Ռազմական փորձագետ, հատուկ նշանակության զենիթահրթիռային զորքերի նախկին պետ Սերգեյ Խատիլյովը ArmLur.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը կարճ ժամանակում չի կարող կարգավորվել եւ դրա համար անհրաժեշտ են ընդհանրական լուծումներ, իսկ վերջում էլ խաղաղապահ ուժերի տեղակայում: Նա կարծիք հայտնեց, որ առաջին հերթին տարածքից պետք է դուրս բերվեն իսլամիստներն ու ահաբեկիչները, ապա խոշոր խաղացողների օգնությամբ հասնել կրակի դադարեցման եւ հարցի ամբողջական լուծման:
-Պարո՛ն Խատիլյով, արդեն երեք անգամ հումանիտար հրադադարի մասին որոշում է կայացվել, սակայն ադրբեջանական կողմը շարունակում է խախտել այն: Այդ դեպքում ինչպե՞ս եք տեսնում հարցի կարգավորումը:
-Ոչ մի հարց հինգ րոպեում չի կարգավորվում: Կարող ենք ասել, որ հիմա տեղի է ունեցել առաջին կապն այսպես ասած: Այսինքն, հարց է բարձրացվել, որ այստեղ խնդիր կա եւ այն պետք է կարգավորել խաղաղ ճանապարհով. եկեք որոշենք, որ այսօրվանից չպետք է կրակենք, պետք է փոխանակենք գերիներին ու զոհերի մարմինները: Սակայն մենք տեսնում ենք, որ Իլհամ Ալիեւը խոսում է մինչեւ վերջ գնալու ցանկության մասին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը թերեւս նույնպես այդ մասին է ակնարկում: Այսինքն, նրանք պատրաստ չեն այսպիսի հարցի լուծման, հետեւաբար նրանց պետք է պատրաստել եւ դրանով պետք է զբաղվեն բոլոր կազմակերպությունները, միջազգային հանրությունը, նաեւ Սփյուռքը:
-Իսկ արդյո՞ք Ադրբեջանի նախագահին Թուրքիան է դրդում շարունակել պատերազմը: Ի՞նչ անել Էրդողանի հետ:
-Միջազգային հանրությունն ու ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն, նաեւ Ֆրանսիայի իրավիճակը հաշվի առնելով, պարզ է , որ նրանք արդեն իրենց անհամաձայնությունն են հայտնել Էրդողանի քայլերի մասին, խոսվում է անգամ ՆԱՏՕ-ում նրան ձայնի իրավունքից զրկելուն մասին: Սակայն սա միակ Թուրքիայի հարցը չէ, նա թերեւս ինչ-որ մեկին թույլտվություն ստացել է: Հետագա զարգացումները կախված են բոլորից՝ Ֆրանսիայից, Ռուսաստանի Դաշնությունից, սակայն կարճ ժամանակում այս հարցը չի կարող կարգավորվել, միգուցե կես տարի ժամանակ պահանջվի, միգուցե մեկ: Իմ տեսակետը սա է:
-Ձեզ համար ընդունելի՞ է, որ Թուրքիան ցանկանում է դառնալ Մինսկի խմբի համանախագահ երկիր եւ անձամբ մասնակցել բանակցություններին:
-Դժվար է այս պահին հասկանալ՝ ինչ է ցանկանում Թուրքիան՝ բացի տարածաշրջանը ղեկավարելուց: Կոնստրուկտիվ քայլեր Թուրքիայի կողմից չպետք է սպասել: Նա ցանկանում է խաղալ առաջնային դեր եւ նրա համար ոչինչ այլ կարեւոր չէ: Այդ պատճառով նրա հետ որեւէ այլ լեզվով չես կարող խոսել: Սակայն ես կարծում եմ, որ Էրդողանը ոչ մի այլ տեղ չի կարող գնալ, նա պետք է ենթարկվի, այլ տարբերակ չունի, քանի որ հասկանում է՝ այլ կղզում չի ապրում, այլ ապրում է մարդկանց հետ եւ պետք է ենթարկվի: Բացի այդ, գիտեք, որ Թուրքիայի տնտեսությունը վատ վիճակում է, եւ շատ վիճելի հարցեր կան:
-Հայաստանը պե՞տք է դիմի ՀԱՊԿ-ին կամ ՌԴ-ին:
-ՀԱՊԿ-ի մասին շատ է խոսվել, եւ առաջինը ես չէ, որ պետք է ասեմ: ՀԱՊԿ-ը կգործի այն ժամանակ, երբ հարձակում լինի Հայաստանի Հանրապետության տարածքի վրա: Լեռնային Ղարաբաղն անկախ տարածք չէ եւ դա փաստ է, որը չես կարող խախտել: Ռուսաստանի Դաշնությունն արդեն այս պահին շատ բան է արել, որպեսզի կարգավորի հարցը: Նրանք ցանկանում են հարցը կարգավորել խաղաղ ճանապարհով, որպեսզի Կովկասում խաղաղություն լինի: ՌԴ-ն ստեղծում է այնպիսի պայմաններ, որպեսզի ավելի ուժ չկիրառվի: Ես նորություն չեմ ասի, բայց այդպիսի կոնֆլիկտների լուծումը վայրկյանական չի լինում, ես հասկանում եմ, որ զոհվում են մարդիկ, շինություններ են քանդվում, մարդկանց գույքն է վնասվում, բայց հնարավոր չէ հասնել հարցի արագ կարգավորման:
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան