ՀԵՐԹՈՎ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ ԴՈՒՐՍ ԵՆ ԳԱԼԻՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գոռ Գեւորգյանը երեկ հայտարարություն տարածեց. «Վերահաստատում եմ, որ ինձ համար ազգային համերաշխությունն ու միասնությունը, ներքաղաքական կայունությունն անքննելի առաջնահերթություններ են: Հայաստանի եւ Արցախի առջեւ ծառացած խնդիրների ինստիտուցիոնալ լուծումներին կարելի է հասնել միայն համազգային համախմբման, ներքաղաքական կայունության եւ ՀՀ Սահմանդրությանն անվերապահորեն հետեւելով: Այս օրերին փորձել եմ ջանքերս ուղղել գործընկերներիս հետ երկխոսելու, ստեղծված իրավիճակը սթափ գնահատելու եւ մեր պետության համար առավել արդյունավետ լուծումներ գտնելու գործին:

 

Միեւնույն ժամանակ, այս շրջանում ակնհայտ դարձած որոշակի իրողությունների, մեր պետության առջեւ ծառացած մի շարք առանցքային եւ խնդրահարույց հարցերի շուրջ առկա սկզբունքային տարաձայնություններից ելնելով` որոշում եմ կայացրել դուրս գալ «Իմ քայլը» խմբակցությունից` որպես անկախ պատգամավոր շարունակելով ընտրողներիս առջեւ ստանձնած պարտավորություններիս կատարումը: Ուզում եմ նաեւ ընդգծել, որ քաղաքական գործունեություն սկսելու ամենակարեւոր մղումը եղել է նոր, ավելի ուժեղ Հայաստան կառուցելու գործին լծվելու գաղափարը: Կյանքում եւ գործունեությանս ընթացքում կաշկանդված չեմ եղել մտքերս արտահայտելու եւ դիրքորոշումս հայտնելու հարցերում եւ այս առումով կարծում եմ` կայացված որոշումը ընկալելի կլինի նաեւ խմբակցության այն գործընկերներիս համար, ովքեր ավելի լավ գիտեն սկզբունքներիս եւ արժեքներիս նկատմամբ միշտ հավատարիմ լինելու պարտավորությանս մասին»:

Այս ամենից հետո ArmLur.am-ը տեղեկություն ստացավ, որ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Սոֆյա Հովսեփյանը եւս խմբակցությունից դուրս գալու մտադրություն ունի։ Պատգամավորի հետ զրուցել ենք՝ հասանալու՝ արդյոք պատրաստվում է նման քայլի դիմել, թե ոչ։

-Տիկի՛ն Հովսեփյան, Աժ «Իմ քայլը» խմբացկությունից դուրս գալու մտադրություն ունե՞ք։ Քննարկո՞ւմ եք անկախ պատգամավորի կարգավիճակում Ձեր աշխատանքը շարունակելու հարցը։   Արդյոք քննարկումներ ունենո՞ւմ եք այդ հարցի վերաբերյալ։

-Ո՞ւմ հետ քննարկում ունենամ։

-Խմբակցության ներկայացուցիչների կամ խմբակցության ղեկավարության հետ չե՞ք քննարկել։

-Որեւէ մեկի հետ չեմ քննարկել ու չեմ էլ քննարկելու, քանի որ եթե գամ այն որոշման, որ հիմա ես պետք է թողնեմ խմբակցությունը, ապա ոչ թե պետք է հարցնեմ, այլ պետք է որոշում կայացնեմ եւ տեղեկացնեմ։ Այդքանը։

-Իսկ այս պահի դրությամբ որոշում ունե՞ք կայացրած։

-Հենց այս պահի դրությամբ նպատակահարմար չեմ գտնում։

-Խմբակցությունից դուրս գալը նպատակահարմար չե՞ք գտնում այս պահին։

-Այս պահին, այո՛, այլապես շատ վաղուց դա արած կլինեի, որովհետեւ երբ դեռ որեւէ մեկը չէր գրել, ես արդեն դիմում գրել էի, պարզապես չեմ ներկայացրել խմբակցություն, քանի  որ տաք քայլ անելու խնդիր չունեմ, այլ ունեմ վճռականության  խնդիր, որ պետք է լուծեմ մի շարք հարցեր։

-Այսինքն՝ կարծում եք, որ այս պահի դրությամբ պետք է շարունակել գործունեությունը խմբակցության ներսո՞ւմ։

-Այո, ես որեւէ քայլ աննպատակ չեմ անում, այսինքն՝ քանի դեռ գտնում եմ, որ ներսում դեռ անելիք ունեմ, ներսում կլինեմ։ Իսկ եթե գտնեմ, որ առհասարակ անելիք չունեմ, ուրեմն մանդատը վայր կդնեմ։

-Տիկի՛ն Հովսեփյան, իսկ այս պահին ի՞նչ քայլերով եք զբաղված, ի՞նչ եք ձեռնարկում. զինվորների մայրերը գնում են այն գերատեսչություններ, որտեղից ակնկալիքներ ունեն։

-Ես իրենց հետ էլ եմ հանդիպումներ ունեցել, պարզապես չեմ հրապարակում։ Բոլոր հնարավոր հանդիպումներն ունեցել եմ։

Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

 

 

 

ՀԱՊԿ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ  ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

Կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը՝ տեսակոնֆերանսի ձեւաչափով, որին մասնակցել է Հայաստանի պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը:

 

Նիստի ընթացքում պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել ՀԱՊԿ հավաքական անվտանգության տարածաշրջաններում միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ: ՀՀ պաշտպանության նախարարը գործընկերներին իրազեկել է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին՝ առանձնահատուկ նշելով ՀԱՊԿ անդամ պետություններում ճգնաժամային իրավիճակների արձագանքման մեխանիզմների իրագործման ժամկետների զգալի կրճատման հարցը: Վաղարշակ Հարությունյանը հատուկ ուշադրություն է դարձրել Ռուսաստանի ջանքերին՝ ուղղված տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի կայունացմանը, Արցախում իրականացվող ՌԴ խաղաղապահ առաքելության ընթացքին ու արդյունավետությանը, ընդգծել հումանիտար բնույթի գործունեությունը, կարեւորել զոհված զինծառայողների, գերիների, պատանդների եւ անհայտ կորածների հայտնաբերման եւ փոխանակման աշխատանքները: Պաշտպանության նախարարները, համաձայն ՀՀ ՊՆ հաղորդագրության, հավանության են արժանացրել ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշումը՝ ՀԱՊԿ անդամ պետությունների 2021-2025թթ. ռազմական համագործակցության զարգացման պլանի մասին:

Նիստի շրջանակներում քննարկվել են ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացման ուղիները, ՀԱՊԿ անդամ պետությունների պետական կառավարման մարմինների համար կադրերի պատրաստման համակարգի կատարելագործման միջոցառումները, խաղաղապահ ուժերի անձնակազմի պատրաստման համակարգը եւ այլն: Տաջիկստանի պաշտպանության նախարարը հանդես է եկել ելույթով՝ իր գործընկերներին ծանոթացնելով ՀԱՊԿ-ում Տաջիկստանի նախագահության ընթացքում ռազմական ոլորտում ՀԱՊԿ գործունեության առաջնահերթությունների մասին: ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը նախատեսված է անցկացնել 2021 թվականի առաջին կիսամյակում Տաջիկստանում:

 

 

 

ՍԵՆՅԱԿՆԵՐ ԵՆ ԱՄՐԱԳՐՈՒՄ

Ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի մեր հայրենակիցների մեծ մասը մտադիր է Ամանորն անցկացնել հայաստանյան հյուրանոցներում: Ավելին, ArmLur.am մի փոքր հետաքննություն է իրականացրել. զանգահարեցինք մի քանի հյուրանոցներ եւ որպես քաղաքացի հետաքրքրվեցինք՝ այս տարի ամանորյա փաթեթներ լինելու են, թե ոչ: Պարզվեց, որ հյուրանոցներ կան, որտեղ ազատ տեղ չկա այս պահին, իսկ մյուս հյուրանոցներում ազատ տեղերը մի քանի օրից կսպառվեն: Օրինակ՝ «Ալպինա»-ում ստանդարտ սենյակի արժեքը սկսում է 400 հազար դրամից, փաթեթը ներառում է դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 6-ը: Այս հյուրանոցից մեզ փոխանցեցին, որ առայժմ ազատ սենյակներ ունեն եւ խորհուրդ տվեցին արագ կողմնորոշվել՝ նշելով, որ զանգերը շատ են: «Կեչառիս»-ից երկու անձի համար առաջարկեցին ստանդարտ համար՝ արժեքը 6 օրվա համար 540 հազար դրամ. արժեքը ներառելու է գալա-ընթրիք, շոու-ծրագրեր չեն լինելու: Այս հյուրանոցից եւս հորդորեցին արագ կողմնորոշվել, որովհետեւ ստանդարտ համարները սպառվում են: «Ռոսիա» հյուրանոցից հայտարարեցին, որ ստանդարտ սենյակ այլեւս չունեն, դրանք արդեն ամրագրված են: Ստացվում է, որ մեր հայրենակիցները, ռազմական դրությունը դեռ չավարտված, հյուրանոցներում ամրագրումներ են սկսել անել:

ArmLur.am-ը հյուրանոցներից հետաքրքրվեց, թե որքան արժեն ամանորյա փաթեթները, եւ ինչ ծրագրեր կան: Պարզվեց, որ երաժշտական եւ հումորային համարներ չեն լինի, փոխարենը գալա ընթրիքին կհնչի կենդանի երաժշտություն: Բայց, մյուս կողմից, արձանագրենք, որ հայաստանյան հյուրանոցները ողջ տարվա ընթացքում կորոնավիրուսի պատճառով գրեթե չեն աշխատել, շրջանառություն չեն ունեցել: Ճիշտ է, տոնական մի քանի օրերի շրջանառությունը չնչին է, բայց գոնե տնտեսվարողները կկարողանան փոքր-ինչ շնչել:

 

 

 

ՔՆՆԱՐԿՈՒՄ ԵՆ ՆԱԽԱՁԵՌՆԵԼ

«Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները ռազմագերիների ու գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդրով հրատապ քննարկում են նախաձեռնել։ «ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները, օգտվելով Սահմանադրությամբ նախատեսված իրենց լիազորությունից, համատեղ նախաձեռնել են հրատապ թեմայով քննարկում, որի առարկան է հայ ռազմագերիներին եւ գերեվարված քաղաքացիական անձանց գերությունից վերադարձնելու խնդիրը: Քննարկումը, համաձայն «ԱԺ կանոնակարգի» 123-րդ հոդվածի 4-րդ մասի, տեղի կունենա հաջորդ երեքշաբթի օրը (դեկտեմբերի 08-ին) գումարվող ԱԺ հերթական նիստերի 3-րդ հիմնական նիստում։ Մեր կողմից առաջարկվում է ընդունել Ազգային ժողովի ուղերձ»,-ասված է հայտարարության տեքստում։

 




Լրահոս