Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը արձագանքել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի անցած երկու օրերին արած գրառումներին։
«Սույն թվականի նոյեմբերի 29-ին և 30-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան գրառումներում նշել է, որ հոկտեմբերի 19-ին իրեն զանգահարել էր Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և ասել, որ պետք է կանգնեցնել պատերազմը, նշելով նաև, որ այս տեսակետը փոխանցում է ոչ միայն իր, այլև ՀՀ և ԼՂՀ պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի անունից: Ուզում ենք տեղեկացնել ձեզ, որ մենք պատերազմի սկզբից ի վեր մշտական կապի մեջ էինք Արցախի գործող նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, քննարկում էինք պատերազմի ընթացքը, խաղաղ բանակցային գործընթացի վերականգնման հնարավորությունները և այլ հարցեր:
Հոկտեմբերի 19-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը պատերազմի դադարեցման և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանականերում բանակցային գործընթացի վերսկսման վերաբերյալ համապատասխան նամակներ էր պատրաստել՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահներին և ՀՀ վարչապետին: Սակայն, վարչապետ Փաշինյանը պատճառաբանեց, որ Ադրբեջանի քաղաքականության հետևանքով ստեղծված իրավիճակի պայմաններում սույն նամակների հղումը կորցրել է իր նպատակահարմարությունը: Սա է ամբողջ ճշմարտությունը:
Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի այն գրառումներին, որոնք չեն համապատասխանում իրականությանը, ապա ավելորդ շահարկումներից ու անհիմն քննարկումներից խուսափելու համար այս պահի դրությամբ նպատակահարմար ենք գտնում դրանց չանդրադառնալ:
Բացի այդ, iLur-ը հրապարակել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի նամակից մի հատված. «Ի հավելումն վերը նշվածի, պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ աջակցության նույնպիսի հրապարակային ուղերձներով հանդես էին գալու նաև ՀՀ նախկին նախագահներ Լ. Տեր-Պետրոսյանը, Ռ. Քոչարյանը և Ս. Սարգսյանը․ որպեսզի Փաշինյանի որոշումը անհապաղ հրադադարի վերաբերյալ չդիտվեր որպես նրա անձնական նախաձեռնություն և դրա ամբողջ պատասխանատվությունը չընկներ նրա վրա, ավելի պարզ ասած` նրա դեմքը փրկելու համար: Դժբախտաբար, Փաշինյանի հիվանդագին ինքնասիրությունը նրան թույլ չտվեց հասկանալ այս քայլի կարևորությունը, եւ նա կտրականապես արգելեց հրապարակել Արայիկ Հարությունյանի նամակը, դրանով խափանելով նաեւ Արցախի և Հայաստանի նախկին նախագահների աջակցության ուղերձների հրապարակումը:
Տեր-Պետրոսյանը նույնիսկ պատրաստել էր իր գրավոր հայտարարությունը, որը ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը. «Ղարաբաղյան շարժման առաջին օրվանից «Ղարաբաղ» կոմիտեն, ՀՀՇ-ն և Հայաստանի հետագա բոլոր իշխանությունները ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ոչ մի քայլ չեն արել առանց Լեռնային Ղարաբաղի ղեկավարության համաձայնության: Այնպես, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները չեն կարող, ավելին` իրավունք չունեն անտեսելու Արցախի իշխանությունների պահանջը»:
Մանրամասները՝ տեսանյութում