Նոյեմբերի 23-ին Մոսկվայում ԱՊՀ երկրների ինստիտուտում տեղի էր ունեցել միջազգային «Լազարեւյան ակումբի» խորհրդի արտահերթ նիստը: Մասնակիցները քննարկել են Հայաստանում ստեղծված իրավիճակը` 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, ինչպես նաեւ` ռուս-հայկական հարաբերությունների եւ Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հետ կապված հարցեր: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Վազգեն Մանուկյանը, որը հանդիսանում է 17 կուսակցությունների վարչապետի թեկնածուն: Սակայն այս նիստից զատ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինը նաեւ հանդիպումներ է ունեցել Դաշնակցության անդամների հետ: Այս եւ այլ հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցել է Զատուլինի հետ:
-Պարո՛ն Զատուլին, Դուք հանդիպում եք ունեցել Դաշնակցության անդամների հետ: Ի՞նչ հարցեր եք քննարկել:
-Ես շատ հանդիպումներ եմ ունենում շատ գործիչների հետ: Ինչու է Ձեզ հենց այդ հանդիպման վերաբերյալ այդպիսի հետաքրքրություն:
-Ես ցանկանում եմ իմանալ՝ արդյոք հանդիպման ընթացքում քննարկվել է որպես վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հարցը:
-Ես շատ հարցեր եմ քննարկել, հետաքրքրվել Հայաստանում տիրող իրավիճակով, այն տեսակետով, որ կա Հայաստանի քաղաքական ուժերի մոտ: Մենք անցկացրել ենք Լազարևյան ակումբի նիստ, այդ մասին տեղեկություն հրապարակվեց: Իսկ հանդիպում դաշնակների հետ տեղի է ունեցել դրանից հետո եւ մենք քննարկել ենք տարբեր հարցեր, ինձ պատմել են մի քանի տարբերակների մասին, որով հնարավոր է հարցը լուծել, այդ թվում՝ Փաշինյանի հրաժարական, անցումային կամ մշտական կառավարություն, որը կկարողանա վստահություն վայելել քաղաքական ուժերի մոտ եւ անհրաժեշտ աշխատանք կատարի:
-Իսկ Դուք ի՞նչ եք մտածում հենց Վազգեն Մանուկյանի թեկնածության մասին:
-Ես նրան վաղուց գիտեմ: Ձեր ուշադրությանը հրավիրեմ այն հանգամանքի վրա, որ մեր ծանոթությունը շատ վաղուց է եղել, մենք այս տարիներին հաճախ ենք հանդիպել եւ ես հարգանքով եմ վերաբերվել նրա տեսակետներին, դա միշտ ինքնուրույն է եղել: Ապա մենք շարունակել ենք մեր շփումները նաեւ վերջին տարիներին, երբ նա արդեն Հանրային խորհրդի նախագահն էր: Երբ մենք որոշեցինք ստեղծել Լազարևյան ակումբը, նա մասնակցեց առաջին նիստին եւ պաշտպանեց այդ որոշումը: Մենք ստեղծեցինք խորհուրդ եւ նա եւս այդ կազմի մեջ է եւ մենք մի քանի անգամ արդեն հանդիպել ենք: Վերջին նիստն արդեն այս տարվա նոյեմբերին էր՝ եռակողմ հայտարարության ընդունումից հետո: Ինչ վերաբերում է իմ անձնական վերաբերմունքին, ապա ինձ համար նա խոշոր քաղաքական եւ հասարակական գործիչ է, նա մեծ դերակատարում է ունեցել Հայաստանի կայացման գործում՝ ԽՍՀՄ փլուզումից հետոշ, եղել է առաջին վարչապետ, պաշտպանության նախարար եւ եղել են լուրջ հաջողություններ նրա օրոք: Նրան չես անվանի պաշտպանության ոլորտից հեռու մարդ: Նրա թեկնածությունն ինձ համար հասկանալի է: Հույսերն են կապում, որ նա կարող է արտահերթ արդար ընտրություններ կազմակերպել, որը վաղ թե ուշ տեղի կունենա:
-Իսկ նիստի ժամանակ անդրադա՞րձ է եղել հենց եռակողմ հայտարարությանը:
-Նիստի ժամանակ մենք ամեն ինչ ենք քննարկել: Դա մենք չէինք կարող չքննարկել, քանի որ հասարակական կառույց է, որը պետք է հայ-ռուսական հարաբերություններն ամրապնդի: Եվ իհարկե մենք կոնֆլիկտի հենց սկզբից էինք ակտիվացել, փորձել էինք հանդես գալ տարբեր ձեւերով, միջոցներ հավաքել, որը դեռ մեզ մոտ է եւ պետք է փոխանցենք այն:
-Չնայած տեսակետներ են հնչում, թե Նիկոլ Փաշինյանը չի նպաստել հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը, սակայն հենց օրեր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասաց, թե պետք է աջակցել Փաշինյանին: Ինչո՞վ կբացատրեք այս հանգամանքը:
-ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անհանգստացած է, որ պատերազմը չվերսկսվի Լեռնային Ղարաբաղում: Պուտինն իր ստորագրությունն է դրել հայտարարության տակ, որը ՀՀ եւ Ադրբեջանի նախագահները կատարում են եւ բնականաբար նա անհանգստացած է, որ ներքին հարցերի եւ զրագացումների պատճառով այդ հայտարարությունը չվտանգվի: Ընդ որում, ես մտածում եմ, որ Պուտինը լիակատար հասկանում է, որ Հայաստանը չի կարող այժմ պատերազմ վարել կրկին: Բնականաբար, նա առաջին հերթին խոսում է այն մասին, որ պետք է պահպանել խաղաղություն եւ այն հանգամանքը, որ Փաշինյանը ստորագրել եւ կատարում է, դա է նրա խոսքը: Իսկ ինչ վերաբերում է հարցին՝ ով պետք է լինի իշխանության Հայաստանում, որոշում է հայ ազգը, հայ ժողովուրդը, այլ ոչ թե Պուտինը, ես կամ մեկ ուրիշը: Իսկ ժողովուրդը լիակատար իրավունք ունի իր որոշումը կայացնելու համար: 2018 թվականին Փաշինյանի նախորդը՝ Սերժ Սարգսյանը, զիջեց իր աթոռը: Սակայն այսօր, այս ամբողջ տեղի ունեցածից հետո, հայ ժողովուրդը հասկանում է, որ Հայաստանի դիրքերը վերականգնելու եւ հայ ազգի վստահությունն ու համարձակությունը բարձրացնելու համար, պետք են փոփոխություններ:
Այժմ Հայաստանում տարբեր քաղաքական ուժեր, եկեղեցու ներկայացուցիչներ հանդես են գալիս հայտարարություններով, որ Փաշինյանը չկառչի աթոռին եւ փոխանցի այն: Կառավարության հանդեպ այժմ չկա որեւէ վստահություն եւ ցանկացած քայլ, թեկուզ դրական, վստահություն չի ներշնչում:
Մանրամասները՝ տեսանյութում
Նաիրա Հովհաննիսյան