Անհրաժեշտություն է առաջանալու կրճատել այլ մարմինների հաստիքները և դրանք փոխանցել Հակակոռուպցիոն կոմիտեին. Ռուստամ Բադասյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադարձել է այսօր Կառավարության նիստում հաստատված օրենքի նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է ստեղծել նոր քննչական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե:

«Կառավարության այսօրվա նիստում հաստատվել է օրենքի նախագծերի փաթեթ, որով առաջարկվում է ստեղծել նոր քննչական մարմին՝ Հակակոռուպցիոն կոմիտե․ այն իրականացնելու է նաև օպերատիվ-հետախուզական գործունեություն:

Կոմիտեի ստեղծման համար նախատեսվող ֆինանսական միջոցների վերաբերյալ թյուրընկալումները բացառելու համար տեղեկացնեմ, որ թեև Հակակոռուպցիոն կոմիտեի՝ կոռուպցիոն հանցագործությունների քննության մասնագիտացված մարմնի ստեղծումը պայմանավորված է երկրում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ, այդուհանդերձ, ՀՀ պետական բյուջեից ծախսերի նախատեսումը բացարձակ բնույթ չի կրելու: Մասնավորապես,

Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ պայմանավորված՝ անհրաժեշտություն է առաջանալու կրճատել այլ մարմինների հաստիքները և դրանք փոխանցել Հակակոռուպցիոն կոմիտեին:

Հ․Գ․Ծախսերի մեծ մասը կապիտալ բնույթի են, իրականացվելու են նաև դոնորների աջակցությամբ (2021-2023 թվականների ընթացքում), որոնք գումարը փոխանցելու են պետական բյուջե, և բյուջեից ֆինանսավորումն իրականացվելու է բացառապես արդարադատության ոլորտի նպատակներով, ինչպես սահմանված է համապատասխան համաձայնագրերում»,- ասված է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի գրառման մեջ։




Լրահոս