Կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը՝ տեսակոնֆերանսի ձևաչափով, որին մասնակցել է Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Նիստի ընթացքում պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:

ՀՀ պաշտպանության նախարարը գործընկերներին իրազեկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին՝ առանձնահատուկ նշելով ՀԱՊԿ անդամ պետություններում ճգնաժամային իրավիճակների արձագանքման մեխանիզմների իրագործման ժամկետների զգալի կրճատման հարցը: Վաղարշակ Հարությունյանը հատուկ ուշադրություն է դարձրել Ռուսաստանի ջանքերին՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը, Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության ընթացքին ու արդյունավետությանը, ընդգծել հումանիտար բնույթի գործունեությունը, կարևորել զոհված զինծառայողների, գերիների, պատանդների և անհայտ կորածների հայտնաբերման և փոխանակման աշխատանքները:

Պաշտպանության նախարարները, համաձայն ՀՀ ՊՆ հաղորդագրության, հավանության են արժանացրել ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշումը՝ ՀԱՊԿ անդամ պետությունների 2021-2025թթ. ռազմական համագործակցության զարգացման պլանի մասին:

Նիստի շրջանակներում քննարկվել են ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացման ուղիները, ՀԱՊԿ անդամ պետությունների պետական կառավարման մարմինների համար կադրերի պատրաստման համակարգի կատարելագործման միջոցառումները, խաղաղապահ ուժերի անձնակազմի պատրաստման համակարգը և այլն:

Տաջիկստանի պաշտպանության նախարարը հանդես է եկել ելույթով՝ իր գործընկերներին ծանոթացնելով ՀԱՊԿ-ում Տաջիկստանի նախագահության ընթացքում ռազմական ոլորտում ՀԱՊԿ գործունեության առաջնահերթությունների մասին:

ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը նախատեսված է անցկացնել 2021 թվականի առաջին կիսամյակում, Տաջիկստանում:




Լրահոս