ՌԴ ԶՈՒ գնդապետ, ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը ArmLur.am-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, թե Ղարաբաղյան հակամարտության հարցում եւ ստեղծված իրավիճակում գլխավոր դերակատարը ոչ թե Թուրքիան է, որ աջակցում է Ադրբեջանին, այլ Ռուսաստանի Դաշնությունը, որ պետք է կարողանա հասնել հարցի խաղաղ կարգավորման: Միեւնույն ժամանակ ռազմական փորձագետը նկատում է՝ Հայաստանը պետք է պաշտոնապես դիմի ՀԱՊԿ-ին, ՌԴ-ին, նաեւ ՄԱԿ-ին:
-Ինչպե՞ս եք տեսնում Ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը:
-Եթե խոսենք իրավիճակի մասին, ապա այն կարող ենք բնութագրել մեկ բառով՝ ծանր: Ծանր, քանի որ մարտեր են ընթանում, մարդիկ են մահանում՝ խաղաղ բնակիչներ: Լեռնային Ղարաբաղի պաշտպանները տիտանական եւ հերոսական ջանքեր են գործադրում, մյուս կողմը չի խնայում զինվորներին, վարձկաններին եւ զենքերին: Եվ կողմերը չեն ցանկանում խոսել խաղաղության մասին, եւ հրադադարի երեք համաձայնագրերը չեն կատարվել: Այսինքն՝ երկու կողմերի ղեկավարներն իրենց առջեւ մեկ նպատակ են դրել՝ հաղթել ցանկացած գնով, եւ կանգ առնել չեն կարող: Եվ այս պահին պատերազմ կանգնեցնելը շատ դժվար կլինի, ավելի հեշտ էր այն սկսելը, եւ հնարավոր կլիներ այն կանգնեցնել հենց սկզբից, իսկ հիմա արդեն ուշ է, եւ միայն հրամանով այն կանգնեցնել հնարավոր չէ:
-Այդ դեպքում, ըստ Ձեզ, ի՞նչ է պետք անել:
-Որպեսզի պատերազմը կանգնի, պետք են բոլոր կողմերի ջանքերը, որպեսզի ճնշում գործադրեն Հայաստանի եւ Ադրբեջանի վրա, ապա նաեւ Թուրքիայի վրա: Այո, Ֆրանսիան խոսեց Թուրքիայի հետ, ԱՄՆ-ն էլ՝ Ադրբեջանի, սակայն պետք է բոլոր կողմերը միանգամից խոսեն եւ ասեն, որ պետք է դադարեցնել պատերազմը:
-Այսինքն՝ կարծում եք՝ գլխավոր դերն այստեղ Թուրքիա՞ն է կատարում:
-Ո՛չ, այստեղ հիմնական դերը խաղում է Ռուսաստանի Դաշնությունը, իսկ Թուրքիան, չնայած որ ագրեսիվ քաղաքականություն է վարում, իրականում թույլ օղակ է, որովհետեւ անհաջողության դեպքում նրա եւ Ադրբեջանի համար շատ վատ հետեւանքներ կլինեն: Խոսքը հիմնականում տնտեսական հետեւանքների մասին է, որոնք կարող են լինել: Թուրքիան հիմա բոլոր հնարավոր միջոցներով իր համար նոր թշնամիներ է ներգրավում:
-Դուք ասացիք, որ գլխավոր դերն այստեղ Ռուսաստանի Դաշնությունն է կատարում, այդ դեպքում Ձեր քայլերը որո՞նք պետք է լինեն:
-Գիտեք, ՌԴ-ն արդեն քայլեր է անում, բայց կա մեծ խնդիր. այն կարող է Հայաստանին օգնություն ցուցաբերի թե՛ ՀԱՊԿ-ի, թե՛ հայ-ռուսական համաձայնագրերի միջոցով, սակայն Հայաստանի ղեկավարներն այդպիսի ցանկություն չեն ցուցաբերում նույնիսկ ռուս խաղաղապահների տեղակայման առումով: Միայն խոսքեր են ասում, սակայն հստակ քայլեր չկան: Իսկ հիմա մենք կարող ենք միայն հումանիտար օգնություն ցուցաբերել, քանի որ Լեռնային Ղարաբաղում գտնվող մարդիկ հումանիտար ճգնաժամի մեջ են, եւ նրանց պետք է օգնել:
-Դուք ասում եք, թե Հայաստանի ղեկավարները քայլեր չեն անում, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կողմ է ռուս խաղաղապահների տեղակայմանը, իսկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Սա բավարա՞ր չէ:
-Նրանք հրապարակային հայտարարություն են արել հասարակության համար, սակայն պետք է հիշել, թե, օրինակ, ինչպես եղավ Սիրիայի պարագայում: Սիրիան գտնվում էր փլուզման եզրին, եւ նրանք դիմեցին ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, ապա բանաձեւ ընդունվեց, եւ Ռուսաստանի Դաշնությունը, դրա հիման վրա, այնտեղ կարգուկանոն հաստատեց: Այդ ժամանակ ոչ ոք էլ այդ վարձկանների եւ նրանց տերերի կարծիքն անգամ չհարցրեց: Այդ պատճառով պետք է գործել: Հայաստանը պետք է դիմի ՀԱՊԿ-ին, պետք է դիմի ՌԴ-ին, նաեւ ՄԱԿ-ին: Որպեսզի լինի ՀԱՊԿ-ի համաձայնությունը, պետք է նախ հավաքել այդ մարդկանց, եւ պետք է Հայաստանն ասի՝ ՀԱՊԿ անդամ երկրնե՛ր, եկե՛ք հավաքվեք եւ լուծենք այս հարցը, եւ այդ ժամանակ էլ բոլորը կհավաքվեն եւ կասեն իրենց խոսքը:
Զրուցեց ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ
ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ՝ ԱՐՏԳՈՐԾՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ՄԻՋԵՎ
Իրանի սահմաններին երեկ հանգիստ էր, սակայն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն ավելացրել է իր տեխնիկաները սահմանին. ArmLur.am-ի հետ զրույցում այս մասին հայտնում է IRNA լրատվական գործակալության լրագրող Հայալ Մուազինը: «Իհարկե, վերահսկողությունն ավելացել է: Ի վերջո, արդեն իսրայելական արտադրության չորս անօդաչու թռչող սարքեր են խոցվել, եւ դա արդեն ինչ-որ բանի մասին խոսում է: Մեր երկրի անվտանգությունն ամեն ինչից վեր է: Իրանը չի թողնի, որ Կովկասն օգտագործեն իրենց կեղտոտ ծրագրերի համար»,-նկատել է նա:
Նկատենք, որ Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովում երեկ մասնակցել էր Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումներին նվիրված քննարկմանը։ «Իրանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության մշտական կարգավորման համար նախագիծ է մշակել, որն այսօր-վաղը կներկայացվի, եւ հետո Մոսկվայում եւ Երեւանում եւս հետամուտ կլինենք»,-նշել էր նա։
Իրանցի լրագրողը նկատում է, որ իր երկրի կողմից առաջարկվող կարգավորման տարբերակը բոլորովին այլ է լինելու: «Իմ կարծիքով՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման՝ Իրանի առաջարկը կներկայացվի նոր հարթակում՝ Սոչիի եւ Աստանայի ձեւաչափերի տեսքով: Այդ ձեւաչափով քննարկումներին պետք է մասնակցեն Թուրքիան, Իրանը, Ռուսաստանի Դաշնությունը, Ադրբեջանը եւ Հայաստանը: Այդ մասին են վկայում արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների ձեւաչափով բանակցությունները»,- նկատել է է նա:
Ավելին, Զարիֆի խոսքով՝ Իրանում հենց այս ֆորմատի ստեղծումն են առաջնային համարում, որպեսզի ԱՄՆ-ի կողմից ծրագրածը տեղի չունենա: Լրագրողի խոսքով՝ ԱՄՆ-ի ծրագիրն ուղղված է Ռուսաստանի Դաշնության եւ Իրանի դեմ, եւ այս պատերազմը կարող է վերածվել սիրիական պատերազմի, եթե անհրաժեշտ քայլեր չձեռնարկվեն:
Նշենք, որ Իրանի նախագահի հատուկ բանագնացը երեկ Բաքվում էր՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ճգնաժամը եւ հակամարտության կարգավորման՝ Իրանի Իսլամական Հանրապետության պլանը: Նա, որպես իր այցի հիմնական նպատակ, նշել է ռազմական գործողությունները դադարեցնելու եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կայուն խաղաղությունը վերականգնելու իրանական ծրագրի ներկայացումը:
«Ադրբեջանի հողերի օկուպացիային վերջ տալը, փոքրամասնությունների եւ մարդու իրավունքների պաշտպանությունն Իրանի պլանի հիմնական գործոններն են»,- ասել է իրանցի դիվանագետը` հավելելով, որ այդ ծրագիրը կարող է իրականացվել փուլային տարբերակով: Նա նաեւ նշել է ռազմական գործողությունների դադարեցումը եւ ազդեցիկ երկրների մասնակցությամբ բանակցությունների մեկնարկը` որպես իրանական ծրագրի մեկ այլ առանցք` շեշտելով, որ Իրանը մտադիր է տարածաշրջանային երկրների հետ խորհրդակցել իր ծրագրի վերաբերյալ:
Ն.Հ.
69 «ԿՈՂՄ» ՁԱՅՆԵՐ
ՀՀ ազգային ժողովն ընդունել է կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով կարգավորվում են ռազմական դրության ընթացքում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու պարագայում այդ գույքն օգտագործման վերցնելու հետ կապված հարաբերությունները: «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն Ազգային Ժողովի արտահերթ նիստում ներկայացրել էր ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը:
Օրենքի նախագծի համաձայն՝ նախատեսվում է օրենքում կարգավորել ռազմական դրության ընթացքում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքի օգտագործման անհրաժեշտություն առաջանալու պարագայում այդ գույքն օգտագործման վերցնելու հետ կապված հարաբերությունները: Մանրամասնվում են գույքն օգտագործման վերցնելու ընթացակարգն ու երաշխիքները: Սահմանվում են գույքի օգտագործման արդյունքում գույքին հասցված վնասի դեպքում համարժեք փոխհատուցում տալու պայմանները: Ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում ռազմական դրությամբ պայմանավորված խնդիրները լուծելու նպատակով կարող է օգտագործվել նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գույքը, եթե պետության տիրապետության ներքո գտնվող համապատասխան գույքը բավարար չէ: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախաձեռնության հետ կապված ստացվել են տեխնիկական առաջարկներ, որոնք կառավարությունն ընդունել է: Նախագիծն ընդունվել է՝ ստանալով 69 «կողմ» ձայներ:
ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐ ԵՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ
ԱՄՆ կոնգրեսական Ջիմի Գոմեսը կոչ է արել Թրամփի վարչակազմին Ադրբեջանի նկատմամբ անհապաղ կիրառել Մագնիտսկու պատժամիջոցները. այս մասին նշել է կոնգրեսականը: «Պետդեպարտամենտի բազմաթիվ փորձերը՝ ուղղված Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ կրակի դադարեցմանը, ձախողվում են, մինչդեռ մարդու իրավունքների կոպիտ խախտումները շարունակվում են: Իմ գործընկերները եւ ես կոչ ենք անում Թրամփի վարչակազմին Ադրբեջանի նկատմամբ անհապաղ կիրառել Մագնիտսկու պատժամիջոցներ»,-նշել է նա` հրապարակելով հոկտեմբերի 23-ին Պոմպեոյին կոնգրեսականների ուղարկած նամակը, որը հեղինակել էին չորս կոնգրեսականներ եւ ստորագրել եւս 24-ը։ Մագնիտսկու պատժամիջոցները ներառում են ԱՄՆ մուտքի վիզային սահմանափակումներ եւ ԱՄՆ բանկերում ֆինանսական ակտիվների արգելափակում: