Վերջին երկու տարիների ընթացքում ահռելի առաջընթաց ենք գրանցել բժիշկ Դանիելյանի նշանակումից հետո եւ ես այդ առաջընթացը տեսնում էի միայն նրա ղեկավարությամբ: Եթե պետությունը գտնում է, որ բժիշկ Դանիելյանը այլեւս պետք չէ, որ այդ ամեն ինչը շարունակվի՝ ես էլ գտնում եմ, որ այդ դեպքում իմ անհրաժեշտությունն էլ չկա: Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել է Քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի արդեն նախկին ղեկավար Գեւորգ Թամամյանը:
Իսկ այն հարցին, թե ինչով է զբաղվելու պաշտոնից ազատվելուց հետո, մեր զրուցակիցը կատակով նշում է. «Կանեմ էլի մի բան, այնպես չէ , որ պարապ կմնան, իսկ ավելին մեկնաբանել այս պահին չեմ ցանկանում»:
Հիշեցնենք, որ քիչ առաջ Քաղցկեղի եւ արյան հիվանդությունների կենտրոնի արդեն նախկին ղեկավար Գեւորգ Թամամյանը ազատման դիմում է ներկայացրել, մասնավորապես գրելով.
«Ուզում են տեղեկացնել, որ քիչ առաջ ներկայացրել եմ ազատման դիմում Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավարի պաշտոնից և Արյունաբանական կենտրոնում որպես մանկական ուռուցքաբան-արյունաբան հետագա աշխատանքից: Որոշմանս պատճառ է հանդիսացել այն, որ ՀՀ առողջապահության նախարարությունը որոշել է սույն թվականի հոկտեմբերի 1-ից լուծել բժիշկ Սամվել Դանիելյանի պայմանագիրը որպես պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրեն»,-նշել է Թամամյանը:
Նկատենք՝ հենց Թամամյանը իր խոսքում նշել է, որ իր որոշման պատճառը Առողջապահության նախարարության հրամանն է: Գաղտնիք չէ, որ նա մշտապես աշխատանքային խնդիրներ է ունեցել Արսեն Թորոսյանի հետ եւ հեռանալն էլ եւս կապված է նախարարի հետ հարաբերությունների հետ:
Լիդա Եղիազարյան