Որ երկրներն են մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստանին. մտահոգիչ թվեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արտերկրից Հայաստան ուղարկված մարդասիրական օգնության ծավալները նվազել են: ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներից տեղեկացանք, որ այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին, որպես մարդասիրական օգնություն, Հայաստան է ուղարկվել 16 մլն 949 հազար 400 դոլարի օգնություն: Մինչդեռ նկատենք, որ անցած տարվա նույն ժամանակահատվածում Հայաստան ստացվել է 95 մլն 606 հազար 500 դոլարի չափով մարդասիրական օգնություն:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, թե որ երկրներն են մարդասիրական օգնություն ուղարկել Հայաստանին. Նշենք, որ Եվրամիության անդամ շատ երկրներ ուղարկել են. Գերմանիայից, օրինակ, Հայաստանը ստացել է 4 մլն 156 հազար դոլարի չափով օգնություն, իսկ մեր բարեկամ Ֆրանսիայից` 685 հազար 500 դոլարի չափով: Ֆրանսիայից նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստան եկել է 480 հազար 800 դոլարի մարդասիրական օգնություն: Անցած տարվա 9 ամիսներին Հայաստանը Շվեցարիայից 9 մլն 794 հազար 700 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել, իսկ այս տարի՝ 691 հազար 600 դոլար:
Իսկ ԱՊՀ երկրներից Հայաստանը 101 հազար 700 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացել, այն էլ`Ռուսաստանից եւ Ուկրաինայից: Անցած տարվա 9 ամիսների ընթացքում Ռուսաստանից Հայաստան 64 հազար 900 դոլարի չափով մարդասիրական օգնություն է ստացվել, իսկ այս տարի՝ 100 հազար 500 դոլարի չափով:

ArmLur.am-ը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ Չինաստանից Հայաստան մեկ տարվա ընթացքում ավելացել է մարդասիրական օգնության չափը. եթե նախորդ տարվա հունվար-սեպտեմբերին Հայաստան Չինաստանից եկել է 1 մլն 549 հազար 700 դոլարի չափով մարդասիրական օգնություն, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 1 մլն 824 հազար 900 դոլար: Ամերիկայի Միացյալ Նահանգներից է զգալի նվազել մարդասիրական օգնության չափը. Եթե նախորդ տարվա 9 ամիսներին ԱՄՆ-ից ՀՀ մտել է 6 մլն 916 հազար դոլարի չափով մարդասիրական օգնություն, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում այն կազմել է 2 մլն 402 հազար 200 դոլար:
Ս.Հ.




Լրահոս