Արդարադատության նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել 2002 թվականի մարտի 2-ի թիվ 193 որոշման մեջ: Խոսքը վերաբերում է նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու կարգին։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Արդարադատության նախարարությունն առաջարկում է օրենքը լրացնել հետեւյալ նոր հոդվածով. «Ռազմական, արտակարգ դրության ժամանակ կամ այլ արտակարգ իրավիճակների պայմաններում տվյալ տարվա ընթացքում որակավորման ստուգում կարող է չանցկացվել: Կազմակերպված որակավորման ստուգումը կարող է հանձնաժողովի որոշմամբ հետաձգվել ռազմական, արտակարգ դրության ժամանակ կամ այլ արտակարգ իրավիճակների պայմաններում: Սույն դեպքում որակավորման ստուգումները մեկնարկում (շարունակվում) են որոշման կայացման համար հիմք հանդիսացած բոլոր հանգամանքները վերանալուց հետո հաջորդող մեկ տարվա ընթացքում»:
Ներկա պայմաններում առկա է մի իրավիճակ, որի արդյունքում համավարակի պայմաններում վարակի տարածման սահմանների և դրանով վարակված անձանց թվի ավելացման հանգամանքներում համապատասխան կանխարգելիչ աշխատանքների և միջոցառումների իրականացման և դրանց արդյունքում անձանց կյանքի և առողջության պաշտպանության համար սահմանվել են նաև Սահմանադրությամբ երաշխավորված՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների սահմանափակումներ:
Միևնույն ժամանակ, նախորդ տարիների փորձը ցույց է տալիս, որ նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական ստանալու ստուգմանը մասնակցում են 50-ից ավելի մասնակիցներ: Մասնավորապես, ներկա պայմաններում Սահմանադրության 76-րդ հոդվածից բխում է, որ Կառավարությունը ձեռնարկում է իրավիճակից բխող միջոցառումներ, իսկ ստեղծված իրավիճակն ինքնին թելադրում է միջոցառումներ կիրառելու անհրաժեշտություն՝ նվազեցնելու վարակի տարածման ռիսկերը:
Որպես հիմնավորում նշվում է, որ նախագծի ընդունման նպատակն է կանխել համավարակի տարածումը, արտակարգ դրության պայմաններում նվազեցնել բնակչության կյանքին և առողջությանը սպառնացող վտանգները, կորոնավիրուսային հիվանդացության դեպքերը: Բացի այդ, նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ռազմական և արտակարգ դրության պայմաններում նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու և ստուգման անցկացման հետ կապված խնդիրները:
Ն.Հ.