ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանը պետք է պաշտոնապես դիմի ՀԱՊԿ-ին եւ ասի՝ լուծե՛ք այս հարցը. ՌԴ ռազմական փորձագետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՌԴ ԶՈՒ գնդապետ, ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը ArmLur.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե Ղարաբաղյան հակամարտության հարցում եւ ստեղծված իրավիճակում գլխավոր դերակատարը ոչ թե Թուրքիան է, որ աջակցում է Ադրբեջանին, այլ Ռուսաստանի Դաշնությունը, որ պետք է կարողանա հասնել հարցի խաղաղ կարգավորման: Միեւնույն  ժամանակ ռազմական փորձագետը նկատում է՝ Հայաստանը պետք է պաշտոնապես դիմի ՀԱՊԿ-ին,  ՌԴ-ին, նաեւ ՄԱԿ-ին:

-Ինչպե՞ս եք տեսնում Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը:

-Եթե խոսենք իրավիճակի մասին, ապա այն կարող ենք բնութագրել մեկ բառով՝ ծանր: Ծանր, քանի որ մարտեր են ընթանում, մարդիկ են մահանում, խաղաղ բնակիչներ: Լեռնային Ղարաբաղի պաշտպանները տիտանական եւ հերոսական ջանքեր են գործադրում, մյուս կողմը չի խնայում զինվորներին, վարձկաններին եւ զենքերին: Եվ կողմերը չեն ցանկանում խոսել խաղաղության մասին եւ հրադադարի երեք համաձայնագրերը չեն կատարվել: Այսինքն, երկու կողմերի ղեկավարներն իրենց առջև մեկ նպատակ են դրել՝ հաղթել ցանկացած գնով եւ կանգ առնել չեն կարող: Եվ այս պահին պատերազմ կանգնացնելը շատ դժվար կլինի, ավելի հեշտ էր այն սկսելը եւ հնարավոր կլիներ այն կանգնեցնել հենց սկզբից, իսկ հիմա արդեն ուշ է եւ միայն հրամանով այն կանգնեցնել հնարավոր չէ:

-Այդ դեպքում ըստ Ձեզ ի՞նչ է պետք անել:

-Որպեսզի պատերազմը կանգնի, պետք են բոլոր կողմերի ջանքերը, որպեսզի ճնշում գործադրեն Հայաստանի և Ադրբեջանի վրա, ապա նաև Թուրքիայի վրա:  Այո, Ֆրանսիան խոսեց Թուրքիայի հետ, ԱՄՆ-ն էլ Ադրբեջանի, սակայն պետք է բոլոր կողմերը միանգամից խոսեն եւ ասեն, որ պետք է դադարեցնել պատերազմը:

-Այսինքն, կարծո՞ւմ եք՝ գլխավոր դերն այստեղ Թուրքիան է կատարում:

-Ոչ, այստեղ հիմնական դերը խաղում է Ռուսաստանի Դաշնությունը, իսկ Թուրքիան, չնայած որ ագրեսիվ քաղաքականություն է վարում, իրականում թույլ օղակ է, որովհետև անհաջողության դեպքում նրա և Ադրբեջանի համար շատ վատ հետևանքներ կլինեն: Խոսքը հիմնականում տնտեսական հետևանքների մասին է, որոնք կարող են լինել: Թուրքիան հիմա բոլոր հնարավոր միջոցներով իր համար նոր թշնամիներ է ներգրավում:

-Դուք ասացիք, որ գլխավոր դերն այստեղ Ռուսաստանի Դաշնությունն է կատարում, այդ դեպքում՝ Ձեր քայլերը որոնք պետք է լինեն:

-Գիտեք՝ ՌԴ-ն արդեն քայլեր է անում, բայց կա մեծ խնդիր. այն կարող է Հայաստանին օգնություն ցուցաբերի՝ թե՛ ՀԱՊԿ-ի, թե հայ-ռուսական համաձայնագրերի միջոցով, սակայն Հայաստանի ղեկավարներն այդպիսի ցանկություն չեն ցուցաբերում՝ նույնիսկ ռուս խաղաղապահների տեղակայման առումով: Միայն խոսքեր են ասում, սակայն հստակ քայլեր չկան: Իսկ հիմա մենք կարող ենք միայն հումանիտար օգնություն ցուցաբերել, քանի որ Լեռնային Ղարաբաղում գտնվող մարդիկ հումանիտար ճգնաժամի մեջ են եւ նրանց պետք է օգնել:

-Դուք ասում եք, թե Հայաստանի ղեկավարները քայլեր չեն անում, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կողմ է ռուս խաղաղապահների տեղակայմանը, իսկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Սա բավարա՞ր չէ:

-Նրանք հրապարակային հայտարարություն են արել հասարակության համար: Սակայն պետք է հիշել, թե օրինակ ինչպես եղավ Սիրիայի պարագայում: Սիրիան գտնվում էր փլուզման եզրին, եւ նրանք դիմեց ՄԱԿ-ի  անվտանգության խորհուրդ, ապա բանաձև ընդունվեց եւ Ռուսաստանի Դաշնությունը դրա հիման վրա այնտեղ կարգուկանոն հաստատեց: Այդ ժամանակ ոչ ոք էլ այդ վարձկանների եւ նրանց տերերի կարծիքն անգամ չհարցրեց: Այդ պատճառով պետք է գործել: Հայաստանը պետք է դիմի ՀԱՊԿ-ին, պետք է դիմի ՌԴ-ին, նաեւ ՄԱԿ-ին: Որպեսզի լինի ՀԱՊԿ-ի համաձայնությունը, պետք է նախ հավաքել այդ մարդկանց եւ պետք է Հայաստանն ասի՝ ՀԱՊԿ անդամ երկրներ եկեք հավաքվեք, եւ լուծենք այս հարցը եւ այդ ժամանակ էլ բոլորը կհավաքվեն եւ կասեն իրենց խոսքը:

Մանրամասները՝ տեսանյութում:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս