«ԲՈԼՈՐԻՍ ՀԵՐՈՍ ԾԱՂՐԱԾՈՒՆ ԷՐ». ՍԱՐԳԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պատերազմի այս օրերին հայրենիքի նկատմամբ իրենց պարտքն են կատարում նաեւ մշակութային գործիչներ, դերասաններ, երգիչներ,  որոնք, բացի թիկունքում մարդասիրական օգնությունից, նաեւ զենք են վերցրել եւ մեկնել հայրենիքի պաշտպանության: Նրանցից էր նաեւ  Երեւանի մնջախաղի պետական թատրոնի մնջախաղաց-դերասան Հովհաննես Հաջինյանը, որը երեկ հայրենիքի նկատմամբ իր պարտքը կատարեց կյանքի գնով:

 

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հերոս ծաղրածուի մասին խոսել է նրա մտերիմ ընկերներից դերասան Սարգիս Գրիգորյանը:

«Նա իմ ամենամտերիմ ընկերներից էր, ներկա էր իմ բոլոր միջոցառումներին: Մեր ընկերության մեջ համ ու հոտն էր, գույնն էր, եթե նույնիսկ ընկերներով իրարից ինչ-որ բանից նեղանում էինք, իրենից անհնար էր նեղանալ: Ինքը սիրում էր կյանքը, սիրում էր Երեւանը, սիրում էր լույսը եւ երբեք  խավարին, կեղծավորությանը, նախանձին չտրվեց՝ անկախ իր սկզբունքներից: Նա բոլորի մեջ հաշտություն էր փնտրում, եւ նա ուզում էր, որ բոլորս քաղաքին, երկրին, իրավճակին նայենք ժպիտի եւ թեթեւության տեսանկյունից:  Իզուր չէր, որ մենք կորցրեցինք մի մարդու, ով կարող էր դեմքը ներկել, փուչիկները ձեռքը վերցնել եւ ուղղակի գնալ քաղաք մարդկանց, մանուկներին ուրախացներ, եւ անում էր դա շատ հաճախ: Ես իր նման երկրորդին չեմ ճանաչում, ուղղակի ուզում էր, որ բոլորը  ժպտան՝ անկախ ամեն ինչից: Մենք ասում էինք՝ Հո՛վ, ախր այսպես, ախր այնպես, մեզ ասում էր՝ տղե՛րք, ուղղակի եկեք ուրախանանք, եկեք միասին մի լավ բան նախաձեռնենք: Ինքը վատին մեջքով էր շրջվում, արհամարհում էր, չէր վիճում, չէր կռվում եւ մեզ էլ իր տրամադրությամբ ստիպում էր արհամարհել, եւ ուզում եմ նշել, որ իր վերջին ծնունդը նշել ենք հենց Արցախում»,-պատմում է դերասանը:

Սարգիս Գրիգորյանը մեզ հետ զրույցում անկեղծ նշում է, որ նրանից նման քայլ չէր սպասում, քանի որ նա խաղաղության կողմնակիցն էր:

«Ես, անկեղծ, չէի սպասում իրենից  նման բան, նա ինձ համար ուրիշ տեսակ էր, ես նրան չէի տեսնում պատերազմում, քանի որ նա խաղաղության ջատագովն էր, բայց երեւի զգաց, որ իր տեղը մեր մյուս կռվող տղաների կողքին է: Նա առաջնագիծ մեկնելուց  առաջ ոչ մեկի հետ չի խորհրդակցել, ոչ մեկս չենք իմացել, որ նա Արցախում է: Մենք գիտեինք, որ նա Շամշադինում է: Մինչեւ Արցախ մեկնելը մի քանի անգամ դիմել է գնալու համար, բայց ասել են՝ դեռ սպասիր, բայց նա ամեն ինչ արել է, որ հասնի Արցախ: Աստված իրեն  հետ է պահել, բայց նա ամեն ձեւ ձգտել է գնալ Արցախ, եւ երեւի հայրենիքն իրեն կանչում էր, չգիտեմ, որպեսզի դառնա մեր բոլորիս հերոս ծաղրածուն,-հավելում է Սարգիս Գրիգորյանը:

Նշենք, որ Հովհաննես Հաջինյանը ծնվել է 1981թ. ապրիլի 10-ին Երեւանում: 2003թ. եղել է «Միմ Ստուդիո» թատերախմբի համահիմնադիրը, որի շրջանակներում մասնակցել է մի շարք փառատոնների, մրցույթների եւ արժանացել մրցանակների:

2013թ.-ից աշխատում էր Երեւանի մնջախաղի պետական թատրոնում` որպես մնջախաղաց-դերասան:

 

 

ԳՐԻԳՈՐ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ՝ ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ԱՃԻ ՄԱՍԻՆ

Օրեր առաջ տեղի ունեցած մեր բողոքի ակցիայի ընթացքում էլ ակցիայի մասնակից քաղաքացիներից հորդորում եւ պահանջում էինք կրել դիմակներ եւ անգամ, եթե չէին ունենում, մենք իրենց առաջարկում էինք. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է դերասան Գրիքոր Դանիելյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի այսօրվա ռեկորդային թվերի աճին:

«Արդեն պատերազմի 21-րդ օրն է, մենք գրեթե մշտապես գտնվում ենք Մատենադարանի մոտ, որտեղ հավաքագրում ենք զինվորների համար անհրաժեշտ ամեն ինչ: Հանդիպում ենք շատ-շատ մարդկանց հետ, ովքեր չեն կրում դիմակներ, եւ բոլորին խնդրում ենք անպայման կրել, որպեսզի մեր բոլոր  քաղաքացիները, ովքեր որ թեթեւ են վերաբերվում այս  ամեն ինչին, իհարկե մեզ մոտ էլ են դեպքեր եղել կորոնավիրուսի, բոլորը անխտիր պահպանեն անվտանգության կանոնները, որը շատ կարեւոր է իրենց իսկ անվտանգության համար»,-մեզ հետ զրույցում  նշում է դերասանը:

Ըստ նրա՝ Կորոնավիրուսը, որպես այդպիսին, արդեն ուժը կորցրել է՝ դառնալով սովորական գրիպ, բայց, ամեն դեպքում, պետք է չթուլանալ եւ պահպանել զգոնությունը:

«Վիրուսն արդեն թուլացել է եւ մարդու օրգանիզմի վրա այնքան էլ սուր ազդեցություն չի ունենում, քանի որ ուժը կորցնելով՝ դառնում է սովորական գրիպ, բայց, ամեն դեպքում, պետք է պահպանենք բոլոր կանոնները, որպեսզի մեր բժիշկները զբաղվեն մեր վիրավոր զինվորներով»,-հավելում է Գրիգոր Դանիելյանը:

Նշենք, որ հոկտեմբերի 21-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 68530 դեպք, որոնցից 49219-ը` առողջացած, 1121-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17869 պացիենտ:

Ընդհանուր առմամբ կատարվել է 357104 թեստավորում:

Այսպիսով, երեկ կատարվել է 4340 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1836 նոր դեպք: Ունենք 485 առողջացած:

Մահվան դեպքերի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտները եղել են 73 (տղամարդ), 52 (տղամարդ), 81 (տղամարդ), 79 (կին), 62 (կին), 81 (կին), 67 (կին), 75 (կին), 77 (կին), 49 (կին), 60 (կին), 74 (կին), 80 (կին), 66 (տղամարդ), 79 (տղամարդ), 66 (կին), 83 (կին), 83 (կին), 85 (կին) եւ 16 (աղջիկ) տարեկան։ Բոլորն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

 Նյութերը՝ ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ

 

 

ՄԱՐԶԻՉԸ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է

Կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը մեկնաբանել է հունգարական «Ֆերենցվարոշի» նկատմամբ 5:1 հաշվով հաղթանակը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի առաջին տուրի խաղում: «Ես երջանիկ եմ, քանի որ եղան պահեր, երբ մենք շատ լավ ֆուտբոլ էինք խաղում: Մեկնարկային 25 րոպեներն ամենալավն էին: Մենք ցուցադրեցինք, որ լավ խաղացողներ ունենք առջեւի գծում: Մեսին կատարեց 2 գոլային փոխանցում: Պիկեի կարմիր քարտը չափազանց խիստ պատիժ էր: 11 մետրանոց ու հեռացում. դա չափից դուրս էր: Սակայն պետք է նշել, թե ինչպես էր թիմը խաղում 10 ֆուտբոլիստներով»,- հոլանդացի մասնագետի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ իսպանացի պաշտպան Ժերար Պիկեն վերջին հույսի խախտման համար կարմիր քարտ էր ստացել 68-րդ րոպեին, սակայն «Բարսելոնան» կարողացավ եւս 2 գոլ խփել խաղի վերջնամասում:

 

 

ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ Է

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Անդրեա Պիրլոն Չեմպիոնների լիգայի առաջին տուրում Կիեւի «Դինամոյի» նկատմամբ 2:0 հաշվով արտագնա հաղթանակից հետո անդրադարձել է ուկրաինական ակումբը գլխավորող Միրչա Լուչեսկուին:

«Ընդհանուր առմամբ, գոհ եմ խաղից ու թիմի նվիրվածությունից: «Կրոտոնեի» դեմ խաղից հետո մեր ֆուտբոլիստներն ընդամենը մեկ օր ունեին այս հանդիպմանը պատրաստվելու համար, բայց ամեն բան լավ ստացվեց: Չեմ կարող ասել, որ գոհ եմ 90 րոպեներից: Կար տեխնիկական խոտան, ֆուտբոլիստները սխալվում էին փոխանցումներ կատարելիս: Լուչեսկուն մարդ է, որը առանցքային դերակատարում է ունեցել իմ ֆուտբոլային կենսագրության մեջ: Առաջին հերթին, նա ինձ սովորեցրել է լինել պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ: Շատ բանով եմ պարտական նրան: Կարելի է ասել, որ այսօր նրա ներկայությամբ տեղի ունեցավ իմ մարտական մկրտությունը: Շատ ուրախ եմ, քանի որ շատ եմ հարգում Լուչեսկուին»,- իտալացի մասնագետի խոսքը մեջբերում է «Դինամոյի» մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ ֆուտբոլային կարիերայի ընթացքում Պիրլոն 1998-1999-ը Միրչա Լուչեսկուի գլխավորությամբ խաղացել է «Ինտերում»: «Յուվենտուսի» դեմ խաղի արդյունքում Լուչեսկուն դարձավ Չեմպիոնների լիգային մասնակցած ամենատարեց մարզիչը։ Ռումինացի մասնագետը ռեկորդը գրանցեց 75 տարեկան 84 օրականում:

 




Լրահոս