Դեկտեմբերի 15-ին Հայաստան վերադարձած 44 գերիների մեջ էր նաեւ կամավորական Գագիկը: Գագիկին առայժմ տեսել է միայն եղբայրը, իսկ վերջինիս մայրը՝ Կարինե Դավթյանը, ArmLur.am-ի հետ զրույցում ասում է, որ անհամբեր սպասում է որդու հետ հանդիպմանը:
«Գագիկս կամավորական է, պատերազմի առաջին օրվանից կամավոր մեկնել էր առաջնագիծ: Վերջին անգամ իր հետ խոսել էինք հոկտեմբերի 1-ին, իսկ հոկտեմբերի 2-ին արդեն ադրբեջանական տեսանյութերում գերիների մեջ տեսանք Գագիկիս: Նույն օրը դիմեցինք «Կարմիր խաչ» միջազգային կազմակերությանը, Եվրոպական դատարան, մարդու իրավունքների պաշտպանին, իսկ հիմա արդեն որդիս մեզ հետ է, եւ արդյունքն էլ տեսանք: Ես դեռ չեմ հասցրել տեսնել, բայց մյուս տղաս տեսել է: Դեռ ոչ մի բան չի պատմում, եւ այնպես էլ չէ, ոչ լավ տեղից է եկել: Առողջական խնդիրների մասին տեղյակ չեմ, բայց ծնկի շրջանում ցավեր ուներ: Սպասում ենք անալիզների պատասխանին, որից հետո կիմանանք, թե ինչ խնդիրներ կան»,-պատմում է տիկին Կարինեն, ով հուզված սպասում է որդու հետ հանդիպմանը:
Տիկին Կարինեն մեզ հետ զրույցում սրտնեղում է, որ որդին չափից դուրս նիհարել է, առանց այդ էլ նիհար էր:
Ի դեպ, մեկուկես տարի գերությունից հետո հայրենիք է վերադարձել նաեւ 19-ամյա զինծառայող Արայիկ Ղազարյանը, ով մարտական դիրքը լքել էր 2019թ. օգոստոսի 12-ին՝ հայտնվելով Ադրբեջանի տարածքում։
Արայիկն այս պահին բուժզննում է անցնում «Կանազի» զինվորական հոսպիտալում: Վերջինիս առողջական վիճակի այլ հարցերի շուրջ ArmLur.am-ը զրուցել է Արայիկի մոր՝ Կարինե Ղազարյանի հետ:
«Երբ տեսա, միանգամից գրկեցի, անվերջ համբուրում էի, չէի հավատում աչքերիս: Արայիկս նիհարած է, չեմ կարող ասել, որ լավ էր, դե իր պարագայում դա բնական բան է: Երբ մեզ տեսավ, միանգամից ճանաչեց, մեր համարներն անգիր հիշել է. երբ արդեն հասել են «Կանազի» զինվորական հոսպիտալ, մեր հեռախոսահամարներն ասել է, որպեսզի մեզ զանգահարեն: Արայիկիս մոտ մի քիչ խոսելու պահն է, շատ ցածր է խոսում, հանգիստ, եսիմ: Բոլորիս ճանաչել է, նորմալ խոսել: Հիմա սպասում ենք անալիզի պատասխաններին: Հյուսով եմ, որ ամեն ինչ նորմալ կլինի: Մարմինը, ճիշտ է, չեմ նայել, բայց ձեռքերը, մատները, դեմքը մանրամասն ուսումնասիրել եմ, ոչ մի սպի կամ կապտուկ չեմ նկատել: Իրականում մենք գիտեինք, որ ցուցակի մեջ Արայիկս էլ է լինելու, բայց չգիտեինք, թե երբ է գալու, այս խմբի մեջ լինելու է, թե չէ: Անակնկալ էր մեզ համար»,- հուզմունքով պատմում է Արայիկ Ղազարյանի մայրը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի ջանքերով Բաքվից Հայաստան է վերադարձել 44 հայ գերի։
Նշենք, որ այս փուլում վերադարձվում են այն հայ գերիները, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է Ադրբեջանի եւ Կարմիր խաչի կողմից:
Վերադարձել են ինչպես այս պատերազմում գերեվարված անձինք, այնպես էլ մինչեւ պատերազմը գերեվարվածները։
ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
ԼԵՄՊԱՐԴԸ ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է
Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մեկնաբանել է Անգլիայի առաջնության 13-րդ տուրում «Վուլվերհեմփթոնից» կրած պարտությունը 1։2 հաշվով։ «Ամեն բան պարզ է, մենք բավականաչափ լավ չխաղացինք: Մենք գիտեինք, որ մրցակիցն ուժեղ է, սակայն նրա գլխավոր զենքը հակագրոհներն են: Նրանք կազմակերպված պաշտպանվում էին եւ մեծ արագություններ զարգացնում առջեւի գծում: Մեր խաղացողները գիտեին այդ մասին եւ տեսան դա խաղի ընթացքում: Եթե մրցակցին թույլ տաս օգտագործել իր ուժեղ կողմերը, դա կարող է բերել պարտության: Մենք նրանց թույլ տվեցինք անցկացնել հակագրոհներ, ինչի համար պատժվեցինք: Մեր թիմը դեռ կայացման փուլում է եւ պետք է սովորի այսպիսի խաղերում: Վստահ եմ, որ դեռ մեծ աշխատանք ունենք կատարելու մրցակիցներից հետ չմնալու համար, այդ պատճառով կարող եմ ասել, որ այս խաղի արդյունքը չզարմացրեց ինձ: Դա լուրջ դաս կլինի խաղացողների համար»,- ասել է անգլիացի մասնագետը: Հիշեցնենք, որ «Վուլվերհեմփթոնը» հաղթական գոլը խփել էր ավելացված 5-րդ րոպեին: «Չելսին» 22 միավորով 5-րդ տեղում է:
ՀՐԱՇԱԼԻ ՄՐՑԱՇՐՋԱՆ
Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հրաշալի մրցաշրջան է անցկացնում իտալական «Ռոմայում»: Այս մրցաշրջանում 31-ամյա կիսապաշտպանը «Ռոմայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 16 հանդիպում եւ դարձել 7-ական գոլի ու գոլային փոխանցման հեղինակ: «Գոլ+փոխանցում» հաշվարկով նա կիսապաշտպանների շրջանում լավագույնն է Եվրոպայի 5 առաջատար առաջնություններում (Անգլիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա): Իտալիայի ընթացիկ առաջնությունում Մխիթարյանը մասնակցել է 11 խաղի եւ դարձել 6 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ: Եվրոպայի լիգայում նա անցկացրել է 5 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի ու 2 գոլային փոխանցման հեղինակ:
ՄԵԿՆԱԲԱՆԵԼ Է
Կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիի հայրը մեկնաբանել է որդու՝ ֆրանսիական ՊՍԺ տեղափոխվելու մասին լուրերը: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Խորխե Մեսին ՊՍԺ-ի հետ բանակցությունների համար մեկնել է Քաթար: «Դա սուտ է, հերթական մտացածին բանը: Սեպտեմբերից ես Արգենտինայում եմ»,- սոցցանցերում գրել է Մեսիի հայրը: Հիշեցնենք, որ այս ամռանը 33-ամյա Մեսին ցանկանում էր հեռանալ «Բարսելոնայից», սակայն ակումբը բաց չթողեց նրան: Արգենտինացին 2003 թվականից է հանդես գալիս կատալոնացիների գլխավոր թիմում, որի հետ նվաճել է 34 տիտղոս: