«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «2008 թվականի մարտի մեկի դեպքերի ժամանակ զոհված անձանց ծնողները նախօրեին զայրացած ասուլիս էին հրավիրել եւ հայտարարել, որ այլեւս չեն մասնակցելու այդ գործով դատական նիստերին: Իհարկե, վաղուց սպասելի էր, որ մի օր զոհվածների ծնողների եւ հարազատների նյարդերը կարող էին տեղի տալ, որովհետեւ ի սկզբանե պարզ էր, որ մարտի մեկի դեպքերի, սպանությունների բացահայտման անվան տակ իրականացվող նախաքննությունը գնում էր սխալ առաջադրված մեղադրանքի ճանապարհով: Բոլորի համար էլ հասկանալի է, որ Ռոբերտ Քոչարյանին եւ մյուս պաշտոնյաներին սահմանադրական կարգի տապալման համար մեղադրելու ՀՔԾ-ի եւ դատախազության որոշումն ի սկզբանե դատապարտված էր ձախողման, եւ մարտի մեկի զոհերի հարազատները, ծնողները այդպես էլ դատարանում չէին կարողանալու բացահայտել իրենց որդիներին սպանողներին, չնայած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի օգոստոսի 17-ին եւ դրանից հետո եւս մի քանի անգամ հայտարարեց. «Մենք կարող ենք ասել, որ «Մարտի 1»-ի գործը, ըստ էության, ամբողջ ծավալով բացահայտված է»: Ոչ բոլոր հանգամանքներն են բացահայտված մինչեւ վերջ նաեւ այն պատճառով, որ քննչական խմբի ղեկավարն ապացույցները կեղծել է, տեղում կրակած փամփուշտները փոխարինվել են հաջորդ օրը այլ տեղում կրակված փամփուշտներով։
Քննչական խմբի ղեկավարը հիմա փախուստի է դիմել եւ թաքնվում է արդարադատությունից: «Ժողովուրդ» օրաթերթն արդեն մի առիթով հրապարակել էր, որ ՀՀ վարչապետին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ու ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը, մեղմ ասած, խաբել են: Ինչո՞ւ ենք այդպես պնդում. այդ պաշտոնյաներն իրենց իրավական անկարողությունը փորձում են բարդել հետախուզման մեջ գտնվողների վրա: Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը եւ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը հայտարարել են, որ պատրաստ են վերադառնալ, պատասխանել նախաքննության բոլոր հարցերին՝ առաջ քաշելով մեկ նախապայման, սակայն նրանց նախապայմանը չեն բավարարում, ու առնվազն տարօրինակ է, թե ինչու, եթե իրենց նպատակը մարտի մեկի բացահայտումն է. ինչո՞ւ են իրենք խուսափում օգտագործել բացահայտման վերջին շանսերը: Բացի այդ, ինչպես հայտնի է, Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է, եւ ՀՀ-ի ու ՌԴ-ի միջեւ կան միջպետական ամենատարբեր պայմանավորվածություններ, եւ ՀՀ իրավապահները կարող են հարցումներ ուղարկել ՌԴ իրավապահներին, որոնք էլ կհարցաքննեն ՌԴ քաղաքացի Միքայել Հարությունյանին, եւ պատասխանները կուղարկեն ՀՀ: Թե ինչու սա չի արվում, կրկին անհասկանալի է: Եվ այստեղ երիցս ճիշտ են մարտի մեկի զոհերի ծնողները, փաստաբանները, երբ այս ամենի մեջ մեղադրում են ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին:
Պարզապես անհասկանալի է, թե ինչու են նրանք թիրախավորել դատախազին, այլ ոչ թե անմիջական հսկողություն իրականացնող ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին, երբ քննության ողջ ընթացքը տարվում է ՀՔԾ-ի կողմից: Վերջնարդյունքում տպավորություն է, որ մարտի մեկի սպանությունների բացահայտման համար ոչինչ չի արվում, ու մենք այդպես էլ չենք իմանա, թե ովքեր Երեւանի կենտրոնում գնդակահարեցին ՀՀ տասը քաղաքացիներին:
Հ.Գ. Հանրության շրջանում Ռոբերտ Քոչարյանին վերաբերող բազմաթիվ կասկածահարույց հարցեր են շրջանառվում, այդ թվում՝ նրա ունեցվածքի՝ չորս միլիարդ դոլարի մասով: Հետաքրքիր է՝ ՀՀ գլխավոր դատախազությունն ինչու չգնաց այս կարեւոր առարկայական թեմայի հետեւից, այլ Քոչարյանի նկատմամբ քրեական գործ հարուցեց 301` գրեթե չապացուցվող հոդվածի հատկանիշներով »:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։