ԵՄ-Ն ԴՐԱՄԱՇՆՈՐՀ Է ՀԱՏԿԱՑՆՈՒՄ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական միությունը հայտնել է Հայաստանի կառավարությանը Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների իրականացմանն աջակցելու նպատակով Հայաստանին 9 միլիոն եվրո դրամաշնորհ հատկացնելու մասին։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ-ում ԵՄ գրասենյակից, ԵՄ որոշումը դատական եւ իրավական բարեփոխումների եւ հակակոռուպցիոն ռազմավարությունների, մակրոտնտեսական կայունության, պետական ֆինանսական կառավարման եւ պետական բյուջեի թափանցիկության բարեփոխումների իրականացման առաջընթացի դրական գնահատանքի արդյունք է։

 

Համաձայն ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ստանդարտներին եւ հարակից ԵՄ-Հայաստան արդարադատության ոլորտի բարեփոխման ռազմավարական քաղաքականության երկխոսությանը՝ աջակցության այս փաթեթը կնպաստի արդարադատության համակարգում բարեվարքության եւ հաշվետվողականության ամրապնդմանը, ժամանակակից եւ որակյալ դատական ծառայությունների մատչելիության բարելավմանը եւ Հայաստանում մասնագիտացված հակակոռուպցիոն դատարանի ստեղծմանը։

Նշվում է, որ, կատարելով ֆինանսական ուղղակի ներդրում՝ ԵՄ-ն ընդգծում եւ աջակցում է ՀՀ կառավարության գովելի ջանքերը՝ ուղղված դատական եւ իրավական ոլորտի կարեւոր, համապարփակ օրենսդրական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումների առաջխաղացմանը, եւ դրանով իսկ ընդհանուր գործարար միջավայրի բարելավմանը։ Հայտարարված աջակցությունը տրամադրվում է՝ ի լրումն Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի, ինչպես նաեւ Արեւելյան գործընկերության տարածաշրջանում Եվրոպական միության եւ Եվրոպայի խորհրդի կողմից Գործընկերություն հանուն լավ կառավարման (ԳԼԿ) եւ «ԵՄ-ն հանուն բարեվարքության» շրջանակներում տարբեր նախաձեռնությունների միջոցով տրամադրվող այլ գործիքներին՝ ուղղված տեխնիկական աջակցության տրամադրմանը եւ կարողությունների զարգացմանը։

«Եվս մեկ անգամ ԵՄ-ի եւ Հայաստանի քաղաքացիներն ու ինստիտուտները միավորվում են լավ կառավարման եւ օրենքի գերակայության ուղղությամբ բարեփոխումների իրականացման նպատակի շուրջ: Եվրոպական միությունն ու իր անդամ պետությունները նպաստում են Հայաստանի դատական եւ դատախազական մարմինների հաշվետվողականության բարձրացմանը եւ պահանջում զրո հանդուրժողականություն կոռուպցիայի նկատմամբ։ Մենք կիսում ենք մարտահրավերը եւ միայն միասնաբար կկարողանանք հասնել հաջողության»,- նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը։ «Նախ կցանկանայի ընդգծել, որ 9 միլիոն եվրոյի հատկացումը արդարադատության ոլորտի բարեփոխումներին ուղղված բյուջետային աջակցության ծրագրով նախատեսված ընդհանուր 30 միլիոն բյուջեի առաջին տրանշի արժեքն է։ Կարեւոր է նաեւ վերահաստատել, որ դատաիրավական եւ հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացումը շարունակում է մնալ մեր կառավարության գերակա ուղղությունները, եւ մենք ուրախ ենք փաստել, որ այս մեկ տարվա ընթացքում ձեռք բերված լավ առաջընթացը արժանացել է նաեւ մեր եվրոպացի գործընկերների գնահատանքին: Մենք շնորհակալ ենք Եվրոպական միությանը արդարադատության ոլորտի ուղղությամբ շարունակական աջակցության եւ արդյունավետ համագործակցության համար»,- նշել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

 

 

 

ԽԱՂԱՂԱՊԱՀՆԵՐԸ՝ ՈՐՈՏԱՆ ԳՅՈՒՂՈՒՄ

Սյունիքի մարզի Որոտան գյուղի հատվածում ռուս խաղաղապահներ են տեղակայվել։ Այս մասին հայտնել է Սյունիքի մարզպետարանի մամուլի խոսնակ Արմինե Ավագյանը: Ըստ նրա՝ ռուս խաղաղապահները տեղակայվել են՝ ճանապարհի անվտանգությունն ուղղակի վերահսկելու համար։

 

 

ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆՔ

Ծանր եւ երկարատեւ հիվանդությունից հետո 80 տարեկան հասակում մահացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայրը՝ Վովա Փաշինյանը։ «Ժողովուրդ» օրաթերթի եւ ArmLur լրատվականի խմբագրությունը ցավակցում է վարչապետին ու ընտանիքին կորստի համար։

 

 

ԹԻՎՆ ԱՃԵԼ Է 1098-ՈՎ

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 1098-ով՝ հասնելով 150 հազար 218-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան եւս 27 դեպք. հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը: Այսօր՝ ժամը 11-ի սահմաններում, կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 1242-ով եւ հասել 128 հազար 694-ի: Իրականացվել է 3 հազար 272 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 554 հազար 909-ի: Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 11 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 2 հազար 556-ի, եւս 637 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 18 հազար 331 մարդ։

 

 

ՀՍԿՈՂԱԿԱՆ ՇՐՋԱՅՑԵՐ

Թեեւ հանրապետությունում ստեղծված իրավիճակում սննդամթերքի ամանորյա առեւտրի ծավալը զիջում է նախորդ տարիներին, սակայն նկատի ունենալով, որ արդեն որոշակի ակտիվություն նկատվում է, հաշվի առնելով նաեւ դրանով պայմանավորված ռիսկերը՝ Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները 2020 թվականի դեկտեմբերի 16-ից 30-ը առեւտրի կենտրոններում, պարենային ապրանքի խանութներում, սուպերմարկետներում կիրականացնեն հսկողական շրջայցեր: Կուժեղացվի սահմանային հսկողությունը:

Երեւանի սահմանային հսկիչ կետը, ինչպես նաեւ «Հանրապետական անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի լաբորատորիաները կաշխատեն նաեւ հանգստյան օրերին՝ ներկրման եւ արտահանման գործընթացներին օժանդակելու նպատակով: Սննդամթերքի անվտանգության պայմաններին ներկայացվող պահանջների անհամապատասխանությունների հայտնաբերման դեպքում կտրվեն դրանք շտկելու ցուցումներ ու հանձնարարականներ, իսկ վտանգավոր սննդամթերքը շրջանառությունից կհանվի եւ կոչնչացվի: ՍԱՏՄ-ն կշարունակի նաեւ Covid 19 կորոնավիրուսով պայմանավորված անվտանգության սահմանված նորմերի վերահսկողությունը իրացման ցանցում, արտադրություններում եւ հանրային սննդի օբյեկտներում:

 




Լրահոս