ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամանորյա օրերի համար հայաստանյան հյուրանոցերում գրեթե տեղ չկա. որքան են փաթեթի գները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի մեր հայրենակիցների մեծ մասը մտադիր է Ամանորն անցկացնել հայաստանյան հյուրանոցներում: Ավելին, ArmLur.am մի փոքր հետաքննություն է իրականացրել. զանգահարեցինք մի քանի հյուրանոցներ եւ որպես քաղաքացի հետաքրքրվեցինք՝ այս տարի Ամանորյա փաթեթներ լինելո՞ւ են, թե՞ ոչ: Պարզվեց, որ հյուրանոցներ կան, որտեղ ազատ տեղ չկա այս պահին, իսկ մյուս հյուրանոցներում ազատ տեղերը մի քանի օրից կսպառվեն:

Օրինակ, «Ալպինա»-ում ստանդարտ սենյակի արժեքը սկսում է 400 հազար դրամից, փաթեթը ներառում է դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 6-ը: Այս հյուրանոցից մեզ փոխանցեցին, որ առայժմ ազատ սենյակներ ունեն եւ խորհուրդ տվեցին արագ կողմնորոշվել՝ նշելով, որ զանգերը շատ են: «Կեչառիս»-ից երկու անձի համար առաջարկեցին ստանդարտ համար, արժեքը 6 օրվա համար 540 հազար դրամ. արժեքը ներառելու է գալա-ընթրիք, շոու-ծրագրեր չեն լինելու: Այս հյուրանոցից եւս հորդորեցին արագ կողմնորոշվել, որովհետեւ ստանդարտ համարները սպառվում են:

«Ռոսիա» հյուրանոցից հայտարարեցին, որ ստանդարտ սենյակ այլեւս չունեն, դրանք արդեն ամրագրված են: Ստացվում է, որ մեր հայրենակիցները ռազմական դրությունը դեռ չավարտված հյուրանոցներում ամրագրումներ են սկսել անել:

ArmLur.am-ը հյուրանոցներից հետաքրքրվեց, թե որքան արժեն Ամանորյա փաթեթները եւ ինչ ծրագրեր կան: Պարզվեց, որ երաժշտական եւ հումորային համարներ չեն լինի, փոխարենը գալա ընթրիքին կհնչի կենդանի երաժշտություն: Բայց մյուս կողմից արձանագրենք, որ հայաստանյան հյուրանոցներն ողջ տարվա ընթացքում կորոնավիրուսի պատճառով գրեթե չեն աշխատել, շրջանառություն չեն ունեցել: Ճիշտ է, տոնական մի քանի օրերի շրջանառությունը չնչին է, բայց գոնե տնտեսվարողները կկարողանան փոքր-ինչ շնչել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Սյունէ Համբարձումյան

 




Լրահոս