Հոկտեմբերի 29-ին վերջնականացվել է ՎԵՈՆ խմբի և «ԹԻՄ» ՍՊԸ-ի միջև պայմանագիրը, որի համաձայն Վեոն Արմենիա ՓԲԸ-ն անցնում է Թիմ ՍՊԸ-ին:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը մասնավորապես նշեց.
«Շատ ոգևորիչ է գիտակցել, որ Հայաստանը վերջապես ունի կապի իսկապես ազգային օպերատոր: Մենք մտադրված ենք մեր ու մեր երկու միավորված թիմերի ամբողջ ներուժը ուղղել Հայաստանում լավագույն առաջատար տեխնոլոգիների ներդրմանը: Մեր բաժանորդները շատ շուտով կստանան լիովին նոր առաջարկներ ու ծառայություններ, որոնք նոր հնարավորություններ կբացեն բիզնեսի, ուսման և ցանկացած այլ ակտիվությունների համար»:
Փոփոխությունների հիմքում լինելու է New Generation Network (NGN) տեխնոլոգիայով կառուցված ցանցը, որը կփոխի է թվային ծառայությունների մասին հայաստանյան սպառողների բոլոր պատկերացումները։ Այս մեկ ամսվա ընթացքում «ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն արդեն հասցրել է փոխել իր իրավաբանական անվանումը և դառնալ «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ: Beeline ապրանքանիշը, սակայն, ըստ պայմանավորվածության, դեռ կպահպանվի որոշ ժամանակ:
Նշենք, որ «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ միակ սեփականատեր «Թիմ» ՍՊԸ համասեփականատերերն են Հայկ և Ալեքսանդր Եսայանները, ովքեր ՀՀ քաղաքացիներ են և մեծ փորձ ունեն հեռահաղորդակցության ոլորտում: