ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐ՝ ԲԱԲԱՅԱՆԻ ԳՈՐԾՈՎ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, նախկին փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը չի հիշում, թե 20 տարի առաջ ինչու էր հրաժարվել իրականացնել Սամվել Բաբայանի պաշտպանությունը: Ինչպես հայտնի է, օգոստոսի 20-ին  Արցախի գլխավոր դատախազության հատուկ քննչական բաժնում քրեական գործ էր հարուցվել  Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի փաստաբանից ստացված միջնորդության արդյունքում: Բանն այն է, որ վերջինս 2000 թվականին ԱՀ այն ժամանակվա նախագահ Արկադի Ղուկասյանի դեմ իրականացված մահափորձի գործով արդարացման գործընթաց է սկսել: Հիշեցնենք՝ 2000 թվականին Արկադի Ղուկասյանի դեմ մահափորձ կատարելու մեղադրանքով Սամվել Բաբայանը 14 տարվա ազատազրկման էր դատապարտվել, սակայն մոտ 4 տարի անց Բաբայանին ներում շնորհվեց: Օրեր առաջ Արցախի ԱԺ պատգամավորների հետ հանդիպմանը Սամվել Բաբայանը հայտարարել էր. «2000 թվականին իմ դեմ գործած հանցագործության համար դատախազությունում քննություն է ընթանում. կպարզեն, կճշտեն, կուղարկեն դատարան, պարզ կլինի՝ հետո ինչ է կատարվել, 2000-ին հանցագործները ովքեր էին, տեռորիստներն ովքեր էին, եւ ինչ է կատարվել: Երբ որ կպարզվի ձեր ասածը, ինքնաբերաբար կվերականգնվեն բոլոր իրավունքները»:  Ուշագրավ է, որ այդ տարիներին տարբեր հրապարակումների համաձայն՝ մարդկանց են ծեծի ենթարկել՝ փորձելով ցուցմունքներ կորզել Սամվել Բաբայանի դեմ, կամ, հակառակը, մարդկանց հեռու պահել Բաբայանի համար ինչ-որ լավ բան անելուց: Եվ, ահա, 2000 թվականի ապրիլին Ստեփանակերտում լուրեր էին տարածվել, թե երկու օր այնտեղ գտնվելուց  եւ Սամվել Բաբայանի հետ մեկուսարանում հանդիպելուց հետո ծեծի է ենթարկվել Երեւանից հրավիրված փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը: Խոսքը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի մասին է: Եվ քանի որ գործի քննությունը վերաբացվում է, «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պատգամավորից հետաքրքրվել՝ 20 տարի առաջ ինչու հրաժարվեց պաշտպանությունից, եւ արդյոք իսկապես նրան ծեծի էին ենթարկել: Եվ քանի որ գործը վերաբացվել է, ակնհայտ է՝ պետք է ցուցմունք տա նաեւ Նիկոլայ Բաղդասարյանը եւ պարզաբանի, թե ինչու Է խախտել փաստաբանի էթիկան եւ օրենքը՝ ճնշման տակ հրաժարվելով վստահորդի պաշտպանությունից։

Նախկին փաստաբանը ,այսօր արդեն իշխանական պատգամավորը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց. «Ես չեմ հրաժարվել  իր գործը վարելուց, այլ նախաքննության ավարտից հետո ինձ փոխարինել է այլ փաստաբան: 23 տարեկան էի, չեմ հիշում՝ ինչն էր պատճառը, սակայն որոշվեց, որ այլ փաստաբան մասնակցի դատաքննությանը: Այո՛, միջադեպ եղել է, սակայն իմ փոփոխությունը եղել է դրանից ամիսներ հետո: Դա չի ազդել իմ որոշման վրա»: Այս նույն հարցի վերաբերյալ փորձեցինք ստանալ նաեւ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանի տեսակետը: Վերջինս մեզ հետ զրույցում հայտարարեց, թե չգիտի՝ ինչու էր Բաղդասարյանը նման քայլի դիմել, ապա հավելեց, թե չի էլ հետաքրքրվել այդ հարցով՝ չցանկանալով այլ հարցերի պատասխանել: Հետաքրքիր է՝ ի վերջո ինչու էր Նիկոլայ Բաղդասարյանը հրաժարվել փաստաբանական գործառույթները կատարելուց:

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ այսօր եւս խորհրդարանում թեժ օր է սպասվում: Բանն այն է, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է խորհրդարանի ամբիոնից անվստահություն հայտնել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, երիտասարդության նախարար Արայիկ Հարությունյանին, իսկ խորհրդարանի պատերից այն կողմ իրականացնել բողոքի ակցիա` ընդդեմ նախարարի: Ու այս իրավիճակից չգիտի, թե ինչպես պետք է դուրս գա ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը, քանի որ ամեն գնով պետք է պաշտպանեն Հարությունյանին, ավելին՝ դեմ քվեարկեն նրա անվստահություն վերաբերյալ հարցին: «Ժողովուրդ» օրաթերթի հետ մասնավոր զրույցներում իմքայլականները հայտարարում էին, որ շատ տհաճ իրավիճակում են հայտնվել, քանի որ դեմ քվեարկել կնշանակի, որ իրենք հարմարվում են այն խայտառակ իրավիճակի հետ, որն առկա է կրթական համակարգում, մյուս կողմից էլ՝ կդառնան «դավաճան»՝ դեմ գնալով իրենց թիմի որոշումներին: Իսկ որոշումն այն է, որ այս պահին պետք է սատարել Արայիկ Հարությունյանին, իսկ երբ արդեն քաղաքական իշխանությունները կորոշեն նրան պաշտոնանկ անել, դա արդեն կլինի իրենց թիմի որոշելիքը: Այլ կերպ ասած, իշխանական ֆրակցիան ստիպված կլինի եւս մեկ անգամ զոհողությունների գնալ՝ հանուն իշխանությունների որոշման, ինչպես դա արվեց Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության ժամանակ. ստիպված քվեարկություն` հանուն թիմի:

 

 

 

Սահմանադրական դատարանն արդեն երեք նոր դատավոր ունի: Ազգային ժողովը ընտրեց բոլոր երեք թեկնածուներին՝ Երվանդ Խունդկարյանին, Էդգար Շաթիրյանին եւ Արթուր Վաղարշյանին: Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածն ասում է, որ Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորն իր պաշտոնը ստանձնում է երդումը տալուց հետո՝ անհապաղ: Սակայն երեկ խորհրդարանում նորընտիր անդամները չերդվեցին, քանի որ ինչպես նշեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, երկուսի դեպքում անհամատեղելիություն է առկա աշխատանքի հետ: Երդվելուց հետո արդեն ՍԴ բոլոր անդամները կհավաքվեն եւ իրենց միջից կընտրեն Սահմանադրական դատարանի նախագահ: «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի հոդված 19-ը ասում է, որ  Սահմանադրական դատարանի կազմից նախագահ կարող է ընտրվել այն թեկնածուն, որը ստացել է դատավորների ընդհանուր թվի ձայների երկու երրորդը, իսկ այն դեպքում, երբ առաջադրվել է մեկ թեկնածու, ապա ընտրվում է դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:  Եվ չնայած ի սկզբանե ակնհայտ էր, որ Վճռաբեկ դատարանի արդեն նախկին նախագահ Երվանդ Խունդկարյանը Սահմանադրական դատարանի նախագահ դառնալու մտադրությամբ է հրաժարվել իր այժմյան պաշտոնից, սակայն անակնկալները չեն բացառվում: Բանն այն է, որ ի սկզբանե Վահե Գրիգորյանը հենց Սահմանադրական դատարանի նախագահ դառնալու համար էր գործուղվել Սահմանադրական դատարան, սակայն այդպես էլ նրա ծրագիրը չիրագործվեց, եւ չի բացառվում, որ այժմ նա փորձի իր ուժերը եւ ինքնաառաջադրվի:

 

 

 

Հայաստանում այն քաղաքացիները, ովքեր չեն ներկայացնի նույնականացման քարտ կամ կհրաժարվեն նույնականացման քարտ ստանալուց, կվճարեն պետական տուրք: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ ոստիկանությունը մտադիր է լրացումներ կատարել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում: ՀՀ քաղաքացիները հին նմուշի անձնագիր ստանալու համար պետք է ներկայացնեն նաեւ նույնականացման քարտ, այսինքն՝ նախապես պետք է նույնականացման քարտ ունենան: Պարզվում է՝ նոր կորոնավիրուսային համավարակով պայմանավորված՝ երկրում գրեթե բոլոր պետական մարմինները, անգամ՝ մասնավոր հատվածի մի մասը, անցում են կատարել էլեկտրոնային ծառայությունների մատուցման հարթակի: Ի դեպ, քաղաքացիների կողմից էլեկտրոնային հարթակներում դիմումներ, հարցումներ, հայտեր ներկայացնելիս նույնականացման քարտը պարտադիր է: Մյուս կողմից՝ նույնականացման քարտ ստանալու համար քաղաքացին գումար է վճարում: Ստացվում է՝ նույնականացման քարտ ունենալու այս պարտադրանքը ֆինանսական նոր բեռ է քաղաքացու համար:




Լրահոս