Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի դիմումը կընդունվի ի գիտություն եւ, բնականաբար, կքննարկվի. «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նման տեսակետ արտահայտեց ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը: Հիշեցնենք, որ երեկ Արցախի նախագահը դիմում էր հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին եւ գրել. «Դուք այն անհատականությունը եւ պետության ղեկավարն եք, ով ունի հսկայական հեղինակություն աշխարհում եւ մեր տարածաշրջանում: Հաշվի առնելով այդ ամենը՝ խնդրում ենք Ձեզ գործադրել բոլոր հնարավոր ջանքերն ադրբեջանաղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի դադարեցման եւ քաղաքական գործընթացների վերսկսման ուղղությամբ», – ասված էր նամակում: Զատուլինը մեզ հետ զրույցում նկատեց՝ Արցախը միջազգայնորեն չճանաչված պետություն է, չնայած ընդգծում է՝ հենց ինքը վաղուց ճանաչել է այն: «Իհարկե, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեր կողմից ճանաչված պետության, մեր դաշնակից երկրի ղեկավարն է, իսկ Արցախը, միջազգայնորեն չճանաչված միավոր է: Ճիշտ է՝ ինձ համար ես վաղուց ճանաչել եմ այն, բայց Ռուսաստանը, Հայաստանը եւ այլ պետություններ չեն ճանաչել այն: Եվ դա, բնականաբար, խնդիրներ է առաջացնում, որպեսզի ուղիղ պատասխան լինի: Իհարկե, այն կվերլուծվի, բայց ավել բան այս պահին ասել չեմ կարող»,- հավելեց նա: Օրեր առաջ մամուլում հրապարակում եղավ Զատուլինի մի հայտարարության մասին, որտեղ նա խոսում էր Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի միջամտության մասին դեսանտային գործողության միջոցով։ Անդրադառնալով այս արտահայտությանը՝ նա նկատեց. «Այն տարածվեց մի փոքր այլ կերպ: Ես, պատասխանելով լրագրողի հարցին, խոսել էի Հայաստանում Ռուսաստանի զինված ուժերի ներկայության ուժեղացման մասին եւ ասել էի, որ այդ նպատակով անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, այդ թվում՝ հատուկ օպերացիաներ, քանի որ Հայաստանն օդային հարձակումների է ենթարկվում»: Հավելենք, որ երեկ ԱՄՆ-ում ՀՀ եւ Ադրբեջանի արտաքին գործերին նախարարներն առանձնազրույցներ էին ունեցել արդեն պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ, որից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ասել էր, թե միջնորդի տեսքով ներգրավված է բանակցություններում, ապա հավելել, թե այսօրվա բանակցություններից հետո առաջընթաց կա:
«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել հոկտեմբերի 21-ին Երեւանում տեղի ունեցած Հայաստանի եւ Արցախի նախկին նախագահների հանդիպման նախապատրաստական աշխատանքներից: Նախ, պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Արցախի եւ Հայաստանի ներկա մտահոգիչ իրավիճակով պայմանավորված` տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության նախկին նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը: Իսկ մինչ այդ էլ Արցախի նախկին նախագահները հանդիպել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հինգ նախագահների, կարելի է ասել, պատմական հանդիպումը կազմակերպվել էր Բակո Սահակյանի կողմից, որը թերեւս եզակի մարդկանցից է, որ լավ հարաբերություններ ունի Հայաստանի բոլոր երեք նախագահների հետ: Եվ հենց նա էլ կարողացել է համոզել եւ բոլորին մի տեղ հավաքել Արցախի հարցը քննարկելու համար: Եվ ավելին, մեր տեղեկություններով՝ հենց այդ ժամանակ էլ նաեւ քննարկվել է Արցախի ներկայիս նախագահ Արայիկ Հարությունյանի կողմից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին դիմելու տարբերակը, որը եւս ընդունելի է եղել բոլոր նախկին ղեկավարների կողմից: ՌԴ-ին դիմելու ժամանակը եկել էր: Տեղեկացանք նաեւ, որ կայացած հանդիպումը բավականին կառուցողական մթնոլորտում է ընթացել, որից հետո առաջիկայում նախագահներից մեկը Մոսկվա կմեկնի։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ կորոնավիրուսը կրկին խորհրդարան է հասել: Վարակվածներ կան ինչպես պատգամավորների, այնպես էլ խորհրդարանի աշխատակազմի ներկայացուցիչների թվում։ Ըստ մեր տեղեկությունների՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գեւորգյանի մոտ արդեն հաստատվել է, իսկ մի քանի պատգամավորներ նոր են հանձնել թեստը, ջերմում են, դեռեւս սպասում են պատասխանին: ԱԺ աշխատակազմում եւս վիրուսը տարածվել է, մեկուսացածներ ու ինքնամեկուսացածներ կան։ Երեկ, կարելի է ասել, նաեւ դրա պատճառով խորհրդարանը դատարկ էր, որեւէ աշխատանքային պրոցես չէր ընթանում: Հիշեցնենք, որ կորոնավիրուսը խորհրդարանում տարածվեց նաեւ հունիսին. այդ ընթացքում կորոնավիրուսով վարակվել էին Ազգային ժողովի 5 պատգամավորներ` «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Պողոսյանը, Ծովինար Վարդանյանը, Հայկ Գեւորգյանը, Վիկտոր Ենգիբարյանը, ինչպես նաեւ ԱԺ փոխնախագահ, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց Գոռ Գեւորգյանից պարզել, թե այժմ ինչպես է իրեն զգում, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չպատասխանեց: COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 21 հազար 560 մարդ: Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 2 հազար 474-ով՝ հասնելով 73 հազար 310-ի:
ՀՀ Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքում գտնվող գերթանկարժեք հինգաստղանի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը գնորդ չունի: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ երեկ հյուրանոցի աճուրդի օրն էր, սակայն գնորդ չունենալու պատճառով այն չի կայացել: ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավար Նարեկ Բաբայանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դժվարացավ հստակ կանխատեսում անել հյուրանոցի վերաբերյալ. «Այս օրերին դժվար է ասել, թե ինչ կլինի: Ռազմական դրությունն ավարտվի կքննարկվի հարցը»: Հիշեցնենք, որ »Գոլդեն Փելիս» հյուրանոցի սեփականատեր, մաքսային ծառայության նախկին պետ Արմեն Ավետիսյանի ընտանիքը դիմել էր Պետական գույքի կառավարման վարչությանը եւ ասել` հյուրանոցը նվիրում է պետությանը: Դրանից հետո կառավարությունը որոշեց աճուրդի հանել Կոտայքի մարզի Ծաղկաձոր քաղաքի Տանձաղբյուրի հասցեում գտնվող 19758 քմ շենք-շինությունները, ինչպես նաեւ շենք-շինությունների ներսում առկա 3257 միավոր շարժական գույքը եւ շենք-շինությունների օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասը: Գույքի գնահատված արժեքն այս աճուրդին կազմում է 7 մլրդ 526 մլն 457 հազար 800 դրամ (հյուրանոցի նախավճարը կազմում է 376 մլն 322 հազար 890 դրամ, իսկ հողի կադաստրային արժեքը կազմում է 62 մլն 431 հազար դրամ): Տեղեկացնենք, որ հինգաստղանի հյուրանոցում տեղավորվել էին կորոնավիրուսով վարակված անձանց հետ շփվածները: