ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐՈՎ ԿԱՍԿԱԾՅԱԼՆԵՐԸ ԱՌԱՋՆԱԳԾՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ քննչական կոմիտեում կայացավ ասուլիս, որի ընթացքում ԱԱԾ փոխտնօրեն Արմեն Աբազյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը ներկայացրեցին Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության եւ  Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմ սանձազերծելու եւ վարելու, վարձկանության, միջազգային ահաբեկչության, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու դեպքերով հարուցված քրեական գործերի ընթացքը: Արթուր Մելիքյանը հայտնեց, որ 150-ից ավելի քննիչներ կամավորագրվել են առաջնագիծ գնալու համար:

 

Armlur.am-ը գրել էր, որ  «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 142 դատապարտյալ եւ կալանավոր պատրաստվում են կտրուկ քայլերի դիմել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 4-րդ մասնաշենքի 36 խցի դատապարտյալ Հրայր Հունանյանը, որը մասնակցել է նաեւ 2016 թվականին տեղի ունեցած ապրիլյան պատերազմին, հայտնեց. «Բոլոր կալանավորներով, մի մարդու պես մեր դոշակները, վերմակները խցերից հանելու ենք դուրս, հրաժարվելու ենք սնունդից, քանի որ տեսնելով մեր երկրի վիճակը՝ շատ ենք տանջվում:

Դիմումներ ենք գրել 10 օր առաջ, որ պատրաստ ենք գնալ կռվել, մեզ մի՛ ազատեք, այլ տարե՛ք ռազմաճակատ կռվենք, ոչ մի ձայն, ոչ մի բանի տեղ չեն դնում։ Մենք այդ հացը ո՞նց ուտենք, որ մեր տղերքը զոհվում ու վիրավորվում են»: Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ քրեակատարողական հիմնարկներում ռազաճակատ գնալու համար կալանավորների դիմումների թիվը անցնում է 300-ից: «Ժողովուրդ» օրաթերթին ՔԿԾ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ դիմումներ կան, սակայն այլ մանրամասներ չէին ցանկացել հայտնել: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ  Արթուր Մելիքյանը հայտնեց, որ, ըստ իրեն հասած տեղեկությունների, կալանավորների դիմումները Արդարադատության  նախարարությունը ուղարկել է Գլխավոր դատախազություն:

«Ժողովուրդ» օրաթերթը անդրադարձել էր այն հարցին, որ բազմաթիվ քրեական գործերով անցնող վկաներ, կասկածյալներ գնացել են առաջնագիծ, ինչը նախաքննական մարմնին կանգնեցրել է խնդրի առջեւ: «Ժողովուրդ» օրաթերթը դեռ հոկտեմբերի 23-ին նաեւ գրել էր, որ դատական համակարգում որոշակի գործընթացներ են տեղի ունենում, քանի որ շատ դատական նիստեր հետաձգվում են: Քրեակատարողական ծառայությունից հայտնել էին, որ կալանավորներին չեն կարող ուղեկցել դատարան, քանի որ ուղեկցող գումարտակն այս օրերին գտնվում է առաջնագծում, ուստի դատավորներին այլ ելք չի մնում, քան հետաձգել դատական նիստերը: Ստեղծված իրավիճակի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանի հետ, որը հայտնեց, թե ռազմական դրությունով, զորակոչով պայմանավորված, անկախ պաշտոնից, զորահավաքի պայմաններում ոչ միայն քննիչները, այլ նաեւ փաստաբանները, ինչպես նաեւ դատախազները մեկնել են առաջնագիծ:

Ն.Պ.

 

 

ՎԵՐԱՀՍԿԵԼԻ Է

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հրամանատարական կազմի հետ քննարկել է ՀՀ հարավային սահմանում առկա օպերատիվ իրադրությունը եւ առաջիկա քայլերն ու խնդիրները: Հիշեցնենք, որ երեկ՝  առավոտյան ժամը 10:00-10:15 սահմաններում, հերթական անգամ խախտելով հրադադարի ռեժիմը՝ ադրբեջանական կողմը անօդաչուներով եւ հրթիռահրետանային միջոցներով հրետակոծել է ՀՀ հարավային սահմանի՝ Իրանի հետ հատման կետի հայկական սահմանապահ ուղեկալի դիրքերը: ԱԹՍ-ներից մեկն ընկել է ՀՀ տարածքում: «Բոլոր շարժերը մեր կողմից ֆիքսվում է, չունենք անձնակազմի կորուստներ, չունենք մարդկային ոչ մի կորուստ, տեխնիկայի կորուստներ: Իրավիճակն, ընդհանուր առմամբ, շփման գծում մեր կողմից վերահսկելի է: ՀՀ զինված ուժերը, մեր անձնակազմը պատրաստ է ցանկացած վայրկյանի, երբ հակառակորդը փորձի պետական սահմանը խախտել, առկա բոլոր ուժերով կհասցնենք հուժկու հարված եւ կկիրառենք զինանոցում գտնվող բոլոր զենքի տեսակները»,-ասել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչը:

Նաեւ նշվեց. «Գիտենք իրենց բոլոր կրակային դիրքերի տեղերը: Եթե հանկարծակի կրկնվեց, սաղ խոցելու ենք, ջարդելու ենք: Հակառակորդի ոտնձգությունը չենք թողնելու»: Արձանագրելով հրադադարի ռեժիմի հերթական խախտումը եւ ՀՀ պետական սահմանի հրետակոծությունը՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ստիպված է լինելու պատասխան հարվածներ հասցնել ադրբեջանական ուժերի ուղղությամբ:

 

 

ԹԱՐՄԱՑՎԵԼ ԵՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ

Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կողմից իրականացվող փաստահավաք առաքելության արդյունքներով՝ թարմացվել են սեպտեմբերի 27-ից Արցախի քաղաքացիական բնակչության դեմ ադրբեջանական հանցագործությունների հետեւանքների վերաբերյալ տվյալները: Մինչեւ հոկտեմբերի 26-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 39 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին եւ 31 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 122 մարդ, որից 102 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 83-ը՝ արական, իսկ 19-ը իգական սեռի քաղաքացիներ են: ԱՀ 150 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 11600 մասնավոր անշարժ գույք, 1600 մասնավոր շարժական գույք, 2100 ենթակառուցվածքներ, հանրային եւ արտադրական նշանակության օբյեկտներ:

 

 

ԶԳՈՒՇԱՑՈՒՄ

«Հարգելի՛ քաղաքացիներ, ցանկանում ենք զգուշացնել թշնամու կողմից իրականացվող եւս մեկ վտանգավոր գործունեության մասին, որ կարող է վտանգի ենթարկել անձնական տվյալները եւ ոչ միայն»,- հաղորդագրություն է տարածել Հայաստանի Հանրապետության  արդարադատության նախարարության անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը: Հաղորդագրությունում նաեւ ասվում է. «Վերջին շրջանում ադրբեջանական խմբավորումները Youtube-ում տեսանյութեր են հրապարակում, որոնք նկարահանված են Հայաստանում տեղադրված տեսախցիկներով։ Այսինքն՝ նրանք կարողացել են հասանելիություն ստանալ մարդկանց տանը, խանութում եւ այլ վայրերում տեղադրված տեսախցիկներին, քանի որ դրանք հասանելիություն ունեն համացանցին ու բավականաչափ պաշտպանված չեն։ Եթե կիրառում եք նման տեսախցիկներ, հորդորում ենք պաշտպանության համապատասխան միջոցառումներ իրականացնել (օրինակ՝ ընտրել ապահով գաղտնաբառ): Եթե չեք կարողանում ինքնուրույն ապահովել տեսահսկման համակարգերի անվտանգությունը, կարող եք դիմել համապատասխան մասնագետների, կամ եթե չկա օգտագործման խիստ անհրաժեշտություն, կարող եք անջատել որոշ ժամանակով։ Տեսահսկման համակարգերին միջամտություն նկատելու դեպքում անհրաժեշտ է անհապաղ տեղեկացնել մեզ եւ իրավապահ մարմիններին»:

 

 

ԳԵՐԵՎԱՐՎԱԾԸ ՊԱՏՄԵԼ Է

Հայկական զինված ուժերի կողմից գերեվարված ադրբեջանցի զինվոր Էմին Բախշալիեւը պատմել է Արցախի դեմ ագրեսիայի նախապատրաստմանը թուրքերի մասնակցության մասին:

Բախշալիեւի խոսքով՝ Թուրքիայից ժամանած զինվորականները նախապատրաստական աշխատանքներ են անցկացրել իրենց զորամասում, որոնք 10-15 օր են տեւում: «Մեզ ասացին՝ պատրաստվել պատերազմի: Թուրքերը զինվորական համազգեստով էին, բայց առանց կոչման: Դրանց «հրամանատար» էին կոչում»,- ասել է Բախշալիեւը` հավելելով, որ իրենց հրամայել են հնարավորինս շատ հայերի սպանել: Նա նաեւ ասել է, որ հրթիռային համակարգերը տեղակայվում են խիտ բնակեցված թաղամասերի բնակելի շենքերի բակերում: «Դրանք օգտագործել են ռազմական գործողությունների ժամանակ: Մարդիկ շարունակում էին ապրել իրենց տներում»,- հայտնել է Բախշալիեւը:

 

 

ՆԻՍՏԸ՝ ՆՈՅԵՄԲԵՐԻ 10-ԻՆ

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը երկու շաբաթով հետաձգվել է։ Այն նշանակվել է նոյեմբերի 10-ին։ Դատական նիստը հետաձգվեց, քանի որ ԼՂՀ պաշտպանության նախարար, ՀՀ պաշտպանության նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը գտնվում է Արցախում։ Նրա պաշտպանը դատարանին միջնորդություն էր ներկայացրել՝ դատական նիստը հետաձգելու մասին։

 

 




Լրահոս