«Վրեժը կլուծվի ճիշտ ժամանակին». Իրանի հոգևոր առաջնորդը խոստացել է վրեժխնդիր լինել գեներալ Սոլեյմանիի սպանության համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլլա Ալի Խամենաին ընդգծել է, որ Իրանը հնարավորության դեպքում անպայման վրեժխնդիր կլինի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» «Ալ Քուդս» հատուկ ստորաբաժանման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանիի սպանության հեղինակներից:

Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, Սոլեյմանիի նահատակության տարելիցին ընդառաջ իրանցի գեներալի ընտանիքն ու մի խումբ կազմակերպիչներ նրա հիշատակի ոգեկոչման արարողություններ են նախապատրաստում: Կազմակերպիչներից ոմանք այսօր հանդիպում են ունեցել հոգևոր առաջնորդի հետ:

«Նրանք, ովքեր պատվիրել են գեներալ Սոլեյմանիի սպանությունը, ինչպես նաև նրանք, ովքեր իրագործել են այն, կպատժվեն: Վրեժը կլուծվի ճիշտ ժամանակին»,- նրանց հետ հանդիպմանն ասել է այաթոլլա Խամենեին:

Հիշեցնենք, որ գեներալ-լեյտենանտ Ղասեմ Սոլեյմանին սպանվել է 2020 թվականի հունվարի 3-ին Իրաքի մայրաքաղաք Բաղդադի օդանավակայանի ուղղությամբ հասցված ամերիկյան ավիահարվածի ժամանակ:




Լրահոս