ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տասնյակ վիրավոր զինվորներ են փրկվել մահվան ճիրաններից. նրանք ուզում են արագ շարք վերադառնալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ստեփանակերտի բժշկական կենտրոնում բժիշկները շուրջօրյա առաքելությամբ պայքարում են վիրավոր զինծառայողների կյանքի և առողջության համար, զինվորներն էլ արագ շարք վերադառնալ են ցանկանում։

Այս մասին տեղեկանում ենք «Զինուժ մեդիա»-ի տեսանյութից, որն իր էջում տեղադրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Մեր բժիշկների արհեստավարժության շնորհիվ տասնյակ վիրավորներ բառացիորեն փրկվում են մահվան ճիրաններից, իսկ նրանց սրտացավության մասին նույնիսկ խոսելն ավելորդ է. նրանք պայքարում են ամեն զինվորի կյանքի ու առողջության համար, ինչպես սեփական որդու համար կպայքարեին»,- տեսանյութին կից գրառում է կատարել Ստեփանյանը:

Տեսանյութը Ստեփանակերտի բժշկական կենտրոնում է արված, որտեղ պառկած զինծառայողներից մեկն ասում է, որ վիրավորվել է իր առջև դրված խնդիրը կատարելիս։ Բժիշկներից մեկը ԲԿ-ում սեպտեմբերի 27-ից կամավորության սկզբունքով է աշխատում և ընդգծում է, որ իր նման շատ բժիշկներ կան. «Զինվորները հիմնականում շատ արագ հետ են ուզում գնալ, անգամ ունեցել եմ վիրավոր, ով պայքարում էր, որպեսզի մենք արագ մեր աշխատանքն անենք, ինքն էլ շարք վերադառնա»։ Սարքավորումների և դեղորայքի պակասը համալրվում է, ամեն ինչ կատարվում է բարձր մակարդակով։ Բժիշկներն իրականացնում են ամեն հնարավոր բան, որպեսզի զինծառայողները շուտ վերադառնան շարք։ Այն զինծառայողները, որոնք երկարատև բուժման կարիք ունեն՝ ուղարկվում են այլ բուժհաստատություններ՝ և՛ Արցախի, և՛ Հայաստանի։




Լրահոս