«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է դերասան Սերգեյ Դանիելյանի հետ: Նրա հետ զրուցել ենք կորոնավիրուսային համավարակի, դրա հաղթահարման հնարավորության եւ, իհարկե, Հայաստանի ներքաղաքական կյանքի մասին: Մասնավորապես, դերասանից հետաքրքրվել ենք, թե վերջինս ինչպես է վերաբերվում Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցող գործընթացներին, ընդդիմության կողմից հնչող հայտարարություններին եւ սպասվող զարգացումներին:
-Պարո՛ն Դանիելյան, կորոնավիրուս համավարակի թվերը գնալով նվազում են: Ի՞նչ եք կարծում, արդյոք Հայաստանին հաջողվե՞լ է հաղթահարել համաճարակը:
-Հայաստանը միայնակ չի կարող հաղթահարել, դա պետք է լինի ամբողջ աշխարհով, իսկ այն, որ նվազում է, դա մեր բոլորի ջանքերի շնորհիվ է: Իմ կարծիքով՝ հենց սկզբից ճիշտ քաղաքականություն վարվեց կառավարության կողմից: Նախ՝ սկզբից փակեցին ամողջ երկիրը, երբ հասկացան, որ իմաստ չկա, ամեն ինչ բացեցին, թվերը սկսեցին աճել, բայց զսպող կառանտինային պայմաններում այն անղեկավարելի չեղավ: Ինձ թվում է՝ այս քաղաքականությունը ճիշտ էր: Տեսեք, Վրաստանն ամբողջությամբ փակեց, եւ այնտեղ գրեթե կորոնավիրուս չկար, հիմա, երբ բացել է սահմանները, թվերը վարակման սկսել են աճել, եւ կարող է կատաստրոֆայի բերել, իսկ մեզ մոտ զսպված է, եւ կարծում եմ, որ շուտով լիովին կհաղթահարենք:
-Այս ճգնաժամային իրավիճակում երկրի կառավարման գործընթացն ինչպե՞ս եք գնահատում: Ըստ ընդդիմության՝ իշխանությունները տապելել են կառավարման ոլորտը, ինչի համար անգամ ԲՀԿ-ն պահանջում է կառավարության 100 տոկոս հրաժարականը: Արդյոք, ըստ Ձեզ, պե՞տք է կառավարությունը հրաժարական ներկայացնի:
-Մանավանդ որ ԲՀԿ-ն է խոսում, լավ է, որ չխոսի, եթե մի ուրիշ ուժ լիներ, որ ինչ-որ մի լումա ունի այս պետությունը ստեղծելու մեջ, թեպետ չգիտեմ՝ նման ուժ կա մեր երկրում, թե ոչ, միգուցե դժգոհ այս կառավարությունից կարող էր նման հայտարարություն անել, իսկ ԲՀԿ-ն ընդհանրապես խոսելու իրավունք չունի. դա շինծու մի կուսակցություն է, որը ստեղծված է ադմինիստրատիվ եւ ուժային ռեսուրսի շնորհիվ: Մենք գիտենք, թե ինչպես եւ որտեղից է այդ կուսակցությունը կազմավորվել, դա որտեղից է ղեկավարվում: Մենք գիտենք ԲՀԿ-ի վերին էշելոնի գրեթե բոլոր մասնակիցներին, ինչն է նրանց պահում այդ կուսակցության մեջ: Դա ֆինանսական, բարոյահոգեբանական կախվածությունն է, այդ ղազագրերը հենց դա են վկայում: Դա կուսակցություն չէ, դա մարդկանց մի խումբ է, ովքեր հավաքվել են անձնական շահի եւ փողի համար: Ով-ով, գոնե նրանք սուս մնան, էլի: Ես այս կառավարությունը շատ ու շատ հարցերում չեմ ընդունում, ես դժգոհ եմ, որ չեն եղել խորքային ռեֆորմներ, դժգոհ եմ, որ կա այդ «ընդդիմությունը», որ ընդդիմություն է խաղում: Դա այս կառավարության անողնաշարության արդյունքն է:
-Իսկ ի՞նչն է հետ պահում իշխանություններին, որպեսզի իրականացնեն խորքային ռեֆորմներ:
-Կա՛մ վախկոտ են, կա՛մ, մենք գիտենք, մարդիկ կան, ովքեր ղեկավարվում են դրսից: Մենք Ռուսաստանի վասալն ենք, այսպես շատ ֆակտորներ կան: Խորքային փոփոխությունների համար պետք է ունենալ տեսլական, հասկանալ, թե ուր ես գնում, իսկ այսօրվա իշխանությունները չունեն դա:
-Ընդդիմությունը խոստանում է հուժկու հանրահավաք. ի՞նչ եք կարծում, արդյոք ձեւավորվելիք ընդդիմությանը հաջողվելո՞ւ է ինչ-որ հաջողություններ ունենալ՝ թեկուզ ինչ-որ մի նախարարի հրաժարական ֆորմատով: Այժմ մեծ պահանջ կա ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի. դա կհաջողվի՞ իրականացնել ընդդիմությանը:
-Հրաժարականի միգուցե հաջողվի նրանց հասնել: Մի նախարար ավել, մի նախարար պակաս, այստեղ հարցը անձերի մեջ չէ: Ինձ բոլորովին չի հետաքրքրում՝ Արայիկ Հարությունյանը հրաժարական կտա, թե ոչ, բայց հուժկու, բազմահազարանոց հանրահավաք առաջիկա տասը տարում չի լինի: Ժողովուրդը հոգնել է, չի կարող ամեն անգամ ինչ-որ մի նախարարի պատճառով բոլորս դուրս գանք փողոց:
Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
«ՊԱՊԱՅԻՑ ԲԱՆ ԴՈՒՐՍ ՉԵԿԱՎ». ԳՐԻՇԱ ԱՂԱԽԱՆՅԱՆԸ՝ ՈՐԴՈՒ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԵՐԻ ՄԱՍԻՆ
Շոումեն, դերասան Գրիշա Աղախանյանի եւ դերասանուհի Շողեր Թովմասյանի ընտանիքում նախօրեին տոն էր: Նրանց միակ որդին՝ Ալեքսանդրը, իր առաջին առաջին քայլերն է արել դեպի դպրոց: ArmLur.am-ի հետ իր հայրական զգացողություններից եւ որդու առաջին քայլերի մասին խոսել է Գրիշա Աղախանյանը։
«Որդիս՝ Ալիկը, հաճախելու է Չեխովի անվան 55 դպրոցը։ Այդ դպրոցն ինձ համար շատ հարազատ դպրոց է , քանի որ այդտեղ է հաճախել հայրս, ես, եղբայրս, հիմա արդեն երրորդ սերունդը՝ տղաս է հաճախելու»,-նշում է Գրիշան։
Մեզ հետ զրույցում նա ընդգծում է, որ ինչպես յուրաքանչյուր հոգատար եւ սրտացավ ծնող, նա նույնպես իր որդուն խորհուրդ է տվել լավ սովորել, լավ մարդ դառնալ. «Ինչ պետք է հայրն ասի որդուն, որ պետք է լավ սովորես, լավ մարդ դառնաս. այսպիսի խորհուրդներ եմ տվել որդուս։ Ի զարմանս ինձ՝ երեխան շատ լավ գնաց դպրոց: Ճիշտ է, առաջին հանդիպումն էր եւ շատ ոգեւորված դուրս եկավ դպրոցից։ Դպրոցից դուրս գալուց հետո, երբ հարցրի՝ ինչպես էր, ասաց՝ ամեն ինչ նորմալ է։ Չգիտեմ՝ մի քիչ սպասում էի, որ կարող է լարված լիներ կամ դուրը չգար , բայց շատ ոգեւորված, լավ տրամադրությամբ դուրս եկավ»։
Գրիշա Աղախանյանի խոսքով՝ մեծ հույսեր է կապում որդու լավ ապագայի հետ։ Ծնողները ցանկություն ունեն, որ փոքրիկ Ալեքսանդրը բժիշկ դառնա։ «Ալիկի մասնագիտության առումով կցանկանայինք, որ ընտրեր բժշկի մասնագիտությունը, պապայից բան դուրս չեկավ, գոնե որդիս կլրացնի այդ բացը։ Մի խոսքով, տրամադրված ենք, որ բժիշկ դառնա, եւ ինքն էլ արդեն տրամադրվել է, բայց դե, կարծում եմ, որ ժամանակը շատ բան կփոխի»,-կատակով ասում է դերասանը։
Հարցին, թե ինչ հետաքրքիր հիշողություններ, դրվագներ կարող է պատմել իր դպրոցական տարիներից, մեր զրուցակիցը չկարողացավ մտաբերել, սակայն հավելեց, որ այդ տարիներն իր կյանքում զբաղեցնում են առանձնահատուկ տեղ։
«Իմ դպրոցական տարիներից դրվագներ, որպես այդպիսին, չեմ հիշում այս պահին, բայց հիշում եմ, որ այդ տարիներն ամենահավես տարիներն են եղել իմ կյանքում եւ շատ լավ տպավորություններ են թողել։ Այդ տասը տարիներն անցել են շատ հավես իր ամեն ինչով»,-եզրափակում է մեր զրուցակիցը։
Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ՎԱՐԱԿՎԵԼ Է ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՎ
Իտալական «Միլանի» հարձակվող Ռաֆայել Լեաուն վարակվել է կորոնավիրուսով: Այդ մասին 21-ամյա պորտուգալացի ֆուտբոլիստը հայտնել է սոցցանցերում: Այս պահին Լեաուն ինքնամեկուսացման մեջ է: Նա թիմի հավաքին չի մասնակցում հենց սկզբից: Նախորդ մրցաշրջանում պորտուգալացին «Միլանի» կազմում մասնակցել է 33 խաղի, դարձել 6-ական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:
ԾԱՆՐ ՎԻՃԱԿՈՒՄ Է
Թուրինի «Յուվենտուսը» ֆինանսական ծանր վիճակում է հայտնվել նախորդ մրցաշրջանի պատճառով: ANSA-ի համաձայն՝ ֆուտբոլի Իտալիայի չեմպիոնը կրել է 71.4 միլիոն եվրոյի վնաս: Դա մոտ 30 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Թուրինցիների եկամուտը նվազել է մոտ 63 միլիոն եվրոյով, իսկ ընդհանուր պարտքը հասել 382,2 միլիոնի: «Յուվենտուսի» կրած վնասները հիմնականում կապված են կորոնավիրուսի պանդեմիայի հետ:
ՀԱՂԹԱՀԱՐԵԼ Է
Ֆուտբոլի Դանիայի հավաքականի եւ շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսի» նախկին հարձակվող Բրայան Լաուդրուպը պատմել է, որ քաղցկեղի դեմ 10 տարվա պայքարի արդյունքում կարողացել է ամբողջությամբ հաղթահարել հիվանդությունը: 10 տարի առաջ 51-ամյա դանիացու մոտ ախտորոշվել էր ֆոլիկուլյար լիմֆոմա, որն արյան քաղցկեղի դանդաղ զարգացող տեսակ է: «Այսօր 10 տարվա բուժումներից հետո ես հետազոտվեցի, եւ պարզվեց, որ առողջ եմ: Հսկայական շնորհակալություն Ռիգշոսպիտալետի հիվանդանոցի այս հրաշալի բուժանձնակազմին»,-նշել է Լաուդրուպը:
Նշենք, որ Բրայան Լաուդրուպը 1994-1998-ը 116 հանդիպում է անցկացրել «Գլազգո Ռեյնջերսի» կազմում եւ դարձել Շոտլանդիայի եռակի չեմպիոն: Նա խաղացել է նաեւ Մյունխենի «Բավարիայում», Լոնդոնի «Չելսիում» ու Ամստերդամի «Այաքսում»: Դանիայի հավաքականում հարձակվողն անցկացրել է 82 հանդիպում եւ դարձել «Եվրո-1992»-ի հաղթող:
ՀԱՐՁԱԿՎԵԼ Է ԵՐԿՐՊԱԳՈՒԻ ՎՐԱ
Սկանդալային միջադեպ է գրանցվել «Համբուրգի» եւ Դրեզդենի «Դինամոյի» միջեւ ֆուտբոլի Գերմանիայի գավաթի խաղարկության առաջին շրջանի խաղում: Դրեզդենում տեղի ունեցած հանդիպման վերջում «Համբուրգի» պաշտպան Տոնի Լյայստները բարձրացել է տրիբունա եւ հարձակվել «Դինամոյի» երկրպագուներից մեկի վրա: Գերմանացի ֆուտբոլիստին կանգնեցրել են մյուս երկրպագուներն ու ստադիոնի անվտանգության աշխատակիցները:
Այդ խաղում «Համբուրգը» պարտվել է 1:4 հաշվով եւ դուրս մնացել պայքարից: