ԱՐԿԻ ԲԵԿՈՐՆԵՐԸ ՎԵՐՑՆԵԼՈՎ ԻՐ ՎՐԱ՝ ՓՐԿԵԼ Է 18-ԱՄՅԱ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի ընթացքում քաջաբար զոհվել է սպա Գեւորգ Կիրակոսյանը, ով արկի բեկորները վերցնելով իր վրա՝ փրկել է իր 18-ամյա զինվորների կյանքը:

 

Գեւորգը  Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է, պետք է ծառայության անցներ Ղրիմում, բայց վերջին պահին  հրաժարվել է՝ ասելով, որ ինքն իր հողում է ծառայելու:

Քաջարի մարտիկը պատրաստվում էր նշանադրվել, նոր կյանք սկսել, բայց ավաղ պատերազմը հավերժ ընդհատեց  նրա ե՛ւ սիրելի երազանքները, ե՛ւ ապագայի հետ կապված պլանները:

Գեւորգի հերոսական կերպարի եւ անավարտ երազանքների մասին ArmLur.am-ը զրուցել է նրա քրոջ՝ Էլզայի հետ:

«Գեւորգը զորակոչվել է հայոց բանակ որպես սպա 2019 թվականի օգոստոսին։ Սեպտեմբերի 12-ին եկավ արձակուրդ, շատ էինք կարոտել, քանի որ երկար ժամանակ արձակուրդ չէր եկել, բայց պատերազմի լուրն առնելուն պես շտապեց մեկնել Արցախ իր զինվորների մոտ։ Զինվորներն էլ զանգել ասել էին՝ կամադիր հասիր, առանց քեզ չենք կարող, դժվար է, չենք դիմանում։ Առանց մեկ վայրկյան մտածելու եկավ տուն, արագ իրերը հավաքեց ու գնաց…»,-արցունքն աչքերին պատմում է Գեւորգի քույրը։

Գեւորգ Կիրակոսյանն իր զինվորների հետ եղել է պատերազմի ամենաթեժ կետերում, կռվել է Մատաղիսիում, Հադրութում, Ջաբրայիլում։

«Պատերազմի ընթացքում Գեւորգի հետ շատ քիչ ենք խոսել, բացի այն, որ երկար խոսել չէր թույլատրվում, միշտ ասում էր կարճ կոնկրետ՝ ես լավ եմ, Դուք Ձեզ լավ նայեք։ Միայն մեկ անգամ եմ երկար զրուցել հետը, խմորողեն էի պատրաստել իր խնդրանքով եւ ուղարկել, զանգեց ասաց, որ շատ համով էր, որ գամ, էլի կպատրաստես ինձ համար: Ցավոք, դա եղավ մեր վերջին խոսակցությունը եւ վերջին խմորեղենը, որը պատրաստել եմ եղբորս համար»,-ասում է նա։

Մեր հերոսը իր շրջապատում հայտնի էր բացառիկ մարդասիրությամբ, համեստությամբ եւ, իհարկե, հայրենասիրությամբ. «Նրա մասին իր ընկերներից Գեւորգ Արշակյանը, ով նույնպես զոհվել է Շուշիում, հասցրել է գրել, որ Գեւորգն այնտեղ ունեցել է կամավոր ընկերներ, որոնց անվնաս կարողացել է տուն  ճանապարհել՝ գիտակցելով, որ հետ չեն գալու»։

Խոհեմ սպան, շատ լավ գիտակցելով, որ կարող է զոհվել, չի երկնչել, արկի բեկորները վերցրելով  իր վրա՝ փրկել է իր 18-ամյա անփորձ զինվորների կյանքը։

«Հոկտեմբերի 10-ի առավոտյան՝ հրադադարի առաջին օրը,  նրանք ստացել են նահանջի հրաման, քանի որ թիրախավորված են եղել թշնամու ԱԹՍ-ի կողմից։ Նա կարողացել է գրագետ կազմակերպել նահանջը, բայց…։ Այդ օրը ընդհատվեցին Գեւորգիս բոլոր երազանքները եւ, ամենակարեւորը, կայնքը։ Անգամ չհասցրեց նշանադրվել, նախ՝ համաճարակը պատճառ դարձավ, հետո էլ՝ պատերազմը, եւ այդպես անմահացավ՝ հանուն մեզ բոլորիս»,-հուզմունքով հավելում է մեր հերոսի քույրը։

ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

«ԴԱԴԱՐԵՑՆՈՒՄ ԵՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆՍ ԱԳՆ-Ի ՀԵՏ». ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի նախագահ Ռաֆայել Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում նոր գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ «Համահայկական աշխարհագրականը» դադարեցնում է իր համագործակցությունն ԱԳՆ-ի հետ։

 

«Հարգելի՛ ընկերներ, 17 տարի շարունակ  «Օտար, ամայի ճամփեքի վրա» եւ «Մերոնք» հաղորդումները համագործակցել են ՀՀ ԱԳՆ – ի հետ եւ միասին իրականացրել բազմաթիվ ծրագրեր:

ՀՀ ԱԳՆ – ն իրավամբ կարելի է համարել մեր հեռուստանախագծերի աջակիցն ու համահեղինակը, քանի որ առանց այդ պետական հաստատության օժանդակության, մենք չէինք կարողանա կյանքի կոչել այն հսկայածավալ ծրագրերը, որոնք դիտում են հայերն ամբողջ աշխարհում:

Հայտնում եմ իմ խորին երախտագիտությունը ԱԳՆ բոլոր նախարարներին, դեսպաններին եւ աշխատակիցներին այդ 17 տարիների համատեղ աշխատանքի համար:

Այսօրվանից «Համահայկական աշխարհագրականը» դադարեցնում է իր համագործակցությունն ԱԳՆ – ի հետ: Կարծում եմ՝ այնտեղ միայն ուրախ կլինեն, քանի որ ես, համարձակվելով պատասխանել Ալիեւին, խախտեցի այսօրվա հայկական դիվանագիտության սկզբունքները: Շնորհակալություն», – գրել է նա:

 

 

Ի՞ՆՉ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒՆԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏՈՒՆԸ

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տունը շարունակում է համալրվել Yamaha մակնիշի նոր գործիքներով: Այս մասին հայտնում են Կամերային երաժշտության ազգային կենտրոնից։ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանության եւ «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի միջեւ կնքված Ճապոնիայի կառավարության «Grassroots» մշակութային դրամաշնորհային աջակցության ծրագրով ԿԵԱԿ-ը ստացավ գոսեր (տիմպանիներ), մեծ եւ փոքր թմբուկներ, քսիլոֆոն, գլյոկենշպիլ, տուբուլար զանգեր, ձայնային-ֆոնային համակարգ, ձայնային-թվային վահանակ: Նշենք, որ դեռեւս սեպտեմբերին Կամերային տուն էր բերվել առաջին երաժշտական գործիքը՝ կլավինովան: Շատ շուտով Ճապոնիայից Հայաստան կժամանի նաեւ սպասված ռոյալը, որը, ինչպես եւ մյուս գործիքները, հնարավորություն կընձեռի է՛լ ավելի բարձր կարգի երաժիշտների հրավիրել եւ բարձրակարգ երկացանկ ընտրել:

 

 

 

ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԿԱՅԱՆԱ

Գեղասահքի Եվրոպայի առաջնությանը պետք է կայանար Զագրեբում հունվարի 25-31-ը, սակայն այն հետաձգվել է: Չի կայանա նաեւ Պեկինի Մեծ մրցաշարը: Սակայն դեռեւս հայտնի չէ՝ կհետաձգվի աշխարհի առաջնությունը, թե ոչ: Այն նախատեսված է մարտին Շվեդիայում: Մինչ այս հայտնի էր դարձել, որ Թինա Կարապետյան / Սիմոն Պրոուքս Սենեկալ պարային զույգն այժմ մարզվում է կանադական Մոնրեալում։ Կանանց մենասահքում Հայաստանի միակ ներկայացուցիչ Անաստասիա Գալուստյանը մարզումներն անցկացնում է Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում, որտեղ եւ նա ապրում է, իսկ Սլավիկ Հայրապետյանը նախապատրաստական շրջանն անցկացնում է Երեւանում:

 

 

ՄԱՐԶԻՉՆԵՐԸ ՊԱՏԺՎԵԼ ԵՆ

«Դինամո ՄՀԿ»-ում տեղի ունեցած բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Հայաստանի առաջնության կարգապահական հանձնաժողովը ոչ մարզական վարք դրսեւորելու համար պատժել է մի քանի մարզիչների: ՀՀ հավաքական թիմի գլխավոր մարզիչ Վահան Ադիլխանյանի, երիտասարդների ՀՀ հավաքական թիմի երկրորդ մարզիչ Գարիկ Բաղդասարյանի, կանանց ՀՀ հավաքական թիմի երկրորդ մարզիչ Հակոբ Մելքոնյանի, կրտսեր տարիքի պատանիների ՀՀ հավաքական թիմի ավագ մարզիչ Տիգրան Արմենակյանի գործունեությունը կասեցվել է, մինչեւ ՀԲՖ-ի կարգապահական հանձնաժողովը որոշում կընդունի տեսաձայնագրությունը դիտելուց հետո: Մրցաշարից անմիջապես հետո կասեցվել է նրանց մարզչական աշխատանքը հավաքական թիմերում մինչ կարգապահական հանձնաժողովի որոշումը:

 

 

ԱՌԱՋԻՆ ԳՈԼՆ Է ԽՓԵԼ

Ֆրանսիական «Լիլի» հարձակվող Թիմոթի Վեան առաջին գոլն է խփել եվրագավաթներում: 20-ամյա ֆուտբոլիստն աչքի է ընկել շոտլանդական «Սելթիկի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային մրցաշարի վերջին՝ 6 տուրի խաղում (2:3): Նյու Յորքում ծնված Թիմոթին Լիբերիայի նորընտիր նախագահ, ՊՍԺ-ի, «Միլանի», «Մանչեսթեր Սիթիի» ու «Չելսիի» նախկին ֆուտբոլիստ, 1995թ. «Ոսկե գնդակի» դափնեկիր Ջորջ Վեայի որդին է։ Նա հանդես է գալիս նաեւ ԱՄՆ-ի ազգային հավաքականում: Opta-ի համաձայն՝ Թիմոթի Վեան եվրագավաթներում աչքի է ընկել հոր խփած գոլից 21 տարի 37 օր անց: Այդ ժամանակ լեգենդար հարձակվողը խաղում էր «Միլանում»: Թիմոթի Վեան այս մրցաշրջանից առաջ ֆրանսիական ՊՍԺ-ից էր տեղափոխվել «Լիլ», որի հետ կնքել է 5 տարվա պայմանագիր:

 




Լրահոս