ԹԵԺ ՕՐԵՐ ԵՆ ՍՊԱՍՎՈՒՄ ԼՈՌՈՒ ԵՎ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հայրենի իշխանությունները պատրաստվում են տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա  ընտրություններին: Ըստ մեր տեղեկությունների՝ նախատեսված է դեկտեմբերին ընտրություն անցկացնել Լոռու եւ Տավուշի մարզերում, ու սա լինելու է այն ընտրություններից մեկը, որտեղ պարտադիր պետք է թեկնածուները մասնակցեն կուսակցական ցուցակով, այսինքն՝ առաջադրվող անձինք անպայման պետք է կուսակցական լինեն, որպեսզի մասնակցեն համայնքապետի ընտրություններին: Սա նշանակում է, որ առաջիկայում թեժ օրեր են սպասվում, քանի որ հայաստանյան կուսակցությունները պետք է իրենց կուսակցականներից ընտրեն այնպիսի անձանց, ովքեր կկարողանան առաջիկայում մասնակցել ու հաղթել:

 

Եւ այսպես, մեզ հաջողվել է պարզել, որ համայնքապետի ընտրությունները սպասվում են Լոռու մարզի Ստեփանավան, Մեծավան եւ Թումանյան քաղաքներում եւ Տավուշի մարզի Իջեւան քաղաքում: Նշենք, որ այս համայնքները խոշորացվել են, ու մի քանի գյուղեր արդեն միացել են, ընտրությունները լինելու են ավելի բազմամարդ, իսկ իշխանություններն էլ ամեն ինչ անում են, որ պատշաճ ձեւով իրականացնեն սպասվող ընտրությունները:

Հիշեցնենք, որ դեռեւս օգոստոսին հայտնի դարձավ, որ Ստեփանավանի ավագանու 14 անդամներից 7-ը միաժամանակ հրաժարականի դիմում են ներկայացրել: Առանց նրանց մասնակցության, ավագանու մյուս անդամներն արտահերթ նիստ են գումարել, ընդունել նրանց հրաժարականն ու լուծարված համարել ավագանին: Իսկ, ըստ օրենքի, եթե ավագանին հրաժարվում է, ապա պետք է նշանակել համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար եւ նշանակել արտահերթ ընտրություններ:

Իսկ 2017 թվականին ձեւավորված ավագանու հրաժարական ներկայացրած 7 անդամներից միայն Արթուր Սուքիասյանն է դիմումում նշել, թե ինչու է հրաժարվում իր գործառույթներից: Վերջինիս կարծիքով՝ 2018-ի թավշյա հեղափոխությունից հետո Ստեփանավանը եւ համայնքապետն այդպես էլ չկարողացան համակերպվել հեղափոխական արժեքների ու նոր Հայաստանի ծաղկման տեսլականի հետ եւ հավատարիմ են նախկինների վարած քաղաքականությանը: Արթուր Սուքիասյանը հայտարարել է, որ ինքը անիմաստ է համարում իր ներկայությունը մի կառույցում, որտեղ, ըստ նրա, բոլոր դռները փակ են փոփոխությունների, ժողովրդավարության ու կառուցողական աշխատանքի առջեւ:

Նշենք, որ շուրջ 8 տարի է՝ Ստեփանավանը ղեկավարում է Միքայել Ղարաքեշիշյանը, որը նախկին իշխանությունների՝ ՀՀԿ-ի վառ ներկայացուցիչն է, ու այժմ ամեն ինչ արվում է, որպեսզի քաղաքը կառավարի նոր իշխանություններից որեւէ մեկը: Ի դեպ, Միքայել Ղարաքեշիշյանից առաջ քաղաքապետը նրա եղբայրն էր՝ Սարգիս Ղարաքեշիշյանը: Վերջինս էլ 13 տարի է ղեկավարել, ում նկատմամբ պաշտոնավարման տարիներին մի քանի քրեական գործեր են հարուցվել՝ կոռուպցիայից մինչեւ սպանության փորձի մեղադրանքներով:

Ըստ մեր տեղեկությունների՝ իշխանությունները Ստեփանավանի համայանքապետի թեկնածուի փնտրտուքի մեջ են: Իմքայլականներն ամեն ինչ անում են գտնելու համար այնպիսի անձի, որը կկարողանա Ստեփանավանում հաղթել Ղարաքեշիշյաններին, ովքեր, կարծես թե, քաղաքը սեփականաշնորհել են:

Իսկ ինչ վերաբերում է Մեծավան եւ Թումանյան համայնքներին, ապա այնտեղ եւս իրավիճակը լարված է, քանի որ Թումանյան համայնքի ավագանին եւս հրաժարական է ներկայացրել: Հիշեցնենք, որ դեռեւս մարտին Լոռու մարզի խոշորացված Մեծավան համայնքի ղեկավարը հրաժարական էր ներկայացրել: Սերյոժա Վարդանյանը հրաժարականի դիմումը ներկայացրել էր ավագանու նիստին: Ավագանու 11 անդամներից նիստին ներկա 10 անդամները հաստատել էին համայնքի ղեկավարի հրաժարականը: Վարդանյանը Մեծավանի գյուղապետ էր ընտրվել 1996թ.-ից: Նրա անունը շրջանառվում է մի քանի քրեական գործերի՝ պաշտոնական կեղծիք կատարելու, ինչպես նաեւ յուրացումների հետ: Նա 2018 թ.-ին ձերբակալվել էր չարաշահումներ կատարելու կասկածանքով, սակայն պատճառված վնասը վերականգնելուց հետո ազատ էր արձակվել:

Լոռու մարզի Թումանյան համայնքը եւս հայտնվել է տհաճ իրավիճակում: Դեռեւս հուլիսին Լոռու մարզի Թումանյան խոշորացված համայնքն ավագանի չունի։ 9 անդամներից 6-ն անօգուտ էր համարել իր աշխատանքն ու հրաժարականի դիմում գրել։ Իսկ Թոմանյան համայնքը արդեն 24 տարի է՝ ղեկավարում է Լեւոն Զավարյանը, որին եւս իշխանությունները ամեն ինչ անում են փոխելու համար: Մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանության ներկայացուցիչները ամեն ինչ անում են այս համայնքներում վստահելի մարդկանց թեկնածություն առաջադրելու համար, քանի որ, կարելի է ասել, այս համանքապետերը, արդեն տարիներով զբաղեցնելով քաղաքապետի պաշտոնը, ոչ մի բան չեն անում համայնքի համար:

Իսկ ինչ վերաբերում է Տավուշի մարզի Իջեւան քաղաքին, ապա այստեղ եւս իրավիճակը թեժ է լինելու, քանի որ իշխանությունների «սրտի թեկնածուն» Հայկ Ղալումյանն է, սակայն կհաջողվի արդյոք իշխանություններին նրան նորից այդ պաշտոնում կարգել՝ շատ դժվար է ասել, քանի որ Իջեւանում այդքան էլ չեն համակրում նրան: Կարճ ասած, առաջիկայում թեժ օրեր են սպասվում:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

ՆՈՐ ՆՇԱՆԱԿՈՒՄՆԵՐ

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Վահե Ղազարյանի հրամաններով կադրային փոփոխություններ են տեղի ունեցել ոստիկանության համակարգում: ՀՀ ոստիկանապետի հրամանով` Արթուր Ֆիշյանն ազատվել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ՝ գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի պետի պաշտոնից: Ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Ա. Ֆիշյանը նշանակվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ, Ռոբերտ Գինոյանը ազատվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի պետի պաշտոնից եւ գրանցվել է ոստիկանության կադրերի ռեզերվում, Արմեն Գասպարյանը, որը գրանցված էր ոստիկանության կադրերի ռեզերվում, նշանակվել է ոստիկանության Վարդենիսի բաժնի պետ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Իգոր Մեսրոպյանը նշանակվել է ոստիկանության Գավառի բաժնի պետ:

 

 

ԱՐՁԱԿՈՒՐԴԻ Է ՄԵԿՆԵԼ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Զարուհի Բաթոյանին արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել: Նախարարի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին կփոխարինի Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանը:

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է ԴԵՍՊԱՆԻՆ

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակին եւ ռազմական կցորդ, գնդապետ Վոյչեխ Վիշնեւսկուն: Կողմերը պայմանավորվել են համագործակցության դինամիկան վերականգնելու ուղղությամբ։ Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը ներկայացրել է նաեւ տարածաշրջանում զարգացող անվտանգային խնդիրները։

 

 

ՏԵԽԶՆՆՄԱՆ ՆՈՐ ԿԱՐԳ

Ազգային ժողովում երեկ քննարկվեց մի նախագիծ, որով առաջարկվում է փոփոխություններ կատարել ավտոմեքենաների տեխզննման գործընթացում: Այսպես, կառավարությունն առաջարկում է տեխնիկական զննության գործընթացի նկատմամբ վերահսկողությունը բարձրացնելու նպատակով այն իրականացնել էլեկտրոնային շտեմարանի եւ արատորոշման քարտի միջոցով՝ ներկայիս տեխնիկական զննության կտրոնի փոխարեն: Արատորոշման քարտը լրացվելու է էլեկտրոնային եղանակով եւ պահպանվելու է էլեկտրոնային շտեմարանում: Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ դա թույլ կտա Ճանապարհային ոստիկանությանը վերահսկողություն իրականացնել նաեւ էլեկտրոնային եղանակով՝ առանց տրանսպորտային միջոցը կանգնեցնելու:  Բացի այդ, փոխվելու է նաեւ տեխնիկական զննության պարբերականությունը,մասնավորապես. «Առաջարկվում է առաջին տեխնիկական զննությունն անցկացնել թողարկման 4-րդ տարում, մինչեւ թողարկման 10 տարին՝ 2 տարին մեկ անգամ, իսկ 10 տարեկանից բարձր՝ տարեկան մեկ անգամ: Ուղեւորափոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցները տեխզննում կանցնեն մինչեւ 10 տարեկանը՝ տարին մեկ անգամ, դրանից հետո՝ տարին երկու անգամ: Եթե կարգը խախտվի, ընդհուպ կարող է լիցենզիայից զրկում լինի»: Տեխզննման կտրոնն ավտոմեքենայի ապակուն փակցնելն այլեւս պարտադիր չի լինի:

 

 

ԲԱՐՁՐԱՑՆԵԼ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԸ

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը նախագիծ է ներկայացրել եւ առաջարկում է փոփոխություններ կատարել Հարկային օրենսգրքում: Ընդդիմադիր խմբակցությունն առաջարկում է սահմանել, որ  Հայաստանի Հանրապետության սահմանամերձ բնակավայրերի հանրակրթական ուսումնական հաստատությունների ուսուցիչների աշխատավարձի եւ դրան հավասարեցված այլ վճարումների նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվի 10 տոկոս դրույքաչափով: Ավելին, խմբակցությունը նաեւ առանձին հաշվարկ է ներկայացրել: Բանն այն է, որ ներկայումս Հայաստանի սահմանամերձ համայնքներում գործում են 197 հանրակրթական ուսումնական հաստատություններ, որտեղ աշխատում են թվով 3170 ուսուցիչներ: Նշված հաստատություններում դրույքների ընդհանուր թիվը կազմում է 3070.9, իսկ յուրաքանչյուր դպրոցին բաժին ընկնող դրույքների թիվը` 15.7: Մեկ ուսուցչի միջին ծանրաբեռնվածությունը կազմում է 0.96 դրույք, իսկ միջին ամսական դրույքաչափը` 108655.3 ՀՀ դրամ:

Առաջարկվող արտոնության տրամադրման դեպքում սահմանամերձ շրջանների ուսուցիչների եկամտային հարկի գումարի տարեկան չափը կկազմի396791770.8ՀՀ դրամ/108655.3ճ0.96x3170x10%x12ամիս/, իսկ պակաս հավաքագրվող եկամտային հարկի չափը 2021 թվականի համար կկազմի 476150124.9 ՀՀ դրամ, 2022 թվականին` 436470947.8 ՀՀ դրամ, իսկ 2023 թվականին եւ հետագա տարիներին` 396791770.8 ՀՀ դրամ:

 




Լրահոս