ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ես ոնց կարամ թաղամասի հետ կապված ամեն ինչ իմանամ․ Մալաթիա վարչական շրջանի ղեկավար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ անմիջապես մայթի վրա շինարարություն է իրականացվում, իսկ ղեկավար Դավիթ Կարապետյանը ոչ միայն անտեղյակ է, այլև՝ անգործության է մատնված։ ArmLur.am-ը տեւական ժամանակ է՝ բնակիչներից դժգոհություններ է ստանում այն մասին, որ Անդրանիկի փողոցում (չհասած «Կայզեր» սուպերմարկետ) «Էքստերիեր գրուպ» շինանյութի խանութն, առանց չափազանցության՝ քաղաքացուց զավթել է մայթը: Ի դեպ, քաղաքացիների ահազանգի հետքերով ArmLur.am-ը եղավ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: «Էքստերիեր գրուպ»-ից որեւէ մեկի հետ չհաջողվեց կապ հաստատել:

Բնակիչների ահազանգը փոխանցեցինք վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանին. լսելով հարցի մասին՝ վարչական շրջանի ղեկավար Կարապետյանը խնդրեց ժամանակ՝ ճշտումներ անելու համար: ArmLur.am-ը, վարչական շրջանի ղեկավարին ժամանակ տվեց: Բայց թաղապետը մեզ հետ չկապվեց։ Կրկին զանգահարեցինք՝ հետաքրքրվելու՝ հասցրե՞լ էր ինչ որ բան ճշտել՝ իր ղեկավարած համայնքում կատարվող շինարարության մասին։ Պարզվեց՝ դարձյալ թաղապետն ամբողջությամբ չի տիրապետում իրավիճակին։ Անգամ տեղյակ էլ չէր, թե որ ընկերությունն է քաղաքացու մայթը սեփականություն դարձրել: Փոխարենը՝ մեզանից հետաքրքրվեց, թե որտեղից գիտենք, որ մայթը զավթվել է: Ապա՝ վստահ հայտարարեց, որ ինքը ճշտել է, մայթը չեն զավթել:

Վարչական շրջանի ղեկավարը զրույցի ընթացքում սկսեց հակասել իրեն. պարզվեց, որ վարչական շրջանի ղեկավարը տեղյակ է, որ քաղաքացիները մայթի բարակելու հետ կապված դժգոհություններ ունեն: Ի վերջո՝ մոլորված ղեկավարը զրույցի ընթացքում հիշեց, որ այս խնդիրը ծագել է 2013 թվականին, երբ քաղաքապետարանը ընկերության ընդլայնման դիմումը բավարարել է:

Բայց արձանագրենք, որ շինարարությունն այս պահին է իրականացվում, հենց Դավիթ Կարապետյանի պաշտոնավարման ժամանակահատվածում, քաղաքացիները բողոքում են, հենց Դավիթ Կարապետյանի պաշտոնավարման ժամանակահատվածում: Հարց է՝ ինչու Դավիթ Կարապետյանն առաջ չի տանում իր ղեկավարած վարչական շրջանի բնակիչների շահերը: Չէ որ Կարապետյանը 2013 թվականին տրված շինթույլտվությունը կարող է վիճարկել, կասեցնել կամ գոնե բարձրաձայնել այդ խնդրի մասին: Բայց երիտասարդը դրա փոխարեն որոշել է մեղքը գցել նախկին իշխանությունների վրա, ձեռքերը ծալել, հարմար տեղավորվել իր աշխատասենյակում:

Դավիթ Կարապետյանին բոլորս ենք ճանաչում. կհիշեք՝ նշանակվելու ժամանակ նրա կենսագրությունը մի քանի ամիս բացակայեց Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջից: Հետո՝ պարզվեց, որ Կարապետյանը ոչ միայն անցյալում կենսագրություն չունի, այլև անգամ դեռ բարձրագույն կրթություն չուներ: Կարապետյանը 2012 թվականից սովորում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետում։ Ասել է թե՝ վարչական շրջանի ղեկավարը 8 տարվա ուսանող է: Իսկ թե այսքանից հետո նա ինչպես կարող է վարչական շրջան ղեկավարել, արդեն հասկանալի է դառնում՝ հետևելով գործունեությանը։
Ի դեպ, տեղեկացնենք, որ 142 հազար 600 բնակիչ (քաղաքապետարանի տվյալներով) ունեցող Մալաթիա -Սեբաստիա վարչական շրջանն արդյոք պետք էր վստահել մի երիտասարդի, որը մի բուհ անգամ չի կարողանում ավարտել 8 երկար ու ձիգ տարիների ընթացքում: Հուսանք՝ այս սխալն առաջիկայում կուղղվի, որովհետեւ Կարապետյանն իսկապես ոչինչ չի անում իր համայնքի համար․ նա ուղղակի համայնքաին բյուջեից աշխատավարձ է ստանում եւ ունի անհասկանալի գործառույթներով ծանրաբեռնված աշխատակազմ:

Սյունէ Համբարձումյան
Հովսեփ Հովսեփյան

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում։




Լրահոս