Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշոր համայնքի մաս կազմող, սահմանամերձ Բերդավան գյուղը որոշել է Ամանորը նշել առանց գյուղամեջում տոնածառ զարդարելու, տոնական միջոցառումներ անցկացնելու, Ամանորի հրավառություննների։ Շուրջ 3500 բնակիչ ունեցող Բերդավան գյուղն Արցախում տեղի ունեցած պատերազմում կորցրել է գյուղի 3 բնակչի, 4 հոգի՝ այդ թվում բերդավանցու որդի, Այրում համայնքի Դեբեդավան գյուղի բնակիչ Արտաշես Ասատրյանը, անհետ կորած են։ Նշենք, որ վերջերս ադրբեջանական գերությունից Հայաստան վերադարձած, 2018թ․ հուլիսի 15-ից Ադրբեջանի տարածքում հայտնված 36-ամյա Կարեն Ղազարյանը Բերդավանի բնակիչ է։
Բերդավանն ավանդաբար ճոխ կերպով, տարատեսակ հետաքրքիր միջոցառումներով, համերգներով, թատերականացված հանդեսներով է նշում տարեմուտը, սակայն այս տարի այլ է, գյուղում սգում են հայրենակիցների կորուստը։ Բերդավան գյուղի վարչական ղեկավար Սմբատ Մուղդուսյանը ArmLur.am-ին ասաց, որ գյուղում հրավառությունն արգելելը եղել է Բերդավանի բնակիչների ցանկությունը, բեդավանցիները ցանկություն են հայտնել, որ գյուղի խանութներում արգելվի ճայթուկների վաճառքը։ Ս․ Մուղդուսյանը հայտնեց, որ նման արգելք չկա, սակայն գյուղի խանութները ճայթուկներ չեն վաճառում, դրանք խանութներում չկան։ Բերդավանում կարծում են, որ Ամանորն առանց հրավառության նշելու օրինակը կարող է տարածվել այն գյուղերում, որտեղ արցախյան պատերազմում զոհեր են եղել; Բերդավանցիենրը, արգելելով Ամանորին սահմանամերձ գյուղում հրավառություն իրականացնել, այնուամենայնիվ, կարծում են, որ բնակիչներն իրեենց տներում պետք է համեստորեն նշեն տարեմուտը։ Բերդավան գյուղի ֆեյսբուքյան էջում, հրավառության արգելքից զատ, նշված է նաեւ․
«Իհարկե, յուրաքանչյուրիդ իրավունքն է որոշել, թե ձեր տանը ինչպես կնշեք Նոր տարին, մանավանդ այն ընտանքները, ովքեր ունեն երեխաներ, անպայման պետք է հաշվի առնեն երեխաների մանկության անխախտ ընթացքը եւ ունենան թե՛ տոնածառ, թե՛ զարդարանք, բայց պետք չէ այդ ամենին ավելացնել նաեւ ճոխ սեղաններ ու ծախսեր։ Եթե պետք է գումար ծախսեք, ապա ծախսեք նպատակին՝ նվեր գնելով կորուստ կրած երեխաների, նրանց ընտանիքների համար, կամ ներդրեք ձեր լուման զինվորների հիմնադրամին։ Ամանորի գիշերը վառեք ձեր տան հավատի մոմը եւ մեկ մոմ ավել՝ ի հիշատակ մեր զինվորների, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն մեր կյանքի»։