Կտրուկ թանկացումներ․ «Հայփոստ»-ը մտադիր է մի շարք ծառայությունների գները բարձրացնել․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Հայփոստ» ՓԲԸ-ն մտադիր է մի շարք ծառայությունների գները բարձրացնել: Մեզ հայտնի դարձավ, որ ընկերությունը նոյեմբերի 20-ին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով է ներկայացրել փոստային կապի ունիվերսալ ծառայությունների սակագների վերանայման հայտ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այն ընդունվել է ՀԾԿՀ-ի կողմից եւ այժմ ուսումնասիրվում է։ Պարզվում է, որ ընկերությունն առաջարկում է սակագները բարձրացնել: Իսկ նոր սակագները նախատեսվում է կիրառել հաջորդ տարվա փետրվարի 1-ից: Օրինակ, ՀՀ տարածքում հասարակ նամակի առաքման ծառայության գործող սակագինը 70 դրամ է, բայց ընկերությունն առաջարկում է սահմանել նոր սակագին՝ 340 դրամ: Այսինքն 270 դրամով այն, հնարավոր է, թանկանա: Իսկ պատվիրված նամակի (մինչեւ 20 գրամ քաշով) 120 դրամ գործող սակագինը ընկերությունն առաջարկում է սահմանել 350 դրամ: Տեղեկացնենք նաեւ, որ պատվիրված ծանրոցի դեպքում սակագին այժմ չկա, բայց «Հայփոստ»-ը առաջարկում է սահմանել 0-ից մինչեւ 1000 գրամի դեպքում 1000 դրամ, 1001 կգ-ից մինչեւ 10 կգ-ի դեպքում՝ 1 կգ դիմաց 200 դրամ: Բացի այս, նկատենք, որ որոշ ծառայությունների սակագներ հեռացվում են, իսկ մի մասն էլ մնալու է նույնը:

Հավելենք, որ հանձնաժողովը դեռ ուսումնասիրում է «Հայփոստ»-ի հայտը, հետեւաբար հնարավոր է, որ ընկերության առաջարկած սակագները փոփոխության ենթարկվեն:Ի դեպ, ըստ ընկերության՝ սահմանված սակագնային համակարգը տարածաշրջանի այլ երկրների ներհանրապետական փոստային նույնանման ծառայություններից էժան է 40%-ով։ Մյուս կողմից, ենթադրվում է, որ ընկերությունը վնասներ է կրում, ինչն էլ փոքր-ինչ մեղմացնելու նպատակով սակագների վերանայման հայտ է ներկայացրել»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս