ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻ ԹԻՎԸ ԿԱՎԵԼԱՆԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետթյան էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի կողմից մշակվել է Հայաստանի զբոսաշրջության 2021-2030 թվականների ռազմավարությունը: Էկոնոմիկայի նախարարությունը այն ներկայացրել է կառավարության քննարկման:

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից վստահեցնում են, որ այս ամենի արդյունքում Հայաստան այցելուների թիվը կավելանա, ավելին՝ կխթանվի ներքին զբոսաշրջությունը: Կբարելավվեն ենթակառուցվածքների եւ մատուցվող ծառայությունների որակը:

Բացի այս, մինչեւ 2030 թվականը ռազմավարության իրատեսական սցենարի իրականացման արդյունքում ընդհանուր տարեկան աճի տեմպի պահպանման պայմաններում ակնկալվում է հասնել հետեւյալ զբոսաշրջության ցուցանիշներին. 4,3 մլն միջազգային զբոսաշրջային այցելություններ՝ 8 տոկոս աճ, 3,4 մլրդ դոլար զբոսաշրջային ծախսեր՝ 8 տոկոս աճ, 85 հազար մշտական աշխատատեղերի ստեղծում՝ 6 տոկոս աճ։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Էկոնոմիկայի նախարարությունը ռազմավարության մեջ նշել է նվազ կայացած, սակայն բացառիկ զբոսաշրջային ներուժ ունեցող ուղղությունները:

Դրանցից, օրինակ, Սեւանա լիճն իր շրջակայքով հանդիսանում է Գեղարքունիքի մարզի այցեքարտը եւ գրավում է հիմնականում տեղացի զբոսաշրջիկներին: Չնայած սեզոնային սահմանափակումներին եւ բնապահպանական խնդիրներին՝ Սեւանա լճի ներուժը զբոսաշրջության տեսանկյունից ամբողջությամբ օգտագործված չէ, եւ ճիշտ ներդրումների շնորհիվ հնարավոր է ավելացնել ազդեցությունը, մարզային այցելությունների քանակը եւ զբոսաշրջիկների կողմից մարզում անցկացվելիք ժամանակը:

Իսկ, ահա, Կապանը, Գորիսին եւ Տաթեւին մոտ գտնվելով, կարող է ավելի շատ զբոսաշրջիկներ գրավել դեպի քաղաք եւ տարածաշրջանի պահպանվող տարածքներ: Բայց ճանապարհային ցանցերը չափազանց սահմանափակ են, ինչը խոչընդոտում է զբոսաշրջիկների տեղաշարժին։ Այս տարածաշրջանի ոչ լիարժեք օգտագործումը բաց է թողնում հնարավորությունը աջակցել բնության զբոսաշրջության զարգացմանը, շահույթ ստանալ կացարանների եկամուտներից եւ ապահովել միջսահմանային զբոսաշրջության աճ Իրանից։ Ի դեպ, այստեղ է գտնվում նաեւ Կապանի՝ ներքին չվերթեր սպասարկող օդանավակայանը, որը ներկայումս վերակառուցվում է։ Տեղական չվերթերը կարող են զգալիորեն ավելի հեշտացնել զբոսաշրջիկների ժամանումը երկրի այս հատված։ Եթե այս օդանավակայանին տրվի միջազգային կարգավիճակ, հնարավոր կլինի ակտիվացնել տարածաշրջանային թռիչքները դեպի տարբեր երկրներ։

Հանդիսանալով Իրանի հետ սահման՝ Մեղրին կարող է կարեւոր հանգույց դառնալ տարածաշրջանային այցելությունների համար եւ Իրանի բնակիչների եւ Իրան այցելող զբոսաշրջիկների համար: Բայց քաղաքի զարգացման հիմնական խնդիրներն են ճանապարհները, տրանսպորտային որակյալ հանգույցի բացակայությունը եւ սահմանափակ գիշերակացի հնարավորությունները:

Սիսիանը՝ որպես երկրորդային քաղաք, ունի զբոսաշրջային մեծ ներուժ տարածաշրջանի համար այլընտրանքային նպատակակետ դառնալու համար: Շաքիի ջրվեժը, Որոտանի կիրճը, որոնք գրավիչ են բնության սիրահարների համար, մշակութային առաջարկներն ու հյուրընկալ բնակիչները, որոնք պատրաստ են զբոսաշրջիկների հետ շփմանն ու սպասարկմանը, հանդիսանում են այս տարածաշրջանի այցեքարտը:

Ս.Հ.

 

 

ՆԱԽԱԳԻԾՆ ԸՆԴՈՒՆՎԵՑ

ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով: Օրենքի նախագծի ընդունմամբ ընդլայնվեցին Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի լիազորությունները: Ներկայացված օրինագծով ուժեղացվեց տեսչական մարմնի կասեցումների ինստիտուտը, որի միջոցով տեսչական մարմինը հնարավորութուն է ունենալու մարդու կյանքին, առողջությանը, շրջակա միջավայրին սպառնացող վտանգների դեպքում տեղում անհապաղ կասեցնել տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը՝ օրենքով սահմանված 10 դեպքերով: Տեսչական մարմնին վերապահվեց նաեւ դիտարկումներ իրականացնելու գործիք: Օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվեց 99 «կողմ» եւ 1 «դեմ» ձայներով:

 

 

ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ ՆԵՐԱՌՎԵԼ Է

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովն  ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունների շարքում ներառել նաեւ հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը: ««Պաշտպանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն ԱԺ նիստում ստացավ 99 «կողմ» ձայն: Նախագիծն ԱԺ նիստում ներկայացրել է ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը: «Նախագծով առաջարկվում է պաշտպանության ոլորտում կառավարության լիազորությունների շարքում ներառել նաեւ հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը հաստատելու իրավասությունը: Ներկայումս գործում է հանրապետության նախագահի հրամանագրով հաստատված համապատասխան պլանը»,-ասաց Բալայանը:

Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի կառավարության որոշմամբ հաստատել հանրապետության տնտեսության զորահավաքային նոր պլան, ինչն առավել արդիական է ներկայումս Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների եւ ՀՀ-ում հայտարարված ռազմական դրության պայմաններում: Սրանից բխող միջոցառումների շարքում էական դեր ունի հանրապետության տնտեսության զորահավաքային պլանը: Կառավարությունն առաջարկել է օրենքի նախագծի ընդունումը համարել անհետաձգելի եւ քննարկել 24-ժամյա ռեժիմով: Փոխնախարարը նաեւ տեղեկացրեց, որ հանրապետության տնտեսության զորահավաքային պլանի նախագիծն արդեն մշակված եւ համաձայնեցված է Էկոնոմիկայի նախարարության հետ: Օրենքի նախագծի ընդունումից եւ ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո այն կներկայացվի կառավարության հաստատմանը։

 

 

ԱԳՆ-Ի ԿՈՉԸ

Չդադարեցնելով ռազմական նպատակներին հասնելու անհաջող փորձերն ու կրելով կենդանի ուժի եւ զինտեխնիկայի լուրջ կորուստներ՝ Ադրբեջանի զինված ուժերը՝ Թուրքիայի անմիջական վերահսկողության եւ կառավարման ներքո, սրընթաց աճող ինտենսիվությամբ շարունակում է հարձակումները Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության եւ քաղաքացիական ենթակառուցվածքների վրա: Այս մասին ասված է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

«Ստեփանակերտը, Շուշին, Մարտակերտը, Մարտունին, Հադրութը եւ հանրապետության այլ բնակավայրեր գտնվում են հրթիռառմբային զանգվածային հարձակումների տակ: Խաղաղ բնակչության եւ քաղաքացիական օբյեկտների վրա անդադար հարձակումները ոչ մի կասկած չեն թողնում, որ Մերձավոր Արեւելքից ահաբեկչական կազմակերպությունների զինյալների աջակցությամբ Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի իրական նպատակը Արցախի Հանրապետության ժողովրդի ոչնչացումն է՝ որպես Հայոց ցեղասպանության քաղաքականության շարունակություն: Ընդգծում ենք, որ հանցավոր եռակողմ դաշինքին ռազմական աջակցություն ցուցաբերող երկրները, մասնավորապես՝ նրանք, որոնք հարձակողական զենք եւ զինամթերք են տրամադրում, որոնցով թիրախավորվում են խաղաղ բնակչությունն ու քաղաքացիական ենթակառուցվածքները, անկասկած իրենց բաժին պատասխանատվությունն են կրում մարդկության դեմ շարունակվող հանցագործության համար: Մասնավորապես, աղաղակող փաստ է, որ զենքի մատակարարումն իրականացվում է ընդլայնվող ռազմական ագրեսիայի պայմաններում, երբ ողջ քաղաքակիրթ աշխարհը դատապարտում է ուժի կիրառումը եւ կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները:

Կոչ ենք անում համապատասխան երկրների կառավարություններին դադարեցնել վտարյալ պետությունների եւ միջազգային ահաբեկչության կողմից Արցախի դեմ իրականացվող ագրեսիայի սնուցումը, դադարեցնել զենքի մատակարարումը հանցավոր եռակողմ դաշինքին, ինչպես նաեւ չտրամադրել իրենց տարածքն ու օդային տարածությունը Ադրբեջան եւ Թուրքիա ռազմական մատակարարումներ իրականացնելու համար:

Եվս մեկ անգամ կոչ ենք անում միջազգային հանրությանը ճանաչել Արցախի Հանրապետության անկախությունը, ինչը թույլ կտա վերացնել Արցախի ժողովրդի գլխին կախված էքզիստենցիալ վտանգը, վերջ տալ Արցախի դեմ անմարդկային ագրեսիային եւ վերականգնել երկարաժամկետ խաղաղությունն ու կայունությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում»,- նշված է հայտարարությունում:

 




Լրահոս