ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ժամկետն ավարտվում է. ինչ կառուցվածք կունենա հայ-ադրբեջանական երկկողմ հանձնաժողովը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախի կարգավիճակի թեմայի շուրջ Բաքվի եւ Երեւանի միջեւ սկզբունքային տարաձայնություններ կան: Այս մասին երեկ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան: Նա նաեւ խոսել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի նախապատրաստման մասին՝ ասելով, թե ռուսական կողմն առաջնորդվում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ միջպետական ​​հարաբերությունների հաստատման հիմնարար սկզբունքների վերաբերյալ առաջարկներով։

Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանն ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերը որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմք է դիտարկում։ Իր հերթին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ-ի պետքարտուղարի փոխտեղակալ էրիկա Օլսոնի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ադրբեջանական պատվիրակությունը պատրաստ է խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի հետ բանակցություններին։

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետներն ու Իլհամ Ալիևը, ադրբեջանական կողմի համաձայն, մտքեր են փոխանակել տարածաշրջանային, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների անցկացմանը, հաղորդակցությունների բացմանը վերաբերող հարցերի շուրջ։

Ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրամիության միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները պայմանավորվել էին արտգործնախարարներին հանձնարարել սկսել երկու երկրների միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները։

Ադրբեջանական կողմն անցած շաբաթ է հայտարարել, որ պատրաստ է Երևան-Բաքուն ձևաչափով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններին։

Մինչ այդ Ալիևի վարչակազմը հինգ կետերից բաղկացած առաջարկ էր ներկայացրել Երևանին, այդ թվում՝ սահմանազատում և սահմանագծում իրականացնել, դիվանագիտական հարաբերություններ հաստատել, բացել տրանսպորտային ուղիները, կոմունիկացիաները, փոխադարձաբար ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը։ Առայժմ Երևանն ու Բաքուն համաձայնեցրել են միայն, թե ինչ կառուցվածք է ունենալու սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով երկկողմ հանձնաժողովը, որը, ըստ Փաշինյանի և Ալիևի պայմանավորվածության, պետք է ձևավորվի մինչև այս ամսվա վերջ։ Պաշտոնապես, սակայն, չի հաղորդվել, թե ինչ կառուցվածք է ունենալու այդ հանձնաժողովը:

Մանրամասները՝ տեսանյութում

Ն.Հ.




Լրահոս