Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը նոր նախագիծ է ներկայացրել, որը վերաբերում է միջմարզային, ներմարզային և ներհամայնքային երթուղիների շահագործմանը: Բանն այն է, որ ներկայումս շահագործվում են մեծ թվով միկրոավտոբուսներ, որոնք ենթակա են մինչև տարեվերջ փոխարինման, քանի որ լրանում է դրանց շահագործման 15 տարին:
Սակայն ArmLur.am-ը տեղեկացավ, որ նախարարությունն առաջարկում է եւս մեկ տարով երկարացնել շահագործման թույլատրելի տարին եւ դարձնել 16 տարի: Իսկ որպես հիմնավորում նշվում է, որ կորոնավիրուսային համաճարակով և հետպատերազմյան ստեղծված իրավիճակով պայմանավորված, ինչպես նաև այն փաստով, որ նոր երթուղային ցանցի մշակմամբ պայմանավորված երթուղիները սպասարկող ընկերությունների մրցույթներ չեն իրականացվում, իսկ երթուղիները մեծամասամբ տրված են ժամանակավոր սպասարկման, առաջարկվում է թույլատրել ևս մեկ տարի շարունակել այդ տրանսպորտային միջոցների շահագործումը կանոնավոր երթուղիներում՝ ուղևորափոխադրումների բնականոն ընթացքը չխաթարելու համար: