Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ի աշխատակազմին է ներկայացրել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Խաչատրյանին:
Կազմակերպությունը համակարգում է համայնքային գերեզմանատներում տարածքների հատկացման և ոլորտին առնչվող այլ գործառույթներ: Ներկայացնելով որոշ նկատառումներ՝ քաղաքապետը նշել է, որ ՀՈԱԿ-ի աշխատանքների էլ ավելի արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ են փոփոխություններ ու կարգավորումներ օրենսդրական դաշտում: Խոսելով ոլորտի առանձնահատկությունների մասին՝ քաղաքապետ Մարությանը կարևորել է քաղաքացիների հետ տարվող աշխատանքն ու ընդգծել, որ բնակչության հատուկ սպասարկման ոլորտում չի կարող լինել որևէ կոռուպցիոն ռիսկ:
«Ինձ համար ամենամեծ խնդիրը քաղաքապետարանում և մեր բոլոր ՓԲԸ-ում ու ՀՈԱԿ-ներում կոռուպցիայի վերացումն էր, ամենագլխավոր հարցը, որ ես դրել եմ իմ առջև: Եվ մենք բոլորս գիտենք, ու դա գաղտնիք չէ, որ քաղաքապետարանն իր համայնքապատկան բոլոր ընկերություններով ամենակոռումպացված հիմնարկներից մեկն էր: Այս պահին համակարգային կոռուպցիան և քաղաքապետարանում, և համայնքային բոլոր կազմակերպություններում իսպառ արմատախիլ է արվել: Բայց դա չի նշանակում, որ հարցերն ընդհանրապես լուծված են, և չի նշանակում, որ չկան մարդիկ, ովքեր այնուամենայնիվ փորձում են «տակից» ինչ-որ մի բան անել: Համակարգային կոռուպցիան չկա, նշանակում է, որ համակարգը չկա, բուրգը չկա, բայց ժամանակ առ ժամանակ տակի օղակներում լինում են խնդիրներ: Լինում են դեպքեր, և շատ լավ է, որ մեր իրավապահ համակարգը շատ արագ արձագանքում է այդ դեպքերին: Որոշ խնդիրներ նաև մեր վերահսկողության վարչության միջամտությամբ են շատ արագ վերացվում:
Տվյալ ՀՈԱԿ-ում գաղտնիք չէ, որ ծաղկում էր այդ ամեն ինչը, և ես ուզում եմ հստակ ասել, որ յուրաքանչյուր տիպի կոռուպցիոն ինչ-որ մեխանիզմներ, նաև ինչ-որ կրիմինալի ներթափանցում, ինձ համար ծայրահեղ անընդունելի են: Շատ կտրուկ կերպով արձագանքվելու է»,- ընդգծել է քաղաքապետը: