ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկվա կոչն ուղղված ՏԻՄ-երի ղեկավարներին, անարձագանք չմնաց: Ժամեր անց ամբողջ սոցիալական ցանցը ողողված էր ՏԻՄ ղեկավարների կողմից հայտարարություններով՝ սահման մեկնելու պատրաստակամության մասին: Ամենաակտիվն այս հարցում թերեւս Արմավիրի մարզն էր:
Արմավիրի քաղաքապետ Դավիթ Խուդաթյանն առաջիններից էր, որ Ֆեյսբուքի իր էջում գրեց.
«Հայրենիքի պաշտպանության խրամատը սրբություն սրբոց է, այդ խրամատում գտնվելը՝ մեծագույն պատիվ ինձ համար: Եվ ուրեմն, այս պահից սկսած ձևավորում ենք կամավորական ջոկատ և գնում ենք մեր բաժին հաղթանակի հետևից»:
Նրան հաջորդեց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը՝ ասելով. «Ես՝ Հայաստանի միակ կին քաղաքապետս, հայտարարում եմ, որ այսօրվանից կամավորագրվում եմ Հայրենիքի պաշտպանությանը և գնալու եմ իմ բաժին հաղթանակի հետևից»:
Ապա Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը հայտնեց. «Հպարտությամբ փաստում եմ, որ մարզի բոլոր համայնքների ղեկավարներն իմ գլխավորությամբ պատրաստ են զինվորագրվելու Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին և մեկնելու Արցախ՝ մեր արդար պայքարն իր հաղթական ավարտին հասցնելու համար»:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին արձագանքել են նաև Իջևանի քաղաքապետ, վարչապետի քավոր Հայկ Ղալումյանը. Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը : Սակայն այսքանով վարչապետի կոչին հետևողների ցանկը չի ավարտվում. ժամ առ ժամ նոր ջոկատներ են ձևավորվում՝ սահման մեկնելու պատրաստակամությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում: