հասարակության նկատմամբ՝ դիտավորությամբ խախտել հասարակական կարգը, հնչեցրել հայհոյանքներ:

Ոստիկանները, մոտենալով  երիտասարդներին, խնդրել են ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, սակայն նրանք, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, խուլիգանություն կատարելու դիտավորությամբ շարունակել են հայհոյանքներ հնչեցնել եւ չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին: Այդ ընթացքում վերոնշյալ մեքենայում գտնվող  27-ամյա երիտասարդը, ոստիկաններից մեկի ձեռքից վերցնելով նրա բջջային հեռախոսը, կոտրել է այն: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի  316-րդ հոդվածի 1-ին մասի եւ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, հարուցվել է քրեական գործ, որը նախաքննության կատարման համար ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական  վարչություն:

 




Լրահոս