Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը համայնքային ենթակայության մարզամշակութային կազմակերպությունների տնօրենների հետ քննարկել է ոլորտների հիմնական խնդիրներն ու անելիքները: Թատրոնների առնչությամբ կարևորվեց նոր բեմադրությունների
պլանավորման և նախապատրաստական աշխատանքները: Ներկայացվեցին նաև «Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն» և «Մհեր
Մկրտչյանի անվան արտիստական թատրոն» ՀՈԱԿ-ների հիմնանորոգման, արդիականացման և տեխնիկական վերազինման ծրագրերը:
Ստեղծված իրավիճակում կարևորվեց թանգարաններում նոր նախագծերի իրականացումը, նոր գործիքակազմերի, առցանց հարթակների ճիշտ օգտագործման հնարավորությունների ներդրումը:
Երևանի քաղաքապետարանի ենթակայության 26 երաժշտական, արվեստի և կերպարվեստի դպրոցներում ուսումնական գործընթացը
կմեկնարկի սեպտեմբերի 15-ից: Անհատական և խմբային, տեսական և գործնական պարապմունքները, բացառությամբ շնչառական և
մարմնա-պլաստիկական գործողություններ ենթադրող դասընթացների, պետք է իրականացվեն դիմակներով:
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ընդունելությունը կկազմակերպվի մինչև սեպտեմբերի 20-ը: Երևանի քաղաքապետարանի մանկապատանեկան ֆիլհարմոնիաների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների և մշակույթի տների գործունեությունը կվերսկսվի սեպտեմբերի 22-ին: Համայնքային ենթակայությամբ գործող մարզական կազմակերպությունները ուսումնական տարին կսկսեն սեպտեմբերի 25-ից: