Որ քրեական գործով է ձերբակալվել Առուշ Առուշանյանը․ մի քանի փաստ նրա անցյալից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ձերբակալվել է: Քաղաքապետի անվան շուրջ քրեական գործերն ու աղմուկը բազմաթիվ են եղել: Նա մշտապես եղել է իրավապահների տեսադաշտում: Նկատենք՝ նա ուշ գիշերին կոչ էր արել հավաքվել եւ թույլ չտալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիք:

Ներկայացնենք մի քանի փաստ նրա անցյալից, թե ինչ քրեական պատմությունների մեջ է նա եղել։

Օգոստոսի 28-ին՝ Գորիս քաղաքում, տեղի էր ունեցել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի մասնակցությամբ վիճաբանություն-ծեծկռտուքը: Միջադեպը արձանագրվել է վիճաբանության վայրում տեղադրված տեսախցիկով: Միջադեպը տեղի է ունեցել գիշերը ժամը 01:0-ի սահմաններում՝ Անկախության փողոցում գործող «Կառլսոն» խանութի հարևանությամբ, անձնական հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, որը վերածվել է ծեծկռտուքի: Պարզվել էր, որ Արթուր Գյուրջյանի հետ վիճաբանել են Գորիս քաղաքի բնակիչներ Առուշ Առուշանյանը, վերջինիս բարեկամը՝ 36-ամյա Էրիկ Աղաջանյանը և 30-ամյա Հարութ Լալազարյանը:

Փաստ 2.

Գորիսում կալանել էին կապալառու կազմակերպության՝ «Վահագն եւ Սամվել» ՍՊ ընկերության հինգ բեռնատար մեքենաները, որոնք Գորիսից խիճ ու ավազ էին տեղափոխում կառուցվող ճանապարհի համար։ Տաթեւ-Կապան ավտոմայրուղու ավազը մատակարարել է «Բեսթ Ռոուդե ընկերությունը, որը կապվում է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի հետ, եւ դա է պատճառը, որ իրավապահները կալանել են բեռնատարները, քանի որ քաղաքապետի անվան շուրջ քրեական գործեր են քննվում:

Փաստ 3

Ամիսներ առաջ Առուշ Առուշանյանը եւ նրա տեղակալ Մենուա Հովսեփյանի մասնակցությամբ միջադեպ էր եղել: Վերջիններս առեւանգել էին Գուրգեն Հ.-ին եւ ծեծի ենթարկել: Քրեական գործով փաստաբան Լուսինե Զեյնալյանը լրատմավիջոցների հետ զրույցում հայտնել էր, որ Գուրգեն Հ.-ն 2015 թվականից աշխատել է Գորիսի քաղաքապետին պատկանող մթերային խանութներից մեկում. Նախաքննական մարմինը այս քրեական գործի շրջանակներում հարցաքննության էր հրավիրել Առուշ Առուշանյանին, որը նախաքննական մարմիններին հայտնել է, որ նման բան չի եղել, ինքը մարդու չի առեւանգել, չի ծեծել:

Փաստ 4

Սյունիքի մարզի Խնձորեսկի բնակիչը 2017 թվականի նոյեմբերին եւ 2018 թվականի հունվարին դիմել էր համայնքի ղեկավարին համայնքային սեփականություն հանդիսացող խանութի եւ բաղնիքի շենքերի նկատմամբ իր իրավունքները, իբր, վերականգնելու խնդրանքով: Հայտնել էր, թե, իբր, շենքերն ինքն է կառուցել, բայց կառուցման հիմք հանդիսացող փաստաթղթերը չեն պահպանվել: Սակայն նախնական քննությամբ պարզվել է, որ դիմողի ընտանիքը տարիներ շարունակ առանց օրինական հիմքերի օգտագործել է շինությունները: Պարզվել էր նաեւ, որ համայնքապետարանի իրավասու պաշտոնատար անձինք չեն կատարել ծառայողական պարտականությունները: Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որն ուղարկվել էր Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Եվ ArmLur.am-ի տեղեկություններով, այս քրեական գործով դարձյալ անցնում է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, մասնավորապես՝ այն դրվագով, որ նա է այդ դիմումի տակ ստորագրող անձը եղել:

Եվ ահա, մեր տեղեկություններով նրան այսօր բերման ենթարկելու որոշումն էլ հենց կապ ունի այս գործերից մեկի հետ:




Լրահոս