«Մենք պետք է համապատասխան եզրահանգումներ անենք»․ «Փաստ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հիմա, երբ հայ ժողովուրդը մեծ պատերազմ է մղում ադրբեջանաթուրքական հրոսակների դեմ, ռազմաճակատից զատ չափազանց կարեւոր է նաեւ թիկունքն ամուր պահելը: Հայաստանի գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը «Փաստի» հետ զրույցում նշում է. «Թեպետ որոշ դժվարությունների առկայությանը, մեր քաղաքացիները նախ՝ տնտեսության ակտիվությունը պահելու համար իրենց գնումների ծավալները պետք է պահպանեն: Երկրորդ բաղադրիչը լավատես լինելն է, ու ըստ այդմ իրենց հեռահար պլանները չհետաձգելը: Շատ կարեւոր է հոգեբանական պահը, այն, որ հուսահատություն չլինի, սպասողական կեցվածք չլինի»:

Միեւնույն ժամանակ տնտեսագետը նշում է, որ չենք կարող թույլ տալ, որ տնտեսությունը տապալվի, որովհետեւ տնտեսություն պահելը միայն գործատուների խնդիրը չէ, նաեւ քաղաքացիների խնդիրն է:

Հրապարակախոս, մշակութաբան Կարինե Հակոբյանն էլ «Փաստի» հետ զրույցում նշում է, որ թիկունքը որոշակի գործողություններ նախաձեռնելու եւ իրականացնելու համար է, որոնք ճիշտ է հենց պատերազմի ընթացքում անելը։ «Նկատի ունեմ տարբեր ոլորտներում` բնապահպանության, տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, մեր պետական քաղաքականությունը, որը արմատական փոփոխությունների կարիք ունի:

Երբ այս պատերազմից հաղթանակած դուրս գանք, բայց շարունակենք ապրել եւ գործել այնպես, ինչպես ապրել եւ գործել ենք վերջին երեսուն տարվա ընթացքում, ոչինչ չի փոխվելու։ Հզոր, կենտրոնացած եւ առողջ պետություն ունենալու հարցն է այստեղ։ Մենք պետք է համապատասխան եզրահանգումներ անենք»,- ասաց Հակոբյանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




Լրահոս