ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԸ ՈՐՈՇՈՒՄ Է ԿԱՅԱՑՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպանն իր աջակցությանը դիմած քաղաքացու գործով կայացրել է մարդու իրավունքների կամ ազատությունների խախտման առկայության մասին որոշում։

 

Քրեական գործով վարույթի շրջանակում վկայի դատավարական կարգավիճակ ունեցող անձի ազատ տեղաշարժվելու իրավունքին առնչվող որոշմամբ Պաշտպանն արտահայտել է հստական իրավական դիրքորոշումներ՝ Սահմանադրության ու միջազգային իրավաբանության արդի չափանիշների ներքո։ ՄԻՊ-ին բողոք է ներկայացրել փաստաբան եւ հայտնել, որ իր վստահորդը քրեական գործով կանչվել է հարցաքննության՝ որպես վկա: Փաստաբանը նշել է, որ իր վստահորդը, ունենալով վկայի կարգավիճակ, փորձել է հատել ՀՀ պետական սահմանը, սակայն Սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգում առկա տվյալների հաշվառմամբ՝ նրան դա անել չեն թույլատրել:

ՄԻՊ-ին ոստիկանությունը տրամադրել է պարզաբանումներ, որ այդ անձը, ոստիկանության ձեւակերպմամբ լինելով նշված քրգործով կարեւոր ականատես-վկա եւ նույնիսկ դեպքի հնարավոր մասնակից, բացակայել է իր մշտական բնակության վայրից, չի արձագանքել ոստիկանության բազմաթիվ կանչերին, չի ներկայացել ո՛չ հետաքննության, ո՛չ նախաքննության մարմիններին, նրա գտնվելու վայրն անհայտ է եղել, ուստի ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ, այդ թվում՝ սահմանահատումների նկատմամբ սահմանվել է հսկողություն:

Ազատ տեղաշարժվելու իրավունքն անձի միջազգային իրավունքով եւ ներպետական օրենքով, այդ թվում՝ Սահմանադրությամբ երաշխավորված անքակտելի իրավունքներից է։ Ընդ որում, Հայաստանը միջազգային փաստաթղթերի վավերացմամբ, ի թիվս այլնի, ստանձնել է պոզիտիվ պարտավորություն այդ իրավունքի պատշաճ իրացման համար անհրաժեշտ պայմաններ ստեղծելու եւ օրենքով նախատեսված հիմքերի առկայության պայմաններում ու սահմանված նպատակների պահպանմամբ այդ իրավունքի իրավաչափ սահմանափակում իրականացնելու համար։

Նշվածի կապակցությամբ ՄԻԵԴ-ը դիրքորոշում է հայտնել,, որ անձի տեղաշարժման ազատությունը սահմանափակող ցանկացած միջոց պետք է լինի օրինական, հետապնդի իրավաչափ նպատակ եւ արդար հավասարակշռություն ապահովի հանրային շահի եւ անձի մասնավոր իրավունքի միջեւ: Այս կապակցությամբ ՄԻՊ-ն արձանագրում է, որ անձի ազատ տեղաշարժվելու իրավունքի պատշաճ իրացման համար պետք է ստեղծել անհրաժեշտ պայմաններ, այդ թվում՝ օրենքով նախատեսված հիմքերի առկայության պայմաններում ու սահմանված նպատակների պահպանմամբ այդ իրավունքի իրավաչափ սահմանափակում իրականացնելու համար: Քրգործով վկա կամ տուժող հանդես եկող անձանց նկատմամբ այդպիսի սահմանափակումների կիրառման պրակտիկան, անգամ եթե այն վարույթի մասնակցի դատավարական պարտականությունների ապահովման իրավաչափ նպատակ է հետապնդում, օրինական եւ հիմնավորված կարող է լինել միայն, եթե այդ նպատակի իրագործմանն ուղղված ընթացակարգն ունի օրենքով նախատեսված հիմքեր:

Անձի տեղաշարժվելու իրավունքի իրացման հետ կապված հարցերը, մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա, քննարկման առարկա են դարձվել ՀՀ Սահմանադրական դատարանի 2017թ. ապրիլի 4-ի ՍԴՈ-1360 որոշմամբ: Ըստ այդմ, արձանագրվել են իրավական այն չափանիշները, որոնց գնահատմամբ կարելի է պարզել Հայաստանում անձի տեղաշարժվելու իրավունքի քննարկման առարկա հանդիսացող սահմանափակման միջամտության աստիճանը: Մասնավորապես, դրանք են.

1) ազատ տեղաշարժվելու իրավունքը սահմանում է մարդու եւ քաղաքացու տեղաշարժվելու ազատության ծավալները եւ սահմանները, ինչն արգելում է պետության ոչ իրավաչափ միջամտությունը,

2) այս իրավունքը բացարձակ չէ, եւ այն կարող է սահմանափակվել օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում եւ սահմանված նպատակների պահպանմամբ,

3) ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումը պետք է սահմանված լինի օրենքով,

4) այդ իրավունքի ողջամիտ եւ համաչափ օրենսդրական կարգավորումը ենթադրում է հանրային եւ մասնավոր շահերի արդարացի հարաբերակցության ապահովում՝ առանց նվազեցնելու եւ ոչ իրավաչափ սահմանափակելու մարդու եւ քաղաքացու անհատական ազատության ծավալները եւ սահմանները,

5) ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակումը պետք է հետապնդի իրավաչափ նպատակ,

6) այդ իրավունքի սահմանափակման ծավալները եւ սահմանները պետք է համաչափ լինեն հետապնդվող նպատակին:

Սահմանադրական դատարանը, վերը նշված որոշմամբ անդրադառնալով դիմողի կողմից բարձրացված՝ վկայից, տուժողից անձնագիր վերցնելու, ինչպես նաեւ ՍԷԿՏ համակարգի միջոցով վկայի եւ տուժողի տեղաշարժվելու ազատությունը սահմանափակելու հիմնահարցին, արձանագրել է, որ ՀՀ որեւէ իրավական ակտով նման պահանջ չի նախատեսվում: Այս խնդրին ՄԻՊ-ը բազմիցս անդրադարձել է նաեւ իր գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումներում:

Մարդու իրավունքների կամ ազատությունների խախտման առկայության մասին որոշմամբ Պաշտպանը վերահաստատել է իր եզրահանգումը եւ արձանագրել, որ վկայի կամ տուժողի դատավարական կարգավիճակ ունեցող անձանց նկատմամբ ազատ տեղաշարժվելու սահմանափակման կիրառման պրակտիկան, անգամ եթե այն վարույթի մասնակցի դատավարական պարտականությունների ապահովման նպատակ է հետապնդում, օրինական եւ հիմնավորված կարող է լինել միայն, եթե այդ նպատակի իրագործմանն ուղղված ընթացակարգն ունի Քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմքեր, ուստի անձի ազատ տեղաշարժվելու իրավունքին նշված միջամտությունն իրավունքի խախտում է:

Ն.Պ.

 

 

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆ՝ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց  «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորների նոր օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է ուղեւորափոխադրումների կազմակերպմամբ զբաղվողներին պահուստային տրանսպորտային միջոցների համար պետտուրքի գծով արտոնություն տալ:

 

Պատգամավորներ Արթուր Դալլաքյանի, Արտյոմ Ծառուկյանի, Արթուր Գրիգորյանի՝ ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 119 կողմ ձայն:

Նախագիծը ներկայացնելիս Արթուր Դալլաքյանը նշել էր, որ «Պետական տուրքի մասին» օրենքը սահմանում է, որ կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից միջմարզային, ներմարզային, ներքաղաքային երթուղիների շահագործման կամ ավտոբուսներով, միկրոավտոբուսներով ուղեւորափոխադրումների կազմակերպման  արտոնագիր տրամադրելու համար պետական տուրքի հաշվարկման նպատակով հիմք է ընդունվում տվյալ ասմվա ընթացքում տվյալ երթուղու սպասարկման նպատակով շահագործվող ավտոբուսների կամ միկրոավտոբուսների քանակը: Ընդ որում, պետական տուրքի հաշվարկման նպատակով ավոտբուսների կամ միկորավտոբուսների քանակը չի կարող պակաս լինել տվյալ երթուղու սպասարկման համար անհրաժեշտ ավտոբուսների եւ միկրոավտոբուսների՝ ներառյալ պահուստային տրանսպորտային միջոցների քանակից: Արդյունքում էականորեն բարձրանում է ուղեւորափոխադրողների կողմից վճարվող տուրքի չափը, քանի որ պահուստային տրանսպորտային միջոցները նույնպես դրվում են տուրքի հաշվարկման հիմքում:

Նախագծով առաջարկվում է պետական տուրքի գծով արտոնություն տալ բացառապես պահուստային տրանսպորտային միջոցների համար, եթե կազմակերպությունները եւ անհատ ձեռնարակատերերը զբաղվում են միջմարզային, ներմարզային, ներքաղաքային երթուղիների շահագործմամբ կամ ավտոբուսներով, միկրոավտոբուսներով ուղեւորափոխադրումների կազմակերպմամբ:

 

 

 

ՆԱԽԱԳԻԾԸ ՔՆՆԱՐԿՎԵԼ Է

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանի եւ Շաքե Իսայանի ներկայացրած օրենքի նախագիծը, որով սահմանվում է, որ զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամները եւս կկարողանան օգտվել հանրային պաշտպանի գրասենյակի անվճար ծառայություններից:

««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծն Ազգային Ժողովի նիստում ներկայացրեց Նաիրա Զոհրաբյանը:

«Փաստաբանության մասին» գործող օրենքով սահմանված է, որ Հայաստանը երաշխավորում է անվճար իրավաբանական օգնություն, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանության ժամանակ զոհված, մահացած զինծառայողների ընտանիքներին: «Մենք գտնում ենք, որ այս կարգավորումը բավականին խնդրահարույց է, վերաբերմունքն արդարացի չէ այն զինծառայողների ընտանիքների անդամների հանդեպ, որոնց զավակները Զինված ուժերում իրենց ծառայությունն իրականացնելու ընթացքում մահացել են այլ հանգամանքներում»,- ասաց Զոհրաբյանն ու հավելեց՝ սեւազգեստ մայրերը, զոհված զինծառայողների հարազատները քանիցս Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի հանձնաժողովում բարձրացրել են պետության կողմից իրենց անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու հարցը:

Պատգամավորի խոսքով՝ նրանց իրավունքների պաշտպանությունը Հանրային պաշտպանի գրասենյակի կողմից կկազմակերպվի այնպես, որ ապահովվի յուրաքանչյուր շահառու հանդիսացող անձի իրավունքների արդյունավետ պաշտպանությունը: Առաջին ընթերցմամբ քննարկումից հետո կառավարությունից ստացվել է մեկ առաջարկ, այսպիսով նախագծում տրվել է հետեւյալ ձեւակերպումը՝ սահմանված կարգով հաստատված զինվորական ծառայության հետ պատճառական կապով զոհված, մահացած զինծառայողի ընտանիքի անդամները:

Զոհրաբյանը հիշեցրեց, որ անվճար իրաբանական օգնություն չի կարող տրվել ձեռնարկատիրական բնույթի գործերով՝ ներառյալ կորպորատիվ վեճեր, նվազագույն աշխատավարձի հազարապատիկը գերազանցող գույքային պահանջով գործերով՝ բացառությամբ այն գործերի, որտեղ անձը հանդես է գալիս որպես պատասխանող կամ պատասխանի կողմում հանդես եկող երրորդ անձ, եւ եթե առկա են դիմող անձի անվճարունակությունը ժխտող փաստական հավաստի տվյալներ:

 




Լրահոս