ԳՐԱՌՈՒՄՆԵՐԸ ՉԵՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանն արձագանքել են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ անցած երկու օրերին արած գրառումներին, որոնք վերաբերում էին պատերազմի օրերին իրենց հետ հանդիպումներին եւ քննարկված թեմաներին։

 

«Սույն թվականի նոյեմբերի 29-ին եւ 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան գրառումներում նշել է, որ հոկտեմբերի 19-ին իրեն զանգահարել էր ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը եւ ասել, որ պետք է կանգնեցնել պատերազմը՝ նշելով նաեւ, որ այս տեսակետը փոխանցում է ոչ միայն իր, այլեւ ՀՀ եւ ԼՂՀ պաշտոնաթող նախագահներ Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Լեւոն Տեր-Պետրոսյանի անունից: Ուզում ենք տեղեկացնել ձեզ, որ մենք պատերազմի սկզբից ի վեր մշտական կապի մեջ էինք Արցախի գործող նախագահ Արայիկ Հարությունյանի հետ, քննարկում էինք պատերազմի ընթացքը, խաղաղ բանակցային գործընթացի վերականգնման հնարավորությունները եւ այլ հարցեր:

Հետեւելով ռազմական գործողությունների ընթացքին, ունենալով բազմաթիվ հանդիպումներ եւ խորհրդակցություններ պատերազմին մասկանցող ռազմական գործիչների, հրամանատարների եւ մարտիկների հետ՝ մենք եկանք այն եզրակացության, որ անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմն անհապաղ կանգնեցնելու ուղղությամբ, ինչի մասին բազմիցս հայտնել ենք Արցախի Հանրապետության գործող նախագահ Արայիկ Հարությունյանին՝ հորդորելով նրան դիմել ՀՀ վարչապետին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությանը:

Հոկտեմբերի 18-ին Արայիկ Հարությունյանը նույնպես եկավ այս եզրահանգմանը եւ դիմեց մեր աջակցությանն այս հարցում՝ ստանալով մեր համաձայնությունը: Պատերազմական գործողությունների դադարեցումը կարեւորել են նաեւ ՀՀ պաշտոնաթող նախագահներ Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը: Հոկտեմբերի 19-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը պատերազմի դադարեցման եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանականերում բանակցային գործընթացի վերսկսման վերաբերյալ համապատասխան նամակներ էր պատրաստել՝ ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահներին եւ ՀՀ վարչապետին: Սակայն վարչապետ Փաշինյանը պատճառաբանեց, որ Ադրբեջանի քաղաքականության հետեւանքով ստեղծված իրավիճակի պայմաններում սույն նամակների հղումը կորցրել է իր նպատակահարմարությունը: Սա է ամբողջ ճշմարտությունը:

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի այն գրառումներին, որոնք չեն համապատասխանում իրականությանը, ապա ավելորդ շահարկումներից ու անհիմն քննարկումներից խուսափելու համար այս պահի դրությամբ նպատակահարմար ենք գտնում դրանց չանդրադառնալ: Ստորեւ ներկայացնում ենք այդ նամակների տեքստերը:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Մեծարգո՛ Նիկոլ Վովայի, խորհրդակցելով ԱՀ Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների հետ եւ ստանալով նրանց միաձայն համաձայնությունը՝ ս.թ. հոկտեմբերի 19-ին նամակ-կոչով դիմել եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին տարածաշրջանում ընթացող լայնածավալ ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված մարդասիրական աղետի պայմաններում պատերազմն անհապաղ դադարեցնելու առաջարկով:

Վերահաստատել եմ պաշտոնական Ստեփանակերտի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից նախկինում առաջարկված եւ քննարկված փաստաթղթերի ու սկզբունքների շրջանակներում բանակցային գործընթացը վերսկսելու պատրաստակամությունը: Հայաստանի Հանրապետությունն Արցախի Հանրապետության անվտանգության հիմնական երաշխավորն է, եւ հաշվի առնելով, որ ԱՀ-ն փաստացի չի մասնակցում բանակցային գործընթացին, ստանալով ԱՀ ԱԺ բոլոր խմբակցությունների համաձայնությունը՝ դիմում եմ Ձեզ՝ գործադրելու բոլոր հնարավոր ջանքերը՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահության կողմից նախկինում առաջարկված եւ քննարկված փաստաթղթերի հիման վրա պատերազմական գործողություններն անհապաղ կասեցնելու եւ բանակցային գործընթաց վերսկսելու ուղղությամբ։

Խորին հարգանքով՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին՝ Ռուսաստանի Դաշնության մեծարգո՛ նախագահ պարոն Վլադիմիր Պուտին, Ամերիկայի Միացյալ Նահանգների մեծարգո՛ նախագահ պարոն Դոնալդ Թրամփ, Ֆրանսիայի Հանրապետության մեծարգո՛ նախագահ պարոն Էմանուել Մակրոն, հաշվի առնելով տարածաշրջանում ընթացող լայնածավալ պատերազմական գործողությունները, երկու կողմերից հազարավոր զոհերի եւ վիրավորների առկայությունը, որն արդեն իսկ հանգեցրել է մարդասիրական աղետի՝ դիմում եմ Ձեզ եւ, որպես Արցախի Հանրապետության ընտրված նախագահ, կոչ եմ անում ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ քայլերը պատերազմական գործողություններն անհապաղ կասեցնելու եւ բանակցային գործընթացը վերսկսելու ուղղությամբ:

Պաշտոնական Ստեփանակերտը մշտապես կողմնակից է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ադրբեջանաղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը: Վերահաստատում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության կողմից նախկինում առաջարկված եւ քննարկված փաստաթղթերի ու սկզբունքների շրջանակներում բանակցային գործընթացն անհապաղ վերսկսելու մեր պատրաստակամությունը:

Խորին հարգանքով՝ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության գործող նախագահ Արայիկ Հարությունյանին

Մեծարգո՛ Արայիկ Վլադիմիրի, հաշվի առնելով տարածաշրջանում ընթացող լայնածավալ պատերազմական գործողությունները, երկու կողմերից հազարավոր զոհերի եւ վիրավորների առկայությունը, որն արդեն իսկ հանգեցրել է մարդասիրական աղետի՝ սույնով աջակցություն ենք հայտնում Ձեր՝ որպես Արցախի Հանրապետության գործող նախագահի կողմից իրականացվող ջանքերին՝ ուղղված պատերազմը դադարեցնելուն եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում բանակցային գործընթացը վերսկսելուն»:

 

 

ՓԱԿ ՆԻՍՏ

ԱԺ իշխող «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարանում փակ նիստ է անցկացրել։ Խմբակցությունը քննարկել է ստեղծված իրավիճակն ու առաջիկա անելիքները։ Նիստին մասնակցել է նաեւ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, որը ապաքինումից հետո առաջին անգամ է խորհրդարան գալիս։ Հիշեցնենք, որ Միրզոյանը նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը հարձակման էր ենթարկվել մի խումբ քաղաքացիների կողմից։ ԱԺ նախագահը դրանից հետո մի քանի վիրահատության է ենթարկվել եւ վերջին օրերին ապաքինման փուլում էր։

 

 

ԼԱՎՐՈՎԸ ԿՆԱԽԱԳԱՀԻ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը կնախագահի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների խորհրդի նիստը, որը կանցկացվի տեսակոնֆերանսի ձեւաչափով: Այս հանդիպումը նախորդում է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որը տեղի կունենա հաջորդ օրը: Ըստ Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության՝ Լավրովը գործընկերներին կտեղեկացնի կազմակերպությունում նախագահության արդյունքների եւ այն մասին, թե ինչպես է Մոսկվան գնահատում միջազգային եւ տարածաշրջանային իրավիճակի զարգացման հեռանկարները, դրա ազդեցությունը ՀԱՊԿ տարածքում կայունության վրա:

 

 

ԱԼԻԵՎՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն իր ժողովրդին ուղղված խոսքում հայտարարել է, թե առաջարկում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող նոր միջանցք ստեղծել, իսկ Լաչին՝ Բերձոր քաղաքը փոխանցել Ադրբեջանին. գրում է ՌԻԱ Նովոստին։ «Բոլորին լավ հայտնի է, որ Լաչինի միջանցքն անցնում է Լաչին քաղաքով։ Այդպիսով, Լաչին քաղաքը մնում է այդ միջանցքի մեջտեղում։ Ռուսաստանի նախագահի հետ զրույցում ասել եմ, որ Լաչինը պիտի մեզ վերադարձվի։ Դրա համար մենք առաջարկում ենք նոր միջանցք կառուցել՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող նոր միջանցք մշակել եւ կառուցել այն։ Այստեղ նշված է 3 տարի ժամկետ, բայց ես կարծում եմ՝ ավելի շուտ կարող ենք անել։ Նոր չափանիշների որոշումից հետո Լաչին քաղաքը նույնպես մեզ կվերադարձվի»,- ասել է Ալիեւը։ Նա նաեւ խոսել է Նախիջեւանն Ադրբեջանի արեւմտյան մասին կապող միջանցքի մասին։ Ալիեւը նշել է նաեւ, որ հրադադարի ռեժիմը մեծամասամբ պահպանվում է, բայց խափանելու փորձեր կան։

 

 

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆ

«Հոկտեմբերի 11-ից սկսած իմ նախաձեռնությամբ հրավիրվել են անասնաբույժ մասնագետներ, ստեղծել ենք աշխատանքային պլան, որով պետք էր շարժվել պատերազմական ժամանակաշրջանում, քանի որ կարող էին տարբեր կենսաբանական դիվերսիաներ տեղի ունենալ»,- հայտնել է ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը: Վերջինիս խոսքով՝ Արցախից Հայաստան մտնող անցակետերում իրենց մասնագետները վերահսկողություն են իրականացրել՝ պարզելու, թե ինչքան եւ ինչ կենդանիներ են մտնում Հայաստանի տարածք. «Իմանալով, թե որտեղ են տանում կենդանիներին, տեղում իրականացվել են անասնաբուժական միջոցառումներ: Սկսել ենք դաբաղ հիվանդության պատվաստումից, ինչպես նաեւ բրուցելոզի տուգում ենք իրականացրել: Այդ միջոցառումները թույլ տվեցին մեզ զերծ պահել բնակչությանը անասնահամաճրակային հիվանդություններից: Այս պահի դրությամբ որեւէ հիվանդ կենդանի չունենք: Միջոցառումները շարունակվում են, այլ հիվանդությունների դեմ եւս  կպատվաստվեն կենդանիները»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ այս ընթացքում Արցախից Հայաստան է մտել 9600-ից ավելի կենդանի: Դրանցից 4500-ը խոշոր եղջերավոր կենդանիներ են, մոտ 5 հազարը՝ մանր եղջերավոր, 140 խոզ եւ 60 ձի: «Սա այն թիվը չի, որ պետք է լիներ, կլինեն կենդանիներ, որ բերվել են սարերով, դաշտերով: Այսօր այդ ճշտումներն ենք անում նաեւ»,- ընդգծել է նա։ Անդրադառնալով սպանդանոցների խնդիրին՝ նա ասել է. «Հայաստանի տարածքում այս պահին ունենք 72 սպանդանոց, որոնցից 38-ը ծառայություն են մատուցում, մնացածը ներտնտեսային սպանդանոցներ են:  Ունենք եւս 2 հատ շարժական սպանդանոց»:

 

 




Լրահոս