Ես չեմ կարծում, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԱՄՆ-ի մասնակցությունը կլավացնի կամ կհստակեցնի իրավիճակը: ArmLur.am-ի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ամերիկացի քաղաքագետ Ստեֆան Էբերտը՝ խոսելով ԱՄՆ-ի աջակցությամբ արդեն երրորդ հրադադարի մասին, որն Ադրբեջանի կողմից այդպես էլ չի պահպանվում:
«Այդ հարցերն առաջնային նշանակություն ունեն տարածաշրջանային խաղացողների, եւ կոնֆլիկտին ներգրավված կողմերի համար, նկատի ունեմ Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի: Իսկ Թրամփը ոչինչ կարևոր երբեք չի ասում: Նա ոչինչ չի իմանում եւ երբեք չի լսում իր խորհրդատուներին: Իմ կարծիքով վերջին օրերին նրա ավելի ակտիվ լինելը պայմանավորված է ԱՄՆ Պետքարտուղար Պոմպեոյի քայլերով, որը, ի տարբերություն Թրամփի, ավելի լավ է պատկերացնում իրավիճակը: Ես հույս ունեմ, որ առաջիկա հանդիպմանն առաջ կգա խաղաղապահների հարցը: Ես այս պահին ևս որևէ այլ հնարավորություն չեմ տեսնում, քան կրակի դադարեցումն է», – նշեց նա:
Հիշեցնենք, որ արդեն երրորդ անգամ հումանիտար հրադադարի մասին որոշում է կայացվում, սակայն Ադրբեջանը չի հետևում դրան: Մոսկվայի եւ Փարիզի միջնորդություններից հետո, այս անգամ էլ այն կայացվեց ԱՄՆ աջակցությամբ, սակայն կրկին ապարդյուն:
Ն.Հ.