Հայաստանում առաջին անհրաժեշտության սննդատեսակ համարվող հացի արտադրության ծավալների նվազման միտումը շարունակվում է: ArmLur.am-ը վիճակագրական աղբյուրներից պարզեց, որ այս տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 201 հազար 165 տոննա հաց, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արտադրվել է 204 հազար 332 տոննա հաց: Այսինքն՝ հացի արտադրության ծավալները այս տարվա 9 ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 1.5 տոկոսով է նվազել: Թեեւ մասնագետները պնդում են, որ այս անկումը պայմանավորված է մշտական բնակչության թվաքանակի նվազմամբ, սակայն վիճակագրական կոմիտեի տվյալներով, ոչ միայն չի նվազել բնակչության թվաքանակը, այլեւ՝ ավելացել է:
ArmLur.am-ը տեղեկացավ, որ հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում մշտական բնակչության թվաքանակը 10 հազար 400-ով ավելացել է: Հետեւաբար մշտական բնակչության թվաքանակը չի կարող ազդեցություն ունենալ հացի արտադրության ծավալների վրա: Այս դեպքում ենթադրվում է, որ հաց արտադրողների մի մասը շարունակում է գործել ստվերում:
Սյունէ Համբարձումյան