ArmLur.am-ը զրուցել է Վճռաբեկ դատարանի նախագահ, Սահմանադրական դատարանի անդամի թեկնածու Երվանդ Խունդկարյանի հետ:
-Պարո՛ն Խունդկարյան, դատական համակարգը կարծես թե ոգևորությամբ է ընդունել Ձեր՝ ՍԴ անդամի թեկնածու առաջադրվելը: Ինչո՞վ է դա պայմանավորված:
-Վստա՞հ եք, որ ճիշտ տպավորություններ եք ստացել: Մեծամասնությունը ոչ թե ուրախ են, այլ ավելի շատ տխուր են, որ ես հեռանում եմ: Մարդիկ ընկել են ծանր դրության մեջ, իհարկե բարձրաձայնում են տպավորություն, որ ցանկալի է դատական համակարգը ներկայացվի իմ դեմքով Սահմանադրական դատարանում, բայց միեւնույն ժամանակ շատ ծանր են տանում իմ՝ Վճռաբեկ դատարանից հնարավոր հեռացումը: Իմ տպավորությունն այդպիսին է եղել:
-Դատական համակարգից այլ տեղեկությունների համաձայն, Դուք մշտապես ազդեցություն եք ունենում քրեական գործերի վրա եւ մշտապես այնպես անում, միջամտում, որ կոնկրետ որոշումներ կայացվեն: Կա՞ նման բան, թե ոչ:
-Հերթական անգամ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում: Պարոն Խունդկարյանին ճանաչող մարդը կհասկանար, որ իր վարքագիծը միշտ եղել է այնպիսին, որ դատավորի համար ստեղծվի անկախ աշխատելու տարբերակ, որ որեւէ միջամտություն չլինի , բայց միեւնույն ժամանակ ներքին ազդակների վրա չի կարող լինել իմ միջամտությունը: Եվ ձեր տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, քանի որ Վճռաբեկ դատարանի նախագահի դերը կայանում է նրանում, որ ստեղծի անկախ մթնոլորտ դատարանների համար:
-Բայց դատական համակարգը պնդում է, որ Դուք քրեական պալատի վրա փորձում եք ճնշում գործադրել ՀՀ Գլխավոր դատախազի ցուցումով: Ինչպիսի՞ն են Ձեր հարաբերությունները Գլխավոր դատախազի հետ:
-Իմ հարաբերությունները Գլխավոր դատախազի եւ բոլոր անձանց հետ աշխատանքային են: Մեր հարաբերությունները ընկերական չեն ոչ մեկի հետ, այլ գործընկերային եւ հարգանքի մթնոլորտում: Իսկ ես իմ վարքագծով այնպիսին եմ, որ որեւէ պաշտոնատար անձ որեւէ դատավորի, այդ թվում ինձ , իրավունք չունի թեկուզ ընկերական կամ ոչ ընկերական դաշտում որեւէ ուղղորդումներ տալու: Դատավորն անկախ է այնքանով, որքանով ցանկանում է անկախ լինել, եւ դատավոր Խունդկարյանն այդպիսի շանս որեւէ մեկին չի տվել եւ չի տալու:
-Ի՞նչ խնդիր էր առաջացել Դատավորների ընդհանուր ժողովում, եղել էր Ձեր կողմից միջամտություն թե ոչ:
-Իմ համար էլ էր զարմանալի ու զայրանալի, որ Հաշվիչ հանձնաժողովի աշխատանքում նման բան տեղի չունեցավ: Հաշվիչ հանձնաժողովը երկար ժամանակ զբաղվել է աշխատանքների կազմակերպմամբ, իհարկե, հոգնած են եղել, աշխատանք է տարվել, բայց ես դա չեմ արդարացնում, քանի որ այդ ամենը ստվերվեց, երբ քվեաթերթիկները սխալ էին հաշվարկվել: Ես դա մենակ կարող եմ բացատրել հոգնածությամբ, բայց չեմ կարող արդարացնել: Քանի որ մեր աշխատանքը ստվերվեց արդյունքում, սակայն բացվեց արկղը, վերահաշվարկ կատարվեց , նաեւ տեսաձայնագրվել է եւ արդյունքում պարզվեց, որ դա միայն հաշվիչ հանձնաժողովի սխալն է եղել:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան