Հայաստանը ՄԻԵԴ-ում շարունակում է պահանջներ ներկայացնել գերիների իրավունքների պաշտպանության հարցով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը շարունակում է ամենօրյա աշխատանքները ադրբեջանական կողմի խախտումների, այդ թվում՝ գերեվարված անձանց կոնվենցիոն իրավունքների պաշտպանության վերաբերյալ պահանջներ ներկայացնելու ուղղությամբ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը։

«Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 գերիներ, որոնցից 26-ի մասով՝ ՀՀ կառավարությունը միջանկյալ միջոց կիրառելու պահանջներ էր ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Այս ողջ ընթացքում ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը համակարգել է մեր հայրենակիցների կոնվենցիոն իրավունքների պաշտպանությանն ուղղված աշխատանքները և ակտիվորեն կապի մեջ է եղել գերեվարված անձանց հարազատների հետ։

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը շնորհակալություն է հայտնում նաև բոլոր այն գերատեսչություններին, միջազգային գործընկերներին և իրավապաշտպաններին, որոնք համագործակցել և շարունակում են համագործակցել Գրասենյակի հետ՝ ի պաշտպանություն մեր հայրենակիցների իրավունքների։

Անվտանգության նկատառումներից, ինչպես նաև իրավասության առանձնահատկություններից ելնելով՝ մեր կողմից իրականացված ոչ բոլոր աշխատանքներն են ամենօրյա կտրվածքով հրապարակվում, ինչի առնչությամբ շնորհակալություն ենք հայտնում ըմբռնման համար»,- նշված է հաղորդագրության մեջ։

ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը հորդորում է զերծ մնալ վերադարձած անձանց անունները կամ լուսանկարները հրապարակելուց և շրջանառելուց։




Լրահոս